Քննարկվել է ֆիզանձանց եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրման հարցը

01.06.2020 | 09:12 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #ֆիզանձանց եկամուտների հայտարարագրում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մայիսի 30-ին կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Հայաստանում ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրման վերաբերյալ:

Քննարկմանը մասնակցել են համապատասխան պետական գերատեսչությունների ղեկավարները, Ազգային ժողովի շահագրգիռ հանձնաժողովների ներկայացուցիչ պատգամավորներ:

Վարչապետն ասել է, որ Հայաստանի քաղաքացիներն արդարացի կերպով երկար տարիներ կառավարությունից պահանջել են եւ շարունակում են պահանջել թափանցիկություն:

«Ես կարծում եմ, որ մեր կառավարությունն այս առումով շատ թափանցիկ է, առավել թափանցիկ է, քան Հայաստանի որեւէ կառավարություն եղել է, բայց մենք կառավարության գործունեության այս թափանցիկության պրոցեսում շարունակելու ենք առաջ գնալ: Մյուս կողմից՝ կարծում եմ, որ, ի վերջո, թափանցիկությունը պետք է դառնա ազգային մտածելակերպ եւ մենթալիտետ, որովհետեւ, ի վերջո, կառավարության անդամներն այդ կարգավիճակում հայտնվում են ոչ ի ծնե: Նրանք քաղաքացի են եւ քաղաքացիական կյանքում արդեն թափանցիկության կանոնների որդեգրումը պետք է մեզ բոլորիս օգնի, որ հետագա կյանքում, անկախ նրանից՝ ինչ կարգավիճակ կունենանք եւ ինչ կարգավիճակում կաշխատենք, այդ թափանցիկությունը դառնա ուղղակի սովորական:

Այնպես որ, կարծում եմ՝ շատ կարեւոր է, որ մենք ունենանք քաղաքական կամք՝ այս բոլոր փոփոխությունները հետեւողականորեն կյանքի կոչելու համար: Տվյալ ժամանակաշրջանում 2 սկզբունքային փոփոխություն կա. դրանցից մեկը գույքահարկի համակարգում մեր առաջարկած նոր համակարգն է, եւ երկրորդը՝ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրումը:

Ընդ որում՝ այս համակարգի կարեւորությունն ու անհրաժեշտությունը մենք արձանագրեցինք մեր հակաճգնաժամային ծրագրերի իրականացման համատեքստում, երբ բախվեցինք այն իրավիճակին, որ երբեմն հնարավոր չի լինում որոշել, ի վերջո՝ ով է սոցիալապես անապահով, եւ ով է սոցիալապես ապահով, ով է, որ ունի ռեալ՝ պետական 60 000 դրամ կամ 100 000 դրամ աջակցության կարիքը, ով է, որ չունի այդ կարիքը: Եվ մենք ակնհայտորեն բախվել ենք իրավիճակների, երբ մարդիկ, ովքեր ակնհայտորեն չունեին այդ աջակցության կարիքը, ստացել են դա, եւ մարդիկ, ովքեր ունեին այդ աջակցության կարիքը, չեն ստացել:

Եվ մենք արձանագրեցինք՝ եթե ունենայինք եկամուտների համընդհանուր հայտարարագրման մեխանիզմ, ըստ էության, շատ չէինք տանջվի այս թեմայի վրա, եւ մեզ համար աջակցություն ունեցող մեր քաղաքացիների պատկերը պարզ կլիներ ընդամենը 1-2 համակարգչային գործողություն կատարելու արդյունքում: Ընդ որում՝ այդ պատկերը կունենայինք անուն-ազգանուն, հեռախոսի համար, հասցեով, ինչը կհեշտացներ նաեւ այդ օգնությունը տեղ հասցնելը, որովհետեւ եկեք արձանագրենք, որ մենք նույնիսկ մի քանի ծրագրերով ուղղակի շաբաթներ ենք ծախսել, որպեսզի գտնենք այն մարդկանց, ում այդ գումարը պետք է տանք։ Սա, իր հերթին, բերել է լրացուցիչ բարդությունների, առավել եւս, որ մենք, ինչպես ասացի, համոզված չենք, որ գտել ենք հենց այն մարդկանց, ում պետք է գտնեինք, մի շարք դեպքերում չենք գտել այն մարդկանց, ում լավ կլիներ, որ գտնեինք: Այնպես որ, իսկապես, եկել է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրման ժամանակը: Այսպիսի բարեփոխումներ անելու համար շատ լուրջ քաղաքական կամք է պետք, եւ մենք ունենք այդ քաղաքական կամքը»,- նշել  է Նիկոլ Փաշինյանը:

Խորհրդակցության ընթացքում ներկայացվել է Հայաստանում ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի ընդհանուր նկարագիրը: Անդրադարձ է եղել հայեցակարգի ներդրման նպատակներին, առաջարկվող ժամանակացույցին, հաշվետվողականության ու վերահսկողության մեթոդաբանությանը, հարկաբյուջետային ազդեցությանը:

Քննարկվել են ֆիզիկական անձանց եկամուտների համատարած հայտարարագրման գործընթացի կազմակերպման մեխանիզմներին, անհրաժեշտ օրենսդրական գործիքակազմին, շահառուների տարբեր խմբերի հայտարարագրման առանձնահատկություններին, անհատական հայտարարագրման մշակույթի ձեւավորմանը, համատարած հայտարարագրման ազդեցության գնահատմանը, համակարգի ներդրման շուրջ քննարկումների անցկացմանը վերաբերող հարցեր:

Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին՝ շարունակել համատեղ քննարկումները, ինտենսիվ աշխատել խորհրդարանական գործընկերների հետ՝ համակարգի արդյունավետ ներդրման եւ գործարկման փոխհամաձայնեցված մոտեցումներ ձեւավորելու ուղղությամբ:
Դիտում՝ 820
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW