The Boston Consulting Group (BCG) խորհրդատվական ընկերությունը հրապարակել է իր նոր զեկույցը՝ նվիրված բանկերի եկամուտների կառավարմանը ճգնաժամի պայմաններում։ Ներկայացնում ենք որոշ հատվածներ զեկույցից։Բանկային հատվածին չհաջողվեց խուսափել COVID-19 համավարակի պատճառով առաջացած ճգնաժամի ուղղակի եւ անուղղակի լուրջ հետեւանքներից։ Մանրածախ բանկերից շատերում կրճատվեցին վարկային հայտերը․ աշխատանքը կորցնելու, ինչպես նաեւ աշխատավարձի կրճատման պատճառով հաճախորդները ստիպված եղան հետաձգել արձակուրդներն ու խոշոր գնումները։Ճգնաժամի շարունակվող հետեւանքները ներառում են վարքագծային փոփոխություններ, ինչի արդյունքում հաճախորդները վերանայում են իրենց կարիքները եւ անցնում հեռահար բիզնես գործունեության՝ օգտվելով թվային ուղիներից։ Այս փոփոխություններից մի մասը կարող է ժամանակավոր բնույթ կրել, մինչդեռ մյուսները հետագա տարիների համար կփոխեն բանկային գործունեության կառուցվածքը։ Անցումը դեպի թվայնացում պետք է սկսվի աստիճանաբար, իսկ հետագայում դառնա ավելի ագրեսիվ։Գնագոյացումն ու եկամուտների կառավարումը կարեւոր դեր կխաղան այս փոխակերպման գործընթացում՝ օգնելով բանկերին վերափոխել ծառայություններն ու գնային առաջարկները։***Նախկին գաղափարները եւ ուղենիշները դառնում են ոչ ակտուալ։ Բանկերը՝ գնագոյացման եւ եկամուտների կառավարման մասով ընթացիկ եւ ապագային միտված որոշումներ կայացնելու համար այլեւս չեն կարող հիմնվել կուտակած գիտելիքների եւ պատմական տվյալների վրա։ Որքանո՞վ է կարեւոր ընկերությունների 2018 կամ 2019 թթ․ ֆինանսական հաշվետվությունը՝ 2020թ․վարկավորման որոշում ընդունելու համար, այն դեպքում, երբ աշխարհն այսօր լրիվ այլ է։ Դժվար է դարձել երկարաժամկետ կանխատեսումներ անել՝ ինչպես մակրո-, այնպես էլ միկրոտնտեսական մակարդակներում։ Ուստի, բանկերին անհրաժեշտ է փոխել որոշումներ կայացնելու ձեւը։ Բանկերը պետք է կենտրոնացնեն իրենց ուշադրությունն արագության ու ճկունության վրա եւ օգտագործեն ամենավերջին տվյալները, կատարեն արագ փորձարկումներ՝ նոր ծառայություններ գործարկելու համար։ 01.06.2020 | 15:33 BCG. Աշխարհի աշխատուժի կեսից ավելին կարող է կորցնել աշխատանքը Անցումը դեպի թվային տեխնոլոգիաներ արագանում է։ Մարդիկ, որոնք այսօր ստիպված են հեռահար կատարել իրենց բանկային գործարքները, կարող է չցանկանան վերադառնալ ֆիզիկական մասնաճյուղեր։ Բանկերը պետք է վերանայեն իրենց մոտեցումները, որպեսզի փոխհատուցեն մարդկային փոխգործակցության կորուստը։***Փոփոխություններին արդյունավետ արձագանքելու եւ ապագային պատրաստվելու համար բանկերին անհրաժեշտ է գործել անհապաղ, իսկ հետո ադապտացնել, կատարելագործել եւ ներդնել աշխատանքի նոր մեթոդներ մոտակա տարիների համար։ Հաղթող դառնալու համար բանկերը պետք է արմատապես փոխեն իրենց մոտեցումը գնագոյացման ու եկամուտների կառավարման նկատմամբ։Օժանդակության տրամադրումը եւ կառավարությունների կողմից ներդրվող նոր միջոցները (օրինակ, վճարումների հետաձգումը) կարող են ուղղակիորեն