ՏԶՆԿ. Այլ երկրներից դրամական փոխանցումները կրճատվել են, ԱՄՆ-ից՝ աճել

13.05.2020 | 11:29 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՏԶՆԿ #դրամական փոխանցումներ
Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն (ՏԶՆԿ) անդրադարձել է 2019-2020թթ. առաջին եռամսյակում ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով  արտերկրից մուտք եղած եւ արտերկիր կատարված փոխանցումներին:

Դիտարկվող ժամանակահատվածում ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց կողմից ստացված դրամական փոխանցումների ծավալը կրճատվել է 9.68%-ով` կազմելով $353.56 մլն (տե՛ս գծապատկեր 1): 2020թ. առաջին եռամսյակում 2019թ. նույն ժամանակահատվածի համեմատ ՌԴ-ից ստացվող դրամական փոխանցումների ծավալը կրճատվել է 15.98%-ով` կազմելով $164.37 մլն, ինչը հիմնականում բացատրվում է մարտ ամսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ստացվող դրամական փոխանցումների ծավալների 28.15% կրճատմամբ:

Դիտարկվող ժամանակահատվածում կրճատվել են նաեւ այլ երկրներից ստացվող դրամական փոխանցումները՝ 8.80%, մինչդեռ ԱՄՆ-ից ստացվող դրամական փոխանցումների ծավալը 9.66% աճ է գրանցել:

Հարկ է նշել, որ 2020թ. առաջին եռամսյակի դրամական փոխանցումների կառուցվածքում ՌԴ-ից ստացվող դրամական փոխանցումներին բաժին է ընկել ընդհանուր ծավալի 46.49%-ը, ծավալի կրճատումը հիմնականում պայմանավորված է ՌԴ տնտեսությունում գրանցված զարգացումներով (նավթի գների անկում եւ դրա հետեւանքով ՌԴ ռուբլու արժեզրկում), քանի որ արտագնա աշխատանքի չմեկնելու հետ կապված դրամական փոխանցումների կրճատումը հիմնականում կարտացոլվի 2-4 եռամսյակների տվյալներում:     

Գծապատկեր 1. ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրներից մուտք եղած փոխանցումները 2019-2020թթ.-ի առաջին եռամսյակում (ԱՄՆ դոլար)


 
Ինչ վերաբերում է արտահոսքին, ապա 2020թ. առաջին եռամսյակում 2019թ. նույն եռամսյակի համեմատ ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց կողմից արտերկիր կատարած փոխանցումների ծավալը կրճատվել է 7.13%-ով` կազմելով $266.18 մլն:

Հետաքրքրական է նկատել, որ արտահոսքի դեպքում 2020թ. առաջին եռամսյակում 2019թ. նույն եռամսյակի համեմատ 26.86%-ով ավելացել է արտահոսքը դեպի այլ երկրներ` հիմնականում պայմանավորված է 2020թ. հունվար-փետրվար ամիսներին 2019թ. նույն ամիսների համեմատ արտահոսքի ծավալների 52.06% աճով: Սա կարելի է բացատրել մի քանի հանգամանքով` ֆիզիկական անձանց կողմից արտերկրից պատվիրվող ապրանքների ծավալների աճով (տեխնիկա, հագուստ, կոսմետիկա եւ այլն), ինչպես նաեւ գույքի վաճառքից ստացված գումարների ծավալների աճով, որոնք փոխանցվել են այլ երկրներ եւ այլն:

 2020թ. մարտ ամսին 2019թ. նույն ամսի համեմատ արտահոսքի ծավալները դեպի ԱՄՆ եւ այլ երկրներ անկում են գրանցել, մինչդեռ դեպի ՌԴ դրամական փոխանցումներն աճել են 32.06%-ով` կազմելով $36.04 մլն:   

2020թ. առաջին եռամսյակում 2019թ. նույն եռամսյակի համեմատ ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց կողմից ստացված եւ արտերկիր կատարած դրամական փոխանցումների ծավալների կրճատումը հանգեցրել է զուտ ներհոսքի ծավալների շուրջ 17% կրճատմանը` կազմելով $87.38 մլն:

Այսպիսով`դիտարկվող ժամանակահատվածում արձանագրվել է ինչպես ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց կողմից ստացված, այնպես էլ արտերկիր կատարած դրամական փոխանցումների ծավալների կրճատում: Ինչ վերաբերում է 2020թ. տարեկան ցուցանիշներին, ապա ներհոսքի ծավաների կրճատումը պայմանավորված է լինելու համաշխարհային ճգնաժամով եւ ուղեւորափոխադրումների հետ կապված սահմանափակումների վերացման ժամկետներով, իսկ արտահոսքի դեպքում` ՀՀ տնային տնտեսությունների իրական եկամուտների կրճատմամբ եւ  մեքենաների ներմուծման բումի ավարտով:
Դիտում՝ 1194
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW