Նախագահը ստորագրել է «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքը

12.05.2020 | 09:30 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արմեն Սարգսյան
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 11-ին ստորագրել է «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքը եւ 14 հարակից օրենքները:

Նախագահի աշխատակազմը հանդես է եկել մեկնաբանությամբ, որը ներկայացնում ենք ստորեւ.

««Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքը եւ 14 հարակից օրենքները Ազգային ժողովի կողմից Հանրապետության նախագահի ստորագրմանն են ներկայացվել 2020թ. ապրիլի 21-ին:

Օրենքի ընդունումը Կառավարությունը հիմնավորում է հանցավորության դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու եւ այդ համատեքստում հանցավոր գործունեության արդյունքում ապօրինի ձեռք բերված գույքը բռնագանձելու անհրաժեշտությամբ:

Օրենքի նախագծի քննարկման փուլում եւ այն Հանրապետության նախագահի ստորագրմանը ներկայացնելուց հետո բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, օտարերկրյա ներդրողներ, իրավաբանական եւ մասնագիտական հանրության եւ գործարար շրջանակների ներկայացուցիչներ, իրավապաշտպաններ եւ անհատ քաղաքացիներ իրենց մտահոգությունն են ներկայացրել Հանրապետության նախագահի աշխատակազմ՝ օրենքի սահմանադրականության, դրա կիրառման արդյունքում հնարավոր կոռուպցիոն ռիսկերի, ինչպես նաեւ տնտեսության զարգացման, ներդրումային միջավայրի եւ ֆինանսական կայունության վրա օրենքի հնարավոր բացասական ազդեցության եւ հետեւանքների վերաբերյալ:

Հանրապետության նախագահի աշխատակազմը արտահայտված մտահոգություններն ու նկատառումները հանգամանալից եւ հետեւողականորեն քննարկել է Ազգային ժողովի պետական-իրավական մշտական հանձնաժողովի նախագահի ու արդարադատության նախարարի հետ եւ ստացել պարզաբանումներ:

Հանրապետության նախագահը մեծապես կարեւորում է հանցավորության դեմ պայքարը:

Միեւնույն ժամանակ ակնկալվում է, որ օրենքը պետք է կիրառվի ընդունման իրավաչափ նպատակին խիստ համապատասխան՝ որպես բացառիկ միջոց առանձնապես բարձր հանրային վտանգավորություն ունեցող հանցագործությունների դեմ պայքարելու համար: Օրենքի անբարեխիղճ կիրառումը կարող է խաթարել պետության նկատմամբ վստահությունը եւ վտանգի տակ դնել դրա արդյունավետությունը:

Օրենքը շոշափում է մարդու հիմնական իրավունքների շրջանակ եւ նախատեսում է այդ իրավունքներին միջամտության հնարավորություն, ուստի դրա կիրառման ընթացքում պետք է ապահովվեն համաչափ իրավական երաշխիքներ:

Հարկ է հաշվի առնել նաեւ անձնական տվյալների, ձեռնարկատիրական եւ մասնագիտական գործունեության, ինչպես նաեւ բանկային գաղտնիք կազմող տեղեկատվության պաշտպանության հարցերի առանձնահատուկ զգայունությունը, մասնավորապես` գործարար շրջանակների եւ ընդհանրապես հանրության համար:

Քանի որ օրենքով սահմանված է դրա կիրառման տիրույթում գտնվող անձանց լայն շրջանակ, կարեւոր է, որ նրանց վերաբերյալ ստացվող տեղեկատվության ծավալը լինի պիտանի, անհրաժեշտ, համաչափ եւ համապատասխանի օրենքի ընդունման նպատակներին:

Կիրառման ընթացքում պետք է հաշվի առնել անձանց մասնավոր եւ ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը, անձնական տվյալների պաշտպանության սահմանադրական պահանջները եւ բացառել դրանց նկատմամբ ցանկացած անհամաչափ միջամտություն:

Հասանելի դարձած տեղեկատվության տնօրինման ընթացքում պետք է բացառել հնարավոր չարաշահումները, ապահովել, որ չոտնահարվեն անձանց իրավունքները, այդ տեղեկատվությունը ոչ իրավաչափ եւ անհարկի չհավաքագրվի, անհիմն չպահվի եւ չօգտագործվի, չխոչընդոտի տնտեսավարող սուբյեկտների գործունեությունը, ներդրողների եւ գործարարների համար չհանգեցնի անհավասար մրցակցության:

Այս համատեքստում հարկ է ընդգծել, որ Հանրապետության նախագահը դեռեւս 2020թ. փետրվարի 6-ին դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելով «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի, ինչպես նաեւ դրա հետ փոխկապակցված «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի որոշ դրույթների սահմանադրականությունը: Դիմումի քննությունը նախատեսված է 2020թ. հունիսի 16-ին:

Օրենքը պետք է կիրառվի բարձր պատասխանատվությամբ՝ բացառելով կոռուպցիոն դրսեւորումները, խտրականությունը, ոչ իրավաչափ ազդեցության ռիսկերը:

Օրենքի կիրառման ընթացքում անհրաժեշտ է նաեւ անվերապահորեն ապահովել անձանց շահերի արդյունավետ իրավական պաշտպանության եւ օգնության երաշխիքները, անհիմն բռնագանձված գույքի հետ վերադարձման եւ վնասների փոխհատուցման հստակ եւ գործուն մեխանիզմները:

Ակնկալվում է, որ թափանցիկության եւ հաշվետվողականության սկզբունքներով կապահովվի օրենքի կիրառման ընթացքում բռնագանձված գույքի օրինական եւ նպատակային տնօրինումն՝ ի շահ պետության եւ քաղաքացիների:

Ակնկալվում է նաեւ, որ հանցավոր գործունեությանը որեւէ կերպ չառնչվող եւ գույքը բարեխիղճ ձեռք բերած երրորդ անձանց, մասնավորապես՝ նշված գույքը ներդրումային ծրագրերում եւ ձեռնարկատիրական գործունեության մեջ օգտագործող գործարարների նկատմամբ օրենքը կկիրառվի անվերապահորեն բարձր պատասխանատվությամբ՝ բացառելով ներդրումային եւ գործարար միջավայրի վրա հնարավոր բացասական ազդեցությունները:

Հանրապետության նախագահն այսօր ստորագրել է «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքը եւ 14 հարակից օրենքները:

Հարկ է ընդգծել՝ յուրաքանչյուր օրենսդրական նորմի սահմանադրականությունը, համաձայն ՀՀ օրենսդրության, դիտարկվում է դրա բովանդակության եւ իրավակիրառ պրակտիկայի տեսանկյունից։ Սահմանադրական արդարադատության ինչպես միջազգային, այնպես էլ հայրենական փորձը, թերեւս, վկայում է, որ օրենսդրական դրույթի սահմանադրականությունը պայմանավորված է ոչ միայն այդ դրույթի՝ Սահմանադրության նորմերին հակասությամբ կամ հակասության բացակայությամբ, այլ նաեւ իրավակիրառ պրակտիկայում այդ դրույթի մեկնաբանությամբ: Կարեւորելով ելակետային այս իրողությունը՝ Հանրապետության նախագահը անհրաժեշտ է համարում հետագայում անդրադառնալ օրենքների կիրառման արդյունքում դրսեւորված իրավաընկալումներին ու հնարավոր մեկնաբանություններին։

Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում Հանրապետության նախագահն ուշադրությամբ հետեւելու է օրենքների բարեխիղճ եւ իրավաչափ կիրառմանը»:
Դիտում՝ 1362
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW