Կրթության համաշխարհային շուկայի ծավալը կազմում է $4,5-5 տրլն, իսկ առաջիկա տարիներին կարող է հասնել մինչեւ $6-7 տրլն-ի:Ինչպես նշվում է ռուսաստանյան առցանց կրթության EdMarket համալսարանի հետազոտության մեջ, առցանց կրթության (Edtech) մասնաբաժինը ընդհանուր շուկայում կազմում է մոտ 3%, կամ $165 մլրդ:«Աճի կայուն դինամիկայի շնորհիվ՝ 2023թ. ոլորտի թվային մասը խոստանում է գերազանցել $240 մլրդ-ի շեմը՝ ամեն տարի ավելանով 5%-ով: Իսկ ավելի լավատեսական կանխատեսմամբ՝ արդեն 2020թ. այն կհասնի $252 մլրդ-ի՝ տարեկան միջին կտրվածքով աճելով 17%-ով»,- նշվում է հետազոտության մեջ: ԱՄՆ-ը Edtech-ի ամենախոշոր եւ հասունացած շուկան է, սակայն վերջինիս աճի տեմպերը դանդաղում են` տարեկան 4-ից մինչեւ 4,4%: Իր մեծությամբ երկրորդ տարածաշրջանը Հարավարեւելյան Ասիան է, առաջին հերթին՝ զգալիորեն արագ տեմպեր հավաքող (+17%) Չինաստանն ու Հնդկաստանը: 2016թ. այս տարածաշրջանը առաջ է անցել Արեւմտյան Եվրոպայից՝ $11,7 մլրդ $6,8 մլրդ-ի դիմաց: Շուկայի ծավալով Արեւելյան Եվրոպան իր $1,2 մլրդ-ով դեռեւս հետ է մնում Արեւմտյանից, սակայն զգալիորեն արագ տեմպեր է հավաքում (+17%). Արեւելյան Եվրոպայի առաջատարը Ռուսաստանն է, տարբեր գնահատականներով՝ միջինը տարեկան 17-25%-ոց աճով: 2016թ. արդյունքներով EdTech-ում համաշխարհային ներդրումների ծավալը նվազել է մոտավորապես 30%-ով՝ մինչեւ $2,0-2,2 մլրդ: Սակայն ավելի լայն համատեքստում դա ոչ թե լճացում է, այլ համաշխարհային զարգացումների արտացոլում: Հարաբերական արտահայտմամբ անկումն այստեղ ավելի կտրուկ չէ, քան տեխնոլոգիական այլ՝ digital-ի հետ կապ ունեցող շուկաներում: InVenture Partners-ի կառավարիչ գործընկեր Սերգեյ Ազատյանի կարծիքով, կրթական տեխնոլոգիաների գլոբալ շուկան ներդրումային հսկայական հեռանկարներ ունի` հաշվի առնելով տարեկան աճի համախառն տեմպերը, որոնք վերջին 5 տարվա ընթացքում կազմել են 28%: «Կրթական տեխնոլոգիաների հատվածը կպահպանի աճի տեպմը՝ յուրացնելով կրթական ընդհանուր շուկան, որի ծավալը կազմում է $6 տրլն: Թեկուզ ավելի փոքր ծավալով, բայց եւ այնպես Ռուսաստանում վիճակը նույնն է, ինչ համաշխարհային շուկայում. հսկայական օֆլայն շուկան արագ անցում է կատարում դեպի օնլայն: Ներքին շուկան գտնվում է շատ վաղ փուլում, սակայն հանդիսանում է ամենահեռանկարային ոլորտներից մեկը: Դրանում տեղ կգտնվի նաեւ մի քանի ուղղությամբ կրթությանը նվիրված «նոր Mail.ru»-ի համար»,- ասել է Սերգեյ Ազատյանը: «Առցանց կրթությունը սկսում է ձգտել դեպի գլոբալիզացիա, լեզվային սահմանները վերջնականապես չեն ջնջվում, սակայն դրանց թափանցելիությունն աճում է: Այսպես, մեքենայական թարգմանության եւ խոսքի ձայնային ճանաչման տեխնոլոգիաները, որոնք դառնում են ավելի ճշգրիտ եւ արդեն հնարավորություն են տալիս ստեղծել համապատասխան որակի սպառողական ծառայություններ, հավանաբար, մոտ ապագայում օրակարգից կհանեն առցանց ծառայությունների տեղայնացման հարցը: Այլ հարց է, որ հոգեկերտվածքը, կրթության նկատմամբ ավանդական մոտեցումներն ավելի դժվար հաղթահարվող արգելքներ են:Նախանշվում է ընդհանուր կրթական տարածքների ստեղծման միտում: Պահանջված է այն ամենը, ինչն ունկնդիրներին ավելի է խորացնում դեպի ճանաչողական գործունեության ոլորտ եւ աջակցում նրանց ակտիվությանը: Այդ թվում՝ կրթական գործընթացի տարբեր կողմերի համար միասնական հաղորդակցման միջավայրի ձեւավորումը: Նման մոտեցման օրինակ է Seesaw նախագիծը, որը թվային «ժամանակագրություն» է, որտեղ դպրոցականները գրառումներ են կատարում իրենց սովորածի մասին եւ կարող են կիսվել համադասարանցիների, ուսուցիչների եւ ծնողների հետ: Նման նախագիծ է առաջարկում նաեւ HotChalk ընկերությունը: Բարձրագույն կրթության ասպարեզում, ներառյալ դրա առցանց բաղադրիչը, ամրապնդվում է նախագծային աշխատանքի կամ project-based learning (PBL)-ի վրա կառուցված ուսուցման ուղղությունը»,- նշված է հետազոտության մեջ: Դա Վինչի ինստիտուտի (Կոլորադո, ԱՄՆ) առաջատար ֆուտուրոլոգ Թոմաս Ֆրեյը կանխատեսում է, որ «2030թ. խոշորագույն ինտերնետ բիզնես կդառնա կրթական ընկերությունը, որի մասին դեռ ոչ ոք չգիտի»: Ֆրեյի կանխատեսմամբ՝ ապագայի կրթական կենտրոնում դասավանդողներին կփոխարինի արհեստական բանականությունը, որը ճկուն կերպով կհարմարվի ունկնդիրների հնարավորություններին, հմտություններին եւ նպատակներին: Tweet Դիտում՝ 4935