Երեւան /Մեդիամաքս/. OMX-ի տարածաշրջանային մենեջեր Յոհան Ֆրեդհոլմի բացառիկ հարցազրույցը ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանն ու Banks.am պորտալին- Այս տարվա հունվարի 7-ին OMX-ը դարձավ Հայաստանի Ֆոնդային Բորսայի (Armex) եւ Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի բաժնետոմսերի 100%-ի սեփականատերը: Ինչպիսի՞ փոփոխություններ են տեղի ունեցել այս ժամանակահատվածում այդ երկու կառույցների աշխատանքներում: - Այսօր մեր առաջին խնդիրը Հայաստանի Ֆոնդային Բորսան եւ Կենտրոնական դեպոզիտարիան NASDAQ OMX Group խմբի մեջ ինտեգրելն է:OMX-ի եւ NASDAQ-ի միաձուլումն ավարտվեց փետրվարի 27-ին նոր ընկերության ստեղծմամբ, որը կոչվում է NASDAQ OMX Group: Դա նշանակում է, որ Armex-ի եւ Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի սեփականատերը աշխարհում խոշորագույն բորսայական օպերատորն է:- Ե՞րբ եք նախատեսում ավարտել ինտեգրման գործընթացը: - Մենք նախկինում եւս իրականացրել ենք նմանատիպ ձեռքբերումներ եւ աշխատում ենք ինտեգրման գործընթացն ավարտել 100 օրվա ընթացքում: Իհարկե, որոշ գործընթացներ կարող են ավելի շատ ժամանակ պահանջել, սակայն աշխատանքի հիմնական մասը պետք է ավարտվի 100 օրվա ընթացքում:- Ինչպիսի՞ն են OMX-ի կարճաժամկետ եւ երկարաժամկետ ծրագրերը Հայաստանում: Մասնավորապես, ի՞նչ եք նախատեսում անել 2008 թվականի ընթացքում: - Անշուշտ մենք մեծ ծավալի աշխատանք պետք է կատարենք, սակայն շուկան աշխատեցնելու համար պետք է սկսենք IPO-ներից եւ հեռանկարային ընկերություններին բորսայական հարթակ ներգրավելուց և ցուցակելուց, որոնցում մարդիկ հետաքրքրված կլինեն ներդրումներ անել: Դա անելու համար մենք պետք է որոշակի փոփոխութուններ մտցնենք շուկայի աշխատանքում, այն դարձնենք ավելի արդյունավետ, թափանցիկ եւ ներդրողների հակար ավելի մեծ վստահություն ներշնչող: Ներկայումս մենք զբաղված ենք ներքին գործընթացների բարելավումներով, ինչպես նաեւ փնտրում ենք Armex-ում առաջին IPO-ներն անցկացնելու թեկնածուներին:- Անցած տարվա հունիսին OMX Group-ի ավագ փոխնախագահ Հենրի Բերգստրոմը հայտարարել էր Հայաստանի կապիտալի շուկայում “հեղափոխության” անհրաժեշտության մասին: Նա նշում էր, որ Հայաստանի կապիտալի շուկան գտնվում է վերակենդանացման իրավիճակում, “երբ դժվար է շնչել եւ սնվել, իսկ սիրտը գտնվում է վատ վիճակում”: Ինչպիսի՞ իրավիճակում է գտնվում շուկան այսօր: - Ես տեսնում եմ իրավիճակի բարելավման մեծ կամք: Բոլոր կողմերը` կարգավորող մարմինը, բրոքերներն ու շուկայի մյուս մասնակիցները չափազանց շահագրգռված են դրական զարգացման մեջ և մենք, իհարկե, ուրախ ենք լինելու այս գործընթացի մի մասը, սակայն դրա իրագործումը պահանջում է համատեղ աշխատանք շուկայի բոլոր մասնակիցների ներգրավմամբ: Գոյություն ունի հզոր ներուժ, եւ իսկապես զարգացման լավ գործընթաց է սկսվում հիմա: - Հայկական շուկայի խնդիրներից մեկը OMX-ն անվանում էր ծառայությունների տեսականու սահմանափակությունը: OMX-ի ներկայացուցիչները հայտարարում էին, որ խնդիրների լուծումը հարկավոր է սկսել ենթակառուցվածքների ոլորտում: Ի՞նչ է արվել այդ ոլորտում: - Կարելի է նշել ռիսկերի կառավարումը կամ նախնական դեպոնացման համակարգը: Մենք ուսումնասիրում ենք կանոնների փոփոխման տարբերակները, որպեսզի բարելավենք նախնական դեպոնացման համակարգը և այն առավել ճկուն դարձնենք: Հետագայում նախատեսվում է այն փոխարինել ռիսկերի կառավարման ավելի կատարելագործված ընթացակարգերով: Ներդրումների տեսակետից շուկայի իրական անբավարարությունը շուկայում ներդրողների համար հետաքրքրություն ներկայացնող բաժնետոմսերի բավարար քանակի պակասն է, եւ հենց այդ պատճառով էլ մենք ակտիվորեն աշխատում ենք Հայաստանում IPO-ներ իրականացնելու համար անհրաժեշտ պայմանների բարելավման ուղղությամբ:- OMX-ի ներկայացուցիչները նաեւ նշում էին, որ կապիտալի շուկայի զարգացման նախպայման կարող են դառնալ Հայաստանում կենսաթոշակային բարեփոխումները: Ինչպե՞ս է ընթանում այդ գործընթացը: - Որքան տեղյակ եմ, ծրագրեր կան Հայաստանում ներդնել կենսաթոշակային հիմնադրամների համակարգը, որը մարդկանց թույլ կտա միջոցներ ներդրնել կենսաթոշակային հիմնադրամներում, որոնք էլ իրենց հերթին լավ հնարավորություններ կունենան Հայաստանում ներդրումներ իրականացնել: Շուկայի զարգացման համար շատ կարեւոր կլինի, եթե ընկերություններն իմանան, որ կենսաթոշակային համակարգում կա կապիտալ և որ այն ներդրվելու է Հայաստանում: Դա ընկերություններին կոգեշնչի իրականացնելու IPO-ներ, քանի որ նրանք վստահ կլինեն միջոցների առկայության մեջ: Բացի այդ, այդ տեսակի կենսաթոշակային համակարգն ընդհանուր առմամբ շահավետ կլինի Հայաստանի համար, քանի որ այն կնպաստի, որպեսզի կապիտալը մնա երկրում և միաժամանակ հանրապետության քաղաքացիների համար լավ եկամուտ եւ թոշակ կապահովի:- Հայաստանում տարածված կարծիք կա, որ արժեթղթերի շուկայի զարգացմանը խոչընդոտում է տեղական մտածելակերպը: Դուք արդեն երկու ամիս է ինչ այստեղ եք աշխատում, ի՞նչ կարող եք ասել այդ մասին: - Ես շփվում եմ տեղական ընկերությունների ներկայացուցիչների հետ եւ տեսնում եմ, որ ի հայտ է գալիս գործարարների նոր սերունդ, որը հասկանում է թափանցիկ աշխատանքի գրավչությունն ու ստվերում մնալու պատճառով ի հայտ եկող խնդիրները: Թափանցիկության մեծագույն օգուտներից մեկն այն է, որ ներդրողները ձեզ են վստահում իրենց միջոցների տնօրինությունը, որն իր հերթին նշանակում է, որ ձեզ ավելի մեծ կապիտալ էի հասանելի, քան դուք կարող եք ձեռք բերել այլ միջոցներով: Դա ընկերություններին թույլ է տալիս ավելի արագ աճել, եւ վերջնական արդյունքում հաջողությամբ մրցակցել այն ընկերությունների հետ, որոնք այդ օգուտներն այդքան շուտ չհասկացան: Կարծում եմ նաեւ, որ հայկական մտածելակերպը լավ ձեռնարկատիրական ունակություններ է նախատեսում եւ այդ պատճառով հայերի մեծամասնությունը շահագրգռված կլինի լավ ներդրումներ անելու հնարավորության մեջ: Կարծում եմ, որ կապիտալի շուկան հետաքրքիր կլինի բոլոր հայերի համար` որպես գումար ներդնելու եւ լավ շահույթներ ստանալու հարմար վայր: Եվ այս տեսանկյունից կապիտալի շուկան շատ սազական է հայկական մտածելակերպին: Կարեւորն այն փաստն է, որ հայերը կարող են իրենց գումարները ներդնել Հայաստանում` մի շուկայում, որն ունի աճի շատ լավ հեռանկարներ: Մեկ այլ առավելությունն այն է, որ դուք ավելի շատ տեղեկություններ ունեք տեղական, քան արտասահմանյան ընկերությունների մասին: Այս առումով մենք իրոք ցանկանում ենք երաշխավորել այնպիսի պայմաններ, որոնց դեպքում հնարավոր կլնի ներդրումներ կատարել հայկական ընկերություններում, ինչը Հայաստանի տնտեսության համար կնշանակի, որ կապիտալը կմնա երկրում` այդպիսով նպաստելով տնտեսության զարգացմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը: Հայաստանում շատ են լավ ընկերությունները, եւ ես հավատում եմ, որ դրանք ապագային միտված ներդրումային լավ հնարավորություններ կընձեռեն նաև Հայաստանի ժողովրդին: Tweet Դիտում՝ 6548