Ապրիլի 15-22-ը ACSES վերլուծական կենտրոնը տնտեսագետների շրջանում իրականացրել է «Առանցքային տնտեսական ցուցանիշների կոնսենսուսային կանխատեսման եւ Covid-19-ի հակազդման պետական աջակցության ծրագրերի գնահատման» փորձագիտական հարցում: Հարցմանը մասնակցել է 16 տնտեսագետ՝ Բագրատ Ասատրյանը, Վարդան Բոստանջյանը, Ռուբեն Գեւորգյանը, Արմեն Եղիազարյանը, Ջուլիետա Թադեւոսյանը, Վահագն Խաչատուրյանը, Վիլեն Խաչատրյանը, Մանուկ Հերգնյանը, Թաթուլ Մանասերյանը, Հեղինե Մանասյանը, Ատոմ Մարգարյանը, Հրանտ Միքայելյանը, Սուրեն Պարսյանը, Տիգրան Ջրբաշյանը, Էդվարդ Սանդոյանը եւ Հայկազ Ֆանյանը։Փորձագիտական հարցման մասնակից տնտեսագետներից յուրաքանչյուրն առանձին կանխատեսել է 2020թ․ ՀՆԱ-ի իրական ծավալի փոփոխությունը, 12-ամսյա գնաճը (գնանկումը), դրամ/դոլար միջին փոխարժեքը 2020թ․ դեկտեմբերին, ինչպես նաեւ գնահատել է Covid-19-ի հետեւանքների չեզոքացման պետական աջակցության ծրագրերի սոցիալական եւ տնետսական բաղադրիչների արդյունավետությունը եւ դիրքորոշում է հայտնել տնտեսական աջակցության առանձին մեխանիզմների վերաբերյալ։ Լուսանկարը՝ ACSES Ըստ կոնսեսուսային կանխատեսման՝ 2020թ․ ՀՆԱ-ի իրական ծավալը Հայաստանում կկրճատվի 3.9%-ով, ինչն ավելի ցածր է, քան մինչ այժմ հրապարակված ՀՀ կենտրանական բանկի, ՀՀ ֆինանսների նախարարության, միջազգային ֆինանսական կառույցների եւ վարկանշային գործակալությունների վերջին կանխատեսումները։ Միեւնույն ժամանակ, փորձագետները կանխատեսում են, որ 12-ամսյա գնաճը կկազմի 1.8%, ինչը թեեւ ավելի բարձր է, քան նախորդ տարվա ցուցանիշը, սակայն ցածր է ՀՀ ԿԲ թիրախային միջակայքից (4% +/- 1.5%-ային կետ)։Բացի այդ, ըստ փորձագիտական կարծիքի, սպասվում է նաեւ դրամի արժեզրկում դոլարի նկատմամբ․ 2020թ․ դեկտեմբերին դրամ/դոլարի միջին փոխարժեքը կլինի 499` 4.3%-ով ավել, քան 2019թ․ դեկտեմբերի ցուցանիշը։Անդրադառնալով Covid-19-ի հակազդման պետական աջակցությանը՝ փորձագետների կոնսենսուսային գնահատմամբ 2020թ․ Հայաստանում պետական աջակցության ծրագրերի չափը պետք է լինի մոտ 395 մլրդ դրամ, ինչը թույլ կտա հնարավորինս մեղմել տնտեսական եւ սոցիալական հետեւանքները։ Փորձագետները նաեւ գնահատել են հրապարակված պետական աջակցության ծրագրերի սոցիալական եւ տնտեսական բաղադրիչների արդյունավետությունը, ընդ որում՝ 5 բալանոց սանդղակում սոցիալական բաղադրիչի միջին գնահատականը կազմել է 3.1, իսկ տնտեսական բաղադրիչինը՝ 2.5: Այլ կերպ ասած, պետական աջակցության ծրագրերը ավելի արդյունավետ են ամբողջական պահանջարկը խթանելու առումով (սոցիալական ծրագրեր), քան ամբողջական առաջարկը (տնտեսական ծրագրեր)։Փորձագետներին առաջարկվել է նաեւ դիրքորոշում հայտնել տնտեսական աջակցության հետեւյալ մեխանիզմների վերաբերյալ՝ - տնտեսական գործունեության առավել տուժած տեսակների համար որոշ հարկատեսակների դրույքաչափերի նվազեցում կամ զրոյացում,- տնտեսության առանձին ոլորտների տնտեսավարող սուբյեկտների համար հարկերի վճարման հետաձգում,- առանց միջնորդների՝ հետվերադարձի պայմանով, փոխառություն տրամադրում առանձին տնտեսավարող սուբյեկտների,- բաժնեմասնակցության սկզբունքով նոր ձեռնարկությունների հիմնադրմանը մասնակցություն,- նոր կապիտալ ներդրումների համար ամորտիզացիայի ավելի կարճ ժամկետների սահմանում։Նշված մեխանիզմներից փորձագետներն ամենաշատը հավանություն են տվել՝- տնտեսության առանձին ոլորտների տնտեսավարող սուբյեկտների համար հարկերի վճարման հետաձգմանը,- բաժնեմասնակցության սկզբունքով նոր ձեռնարկությունների հիմնադրման մասնակցությանը։Հաշվետվության ամբողջական տարբերակին կարող եք ծանոթանալ հետեւյալ հղումով։ACSES-ը (Armenian Center for Socio-Economic Studies) վերլուծական կենտրոն է, որի նպատակն է օժանդակել հանրային քաղաքականության մշակմանը սոցիալ-տնտեսական ուսումնասիրություններով միջոցով։ Tweet Դիտում՝ 3035