Պարենային ապրանքների համաշխարհային գներն ապրիլին նվազել են

08.05.2020 | 17:06 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԳԿ #պարենային ապրանքներ
ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ/FAO) հայտնում է, որ պարենային ապրանքների համաշխարհային գներն արդեն երրորդ ամիսն անընդմեջ անկում են գրանցում, քանի որ COVID-19 համավարակի տնտեսական եւ լոգիստիկ ծառայության ազդեցությունը հանգեցրել է շատ ապրանքների նկատմամբ առաջարկի զգալի նվազմանը:

Պարենային ապրանքների գնային ինդեքսը, որը պարենային ապրանքների որոշակի զամբյուղի միջազգային գների ամսական փոփոխության չափման միջոց է, ապրիլ ամսվա ընթացքում կազմել է միջինը 165,5 նիշ, ինչը 3,4%-ով ցածր է նախորդ ամսվա եւ համարյա 10%-ով՝ հունվար ամսվա համեմատ:


ՊԳԿ շաքարի գնային ինդեքսը արձանագրել է 13 տարվա ամենացածր ցուցանիշը՝ մարտ ամսվա համեմատ նվազելով 14.6%-ով:  Անմշակ նավթի միջազգային գների շեշտակի անկումը նվազեցրել է էթանոլ արտադրելու նպատակով շաքարեղեգի գնման պահանջարկը, այն դարձնելով առավելապես շաքարի արտադրության համար արտադրվող հումք, դրանով իսկ մեծացնելով արտահանման մատչելիությունը: Միեւնույն ժամանակ, մի շարք երկրներում գործող սահմանափակումները լրացուցիչ ճնշումներ են առաջացրել պահանջարկի վրա:

ՊԳԿ բուսական յուղերի գնային ինդեքսը ապրիլին նվազել է 5,2%-ով, ինչին նպաստել է արմավենու, սոյայի եւ հլածուկի յուղերի գների անկումը: Իր ազդեցությունն ունեցել է նաեւ կենսավառելիքի ցածր պահանջարկը:

ՊԳԿ կաթնամթերքի գնային ինդեքսը նվազել է 3,6%-ով, ինչը հետեւանք է այն բանի, որ կարագի եւ կաթի փոշու գները երկնիշ անկում են արձանագրել՝ հյուսիսային կիսագնդում մեծացած արտահանման հնարավորությունների, ներկրման ցածր պահանջարկի եւ ռեստորանային վաճառքի անկման  ֆոնին:


ՊԳԿ մսի գնային ինդեքսը նվազել է 2,7%-ով: Չինաստանից ներմուծման պահանջարկի մասնակի վերականգնումը բավարար չէր այլ երկրներում ներկրումների մեծ անկումը հավասարակշռելու  համար, այն ժամանակ, երբ խոշոր արտադրող երկրները վնասներ էին կրում լոգիստիկ ծառայությունների  խոչընդոտների, ինչպես նաեւ սննդի ծառայության ոլորտում պահանջարկի կտրուկ անկման պատճառով, ինչը ‹‹մնա տանը›› միջոցառումների հետեւանք է:  

ՊԳԿ հացահատիկային մշակաբույսերի գնային ինդեքսը շատ քիչ է նվազել, քանի որ ցորենի եւ բրնձի միջազգային գները զգալի աճել են, միչդեռ եգիպտացորենինը՝ կտրուկ նվազել: Բրնձի միջազգային գները մարտ ամսվա համեմատ աճել են 7,2%-ով, ինչը հիմնականում պայմանավորված է Վիետնամի կողմից մտցված արտահանման ժամանակավոր սահմանափակումներով,  որոնք հետագայում հանվել են: Իսկ ցորենի գները աճել են 2,5%-ով՝ Ռուսաստանիc արտահանման քվոտայի արագ կատարման մասին հաշվետվության պատճառով:  Հատիկային կերերի գները, ներառյալ եգիպտացորենի, հակառակը՝ նվազել են 10 տոկոսով, ինչին նպաստել է նրա օգտագործման պահանջարկի անկումը թե որպես կենդանիների համար կեր, թե որպես կենսավառելիքի արտադրության հումք:
Դիտում՝ 2688
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW