«Արվում է առավելագույնը վարկառուների եւ ավանդատուների պատշաճ սպասարկումն ապահովելու նպատակով»

14.05.2020 | 11:30 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀԲՄ #Մհեր Աբրահամյան
Վերջին օրերին ֆինանսական համակարգի դեմ ուղղված չարտոնված բողոքի ակցիաներին եւ ԶԼՄ-ներից ստացվող հարցումներին ի պատասխան՝  Հայաստանի բանկերի միությունը (ՀԲՄ) ներկայացնում է ՀԲՄ նախագահ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը։ Ի թիվս վերոնշյալ հարցերի, անդրադարձ է կատարված նաեւ երկրում հայտարարված արտակարգ դրության պայմաններում բանկային համակարգի գործունեությանը եւ իրականացվող միջոցառումներին։

-Պարոն Աբրահամյան, ինչպե՞ս կարձագանքեք նախորդ օրերին ԿԲ առջեւ անցկացվող բողոքի ակցիաներին։

- ՀԲՄ-ն միանշանակ խստորեն դատապարտում է ֆինանսական համակարգի կայունության դեմ ուղղված ցանկացած միջոցառում: Չպետք է մոռանալ, որ երկրում հայտարարված արտակարգ դրության պայմաններում, բանկային համակարգն առաջիններից էր, որ արձագանքեց եւ համապատասխան քայլեր ձեռնարկեց բանկի հաճախորդ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց աջակցելու նպատակով։ Ուստի նման պայմաններում պարզապես անընդունելի է նման վարքագիծը:


Նշեմ, որ բանկերի մասով հնչեցրած մեղադրանքներն իրականությանը չեն համապատասխանում։ Մասնավորապես բանկերի կողմից տրամադրվող վարկատեսակների տոկոսադրույքների վերաբերյալ հնչեցված պնդումներն ապատեղեկատվություն է. մեր երկրի բանկային համակարգում նման տոկոսադրույքներով վարկատեսակներ պարզապես չկան: Իսկ ստեղծված պայմաններում բանկերի առաջնային խնդիրներից է՝ անել առավելագույնը վարկառու հաճախորդներին աջակցելու եւ ավանդատուների պատշաճ սպասարկումն ապահովելու նպատակով։ Բանկերն իրենք էլ հետաքրքրված են իրենց հաճախորդների վարկունակության վերականգնմամբ, քանի որ միայն այդ ճանապարհով է հնարավոր ապահովել նաեւ բանկի մյուս հաճախորդների պատշաճ եւ բնականոն սպասարկումը: Նաեւ դրանով էր պայմանավորված բանկերի կողմից դեռեւս 2018 թվականի ամռանը ժամկետանց վարկերի գծով տույժ-տուգանքների ներումը՝ 10 մլրդ դրամը գերազանցող ծավալով։ Հաճախորդների վարկունակության վերականգնման նպատակով էլ արտակարգ դրության մեկնարկին անխտիր բոլոր բանկերը վարկային արձակուրդ տրամադրեցին հաճախորդներին։

- Խոսեցիք ստեղծված պայմաններում բանկային համակարգի օպերատիվ արձագանքի եւ հաճախորդներին աջակցելու մասին։ Ի՞նչ քայլեր են արվել այս ուղղությամբ եւ ի՞նչ ծավալի աջակցություն է տրամադրվել բանկերի կողմից մինչ օրս։

- Ինչպես արդեն նշեցի Բանկային համակարգն օպերատիվորեն արձագանքեց ստեղծված իրավիճակին։ ԿԲ-ի եւ վարկատու կազմակերպությունների համագործակցության արդյունքում ձեւավորվեցին մեխանիզմներ, որոնց կիրառումը հնարավորություն տվեց անհատական մոտեցում ցուցաբերել վարկառուների նկատմամբ, ինչպես նաեւ խուսափել վարկառուների կողմից վարկային պայմանագրով սահմանված վճարումները չիրականացնելու հետեւանքով վարկային պատմության վատթարացումից։ ԿԲ-ը մասնավորապես որոշակի նորմատիվային փոփոխություններ իրականացրեց եւ կիրառեց այնպիսի գործիքակազմ, որը հնարավորություն տվեց առեւտրային բանկերին հաճախորդների համար հայտարարել, այսպես կոչված, վարկային արձակուրդը։

ՀՀ բանկերը մայիսի 5-ի դրությամբ վարկային արձակուրդ են տրամադրել կամ այլ կերպ վերանայել են շուրջ 400 հազ. ֆիզիկական անձանց շուրջ 700 հազ. վարկ՝ ավելի քան 500 մլրդ դրամի չափով, եւ ավելի քան 10 հազ. իրավաբանական անձանց շուրջ 13 հազ. վարկ՝ ավելի քան 520 մլրդ դրամի չափով:

- Պարոն Աբրահամյան, ինչպես գիտենք, առեւտրային բանկերը ներգրավված են նաեւ ՀՀ կառավարության կողմից իրականացվող հակաճգնաժամային ծրագրերում։ Ի՞նչ արդյունքներ ունենք այս ուղղությամբ։

- Այո, բանկերն ակտիվորեն ներգրավված են նաեւ այս աշխատանքներում եւ օժանդակում են կառավարության կողմից տրամադրվող միջոցների հասանելիության ապահովմանը։ Մասնավորապես՝ հակաճգնաժամային 1-ին միջոցառման շրջանակում, որով արտոնյալ պայմաններով վարկեր են տրամադրվում ընկերություններին՝ աշխատավարձ, հարկեր, կոմունալ ծախսեր վճարելու եւ որոշ դեպքերում սննդի ներկրումներ, սարքավորումներ ձեռք բերելու համար, մայիսի 11-ի դրությամբ արդեն հաստատվել է 440 վարկ՝ մոտ 32 մլրդ դրամին համարժեք։
Հակաճգնաժամային 2-րդ ծրագրով, որը վերաբերվում է գյուղատնտեսությանը, արդեն բավարարվել է 7125-ը, ծավալը կազմում է մոտ 10 մլրդ ՀՀ դրամ:

Ըստ այդմ, հակաճգնաժամային երկու ծրագրերով ընդհանուր առմամբ բավարարվել է 7565 վարկային հայտ, ընդհանուր ծավալը՝ մոտ 42 մլրդ դրամ։

Ընդհանուր առմամբ սոցիալական ծրագրերի գծով այս կարճ ժամանակահատվածում բանկերի կողմից սպասարկվել են տասնյակ հազարավոր քաղաքացիներ՝ ստանալով սոցիալական աջակցության՝ իրենց հասանելիք գումարները։ Չմոռանանք, որ բանկային համակարգը, որպես տնտեսության շարժիչ ուժ ոչ մի վայրկյան չի դադարել աշխատել, մեծ ռեսուրսներ են ներդրվել թե աշխատակիցների, թե հաճախորդների անվտանգությունն ապահովելու եւ պատշաճ սպասարկում իրականացնելու համար։

Բացի կառավարության ծրագրերից բանկերը շարունակում են նաեւ իրենց միջոցներով տնտեսության վարկավորումը, եւ, առհասարակ, իրենց բնականոն գործունեությունը։

Մի քանի ցուցանիշ մեջբերենք, որոնք նույնպես վկայում են այս մասին․ 2020 թվականի առաջին եռամսյակում ՀՀ առեւտրային բանկերի կողմից տնտեսությանը տրամադրված վարկերի ծավալն աճել է շուրջ 5.3%-ով, հասնելով ավելի քան 3.5 տրիլիոն դրամի: Նույն ժամանակահատվածում առեւտրային բանկերի ընդհանուր կապիտալն աճել է շուրջ 1.5%՝ կազմելով ավելի քան 836 մլրդ դրամ:

- Կորոնավիրուսային վարակով պայմանավորված բանկերն ի՞նչ խնդիրների առաջ են կանգնած, արդյո՞ք մեր երկրի ֆինանասական համակարգը կայուն է եւ ունակ դիմակայելու նաեւ այս ճգնաժամին։

- Մենք բազմիցս նշել ենք, որ բանկային համակարգը՝ կարգավորման բավականին խիստ նորմերի շնորհիվ, տարածաշրջանում ամենակայուններից է։ Համավարակով պայմանավորված իրավիճակն, իհարկե, առաջացրեց որոշակի անհարմարություններ եւ ի հայտ բերեց խնդիրներ, որոնք շուտափույթ լուծման կարիք ունեին։ Սակայն, կրկնվեմ, ԿԲ-ի աջակցությամբ բանկերը կարողացան արագ արձագանքել իրավիճակին եւ երկրում պահպանել ֆինանսական կայունությունը։ Բանկերն այսօր շարունակում են մնալ իրացվելի եւ հնարավորություն ունեն ցանկացած պահին կատարել իրենց պարտավորությունները։ Միեւնույն ժամանակ, վերադառնալով սադրանքներին եւ համակարգը վնասելու, հեղինակազրկելու մեր որոշ համաքաղաքացիների քայլերին՝ եւս մեկ անգամ հորդորում եւ կոչ եմ անում, զերծ մնալ առանց այդ էլ ոչ հասարակ այս իրավիճակը լարելուց եւ համակարգի դեմ ոտնձգություններ ձեռնարկելուց։
Դիտում՝ 1980
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW