Հայբիզնեսբանկի խորհրդի նախագահը պարգեւատրվել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով

14.05.2020 | 11:13 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայբիզնեսբանկ #Արսեն Միքայելյան #մեդալ
Հայբիզնեսբանկի խորհրդի նախագահ Արսեն Միքայելյանը պարգեւատրվել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով: Այս կապակցությամբ Հայբիզնեսբանկը տարածել է հաղորդագրություն, որում մասնավորապես ասված է.

«Մեր միասնականության հաղթանակները տոնելու նախաշեմին սովորաբար առաջ են գալիս հաճելի պարտավորություններ՝ գնահատելու այն մարդկանց, որոնց ամբողջ գործունեությունն ու նվիրումն ուղղված է մեր հայրենիքը շենացնելու, այն առավել անվտանգ ու ապահով տեսնելու նպատակին:

Հաղթանակի տոնն առավել քան պատեհ առիթ է՝ բարձրաձայնելու այն մարդկանց մասին, որոնք գործում են լուռ՝ չհանրայնացնելով այն ահռելի աշխատանքը, որը րոպե անգամ չի դադարում:

Սակայն «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ խորհրդի նախագահ Արսեն Միքայելյանի գործերն իրենք են խոսում իրենց մասին՝ լրջագույն ներդրում Արցախի սահմանների տեխնիկական վերազինման եւ զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման գործընթացներում, այնքան սպասված տանիք՝ հայրենիքի նվիրյալ զավակներին, աջակցություն անապահով ընտանիքներին:

Օրերս Արսեն Միքայելյանը եւս մեկ անգամ փաստեց, որ միշտ կանգնած է Հայոց բանակի եւ Հայ զորականի կողքին: Մայիսյան հաղթական տոներին ընդառաջ, նրա շնորհիվ այնքան սպասված նոր բնակարանն ունեցավ Ապրիլյան պատերազմում թշնամուն առաջիններից մեկը խոցած մարտիկի ընտանիքը: Այս ընտանիքի համար Եռատոնը հիրավի քառատոն դարձավ, նվիրատուների համար եւս: Ասել, թե նվերը պահանջված էր, նշանակում է գրեթե ոչինչ չասել մինչ այդ պահը մեկ սենյականոց բնակարանում ծվարած ընտանիքի  ուրախության մասին:  

Եվ ահա չի ուշացել իր ժողովրդի արժանի զավակի ազգանպաստ ու պետականամետ գործունեության գնահատանքը: Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման եւ Շուշիի ազատագրման 28-րդ տարեդարձների կապակցությամբ Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով՝ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ խորհրդի նախագահ Արսեն Միքայելյանը պարգեւատրվել է պետական պարգեւով՝ «Վաչագան Բարեպաշտ»  մեդալով:

Իր շնորհակալական խոսքում Արսեն Միքայելյանը նշել է, որ առավել քան պարտավորեցնող է պարգեւատրվել երկիրը շենացնելուն ուղղված իր գործունեությամբ հայտնի հայոց արքայի անվան մեդալով: Մեր հայրենիքի բարօրությանն ուղղված նպատակները շատ են եւ այսուհետ եւս խարսխված են լինելու թիմային աշխատանքի շնորհիվ դրանք իրականացնելու կամքի վրա»։
Դիտում՝ 2660

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW