Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) €18.5 մլն է ներդնում Հարավարեւելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամում (EFSE), SICAV-SIF։ Միջոցներն օգտագործվելու են Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի (ԵԿԱ) տասնչորս երկրներում միկրո, փոքր եւ միջին ձեռնարկություններին (ՄՓՄՁ-ներ)՝ բանկերի եւ միկրո ֆինանսական հաստատությունների միջոցով վարկավորում տրամադրելու նպատակով։ EFSE-ն ՄՓՄՁ-ների տարածաշրջանային ֆինանսավորման ամենախոշոր կառույցն է տարածաշրջանում։ IFC-ի ներդրմամբ կմեծանա ֆինանսավորման հասանելիությունը ԵԿԱ տարածաշրջանի թերսպասարկված բնակչության համար։ Վերջնական շահառուները կլինեն ՄՓՄՁ-ներն ու այն անձինք, որոնք այս պահին չունեն ֆինանսավորումից օգտվելու հնարավորություն կամ այդ հնարավորությունը սահմանահակ եւ անհուսալի է։ «ԵԿԱ տարածաշրջանում ՄՓՄՁ-ները տնտեսական աճի շարժիչն ու աշխատատեղերի ստեղծման կարեւոր գործոն են։ Ֆինանսների հասանելիությունը դեռեւս հանդիսանում է նրանց աճի հիմնական խոչընդոտը։ Հետազոտությունները վկայում են, որ ԵԿԱ տարածաշրջանում գրանցված ՄՓՄՁ-ների 27%-ն ունի չբավարարված ֆինանսական կարիքներ, եւ ֆինանսավորման բացը տարածաշրջանում գնահատվում է մոտավորապես $740 մլրդ։ IFC-ի ներդրումը կնպաստի շուկայական մրցակցության մեծացմանը, ի ցույց կդնի տեղական արժույթով ֆինանսավորման կենսունակությունն ու պրոդուկտների նորացման հնարավորություն կտա վարկավորողներին։ Այս ներդրումն էլ ավելի է կարեւորվում ՔՈՎԻԴ-19 համավարակի եւ տարածաշրջանի ՄՓՄՁ-ների վրա դրա աղետալի ազդեցության համատեքստում»,- նշված է հաղորդագրությունում։ IFC-ն EFSE-ի վաղեմի գործընկերն է՝ սկսած 2005թ. վերջինիս մեկնարկից, օժանդակել է Հիմնադրամի մի շարք ծրագրերին։ Tweet Դիտում՝ 998