օգնել հաճախորդներին, մինչդեռ գնագոյացման եւ եկամուտների կառավարման այլ փոփոխությունները կարող են ազդել հաճախորդների վարքագծի վրա։Օրինակ, բանկերը կարող են կիրառել տարբեր միջոցներ անհպում գործարքների ավելացման ուղղությամբ։ Առաջին հերթին, նրանք կարող են համագործակցել կարգավորիչների եւ վճարային ընկերությունների հետ՝ առանց PIN կոդի գործարքների առաջմղման եւ համապատասխան սահմանաչափերի ավելացման համար։ Ճգնաժամի փուլում հաճախորդներին օգնելու նպատակով Նիդերլանդներն արդեն ավելացրել են նման գործարքների սահմանաչափը՝ €25-ից մինչեւ €50։ Լեհաստանը եւս նմանատիպ քայլ է արել։ Երկրորդ հերթին, բանկերին առաջարկվում է թույլատրել եւ խթանել քարտերի միգրացիան դեպի մոբայլ դրամապանակներ, որոնց համար չի պահանջվում հեռախոսից PIN կոդի իրավազորում։ Դրանից բացի, բանկերը կարող են բարձրացնել իրենց ծառայությունների մակարդակը՝ մոտակա ամիսներին մենեջերների համար սահմանելով ղեկավարման նոր սկզբունքներ՝ վիրտուալ փոխգործակցության եւ բարձրաստիճան հաճախորդների հետ ավելի ակտիվ հաղորդակցման միջոցով։ Վերջիններս հազիվ թե օգտագործեն թվային ուղիները։***Բանկերը պետք է պատրաստվեն ամենախիզախ քայլին՝ վերաիմաստավորեն իրենց եկամուտների մոդելը, որպեսզի հաշվի առնեն անընդհատ տեղի ունեցող փոփոխությունները ճգնաժամի ժամանակ եւ դրանից հետո։ Հնարավոր է՝ այստեղ որոշիչ կլինեն թվային տեխնոլոգիաների ներդրման ավելի արագ ժամկետները։Բանկերը կարող են սպասել փոփոխությունների իրենց պրոդուկտային սեգմենտներում՝ ի շնորհիվ անհպում եւ, անգամ, առանց քարտերի կիրառության վճարային լուծումների նկատմամբ ավելացած պահանջարկի։ Բանկերը հնարավոր է բախվեն միջազգային գործարքների թվի նվազման հետ։ Այս փոփոխությունները կարող են էական ազդեցություն թողնել ավանդական հիմնական եկամուտների հոսքերի վրա։Այս ազդեցությունների գնահատականը պետք է հնարավորություն տա բանկերին հասկանալ, թե իրենք ծախսերի ինչ մակարդակ կարող են ապահովել եւ, հետեւաբար, որքանով է իրենց անհրաժեշտ ճշգրտել բիզնես եւ օպերացիոն մոդելները։ Ճշգրտման մակարդակը կարող է զգալիորեն տատանվել։ Այն ժամանակ, երբ թվային տեխնոլոգիաներին (ինչպիսին ֆինտեխն է) միտված ֆինանսական հաստատություններն արդեն հնարավորինս լավ են պատրաստված նոր ապագային, ավանդական մասնաճյուղային բանկերը պետք է պատրաստվեն ավելի արմատական փոփոխությունների։ Մանրածախ բանկին կարող է պահանջվել կանոնակարգել իր ամենօրյա ծառայությունների փաթեթը՝ օրինակ, վերաիմաստավորելով դրա տրամաբանությունն ու բովանդակությունը, ինչպես նաեւ մոնետիզացիայի արդյունավետ բանաձեւի ընտրության միջոցով։ Կորպորատիվ հաճախորդների եւ փոքր բիզնեսը սպասարկող բանկի մոտ կարող է առաջանալ հաճախորդների ավելի հստակ սեգմենտավորման անհրաժեշտություն։ Դա հնարավորություն կտա բանկին առաջարկել դիվերսիֆիկացված ծառայություններ՝ հաճախորդների տարբեր խմբերի համար ավելի հարմար արժեքով։ Զեկույցն ամբողջությամբ հասանելի է այս հղումով։ Tweet Դիտում՝ 3672