ՊԵԿ-ը վերանայել է արգելադրման աշխատանքների իրականացման ձեւաչափը

10.06.2020 | 12:27 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #հարկային պարտավորություններ
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) տեղեկացնում է, որ Հայաստանում կորոնավիրուսի տարածման պայմաններում հարկային պարտավորությունների կատարումն ապահովող միջոցների կիրառումը կիրականացվի նպատակային:

ՊԵԿ-ում մշակվել է «ՀՀ-ում կորոնավիրուսի (COVID-19) տարածմամբ պայմանավորված՝ հարկային եւ մաքսային կարգապահության ապահովմանն ուղղված միջոցառումների ծրագիր», որի շրջանակում, ի թիվս այլոց, կարեւորվել է արգելադրման աշխատանքների իրականացման նպատակային ուղղվածությունը:

«ՀՀ հարկային օրենսգրքի 430-րդ հոդվածում կատարված փոփոխության համաձայն` հարկ վճարողների գույքի նկատմամբ արգելանքի կիրառման համար չկատարված հարկային պարտավորությունների շեմը 500 000 դրամից բարձրացվել է 1,5 մլն դրամ:

Այսպիսով` նախատեսվում է առաջնային կարգով արգելանք կիրառել այն հարկ վճարողների գույքի նկատմամբ, որոնց 1,5 միլիոն դրամը գերազանցող պարտավորություններն առաջացել են մինչեւ 16․03․2020 թվականը, այսինքն` մինչեւ Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելը: Այդ ժամանակահատվածում հարկային պարտավորությունները չկատարած տնտեսվարողների նկատմամբ որեւէ բացառություն չի կատարվելու, քանի որ նրանք ունեցել են լիարժեք գործունեություն իրականացնելու հնարավորություն:

Ինչ վերաբերում է մարտի 16-ից հետո առաջացած 1,5 միլիոն դրամը գերազանցող պարտավորություններին, ապա նախատեսվում է նշված պարտավորությունների ապահովման նպատակով արգելանքներ կիրառել այն հարկ վճարողների գույքի եւ դրամական միջոցների նկատմամբ, որոնք նախքան արտակարգ դրությունը պարբերաբար չեն կատարել հարկային պարտավորությունները, եւ նրանց գույքի նկատմամբ կիրառվել են արգելանքներ»,- ասված է հաղորդագրությունում:

ՊԵԿ-ից նաեւ հայտնում են, որ արգելանքներ չեն կիրառվելու այն հարկ վճարողների գույքի նկատմամբ, որոնք հայտարարված արտակարգ դրության պայմաններում զրկված են եղել ակտիվ գործունեություն իրականացնելու հնարավորությունից, եւ որոնց 1,5 միլիոն դրամը գերազանցող պարտավորություններն առաջացել են մարտի 16-ից հետո։
Դիտում՝ 888
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW