Հայաստանի բանկերի միությունը (ՀԲՄ) հարցազրույց է հրապարակել միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանի հետ, որում նա անդրադառնում է կորոնավիրուսով (COVID 19) պայմանավորված բանկային համակարգի գործունեությանն ու համակարգի կողմից իրականացվող աշխատանքներին:- Պարոն Սարգսյան, ինչպե՞ս են բանկերը ստեղծված պայմաններում կազմակերպում իրենց աշխատանքները եւ հաճախորդների սպասարկումը։- Պետք է նշեմ, որ վերջին տարիներին բանկային համակարգում կատարվել են լուրջ ներդրումներ, որոնք ուղղված են եղել բանկերի արդիականացմանն ու նոր գործիքակազմի ձեւավորմանը, ինչի շնորհիվ էլ այսօր բավականին կառավարելի եւ վերահսկելի է դառնում բանկերի կողմից հեռավար ծառայությունների մատուցումը եւ հաճախորդների սպասարկումը՝ դարձնելով այն մաքսիմալ անվտանգ թե՛ բանկի աշխատակիցների եւ թե՛ հաճախորդների համար։ Մեր բոլոր բանկերն էլ պարբերաբար դիմում են իրենց հաճախորդներին եւ հորդորում զերծ մնալ բանկի մասնաճյուղեր այցելելուց եւ փոխարենը նախապատվությունը տալ բանկային ծառայություններից օգտվելու հեռահար եղանակներին։ Ըստ այդմ` եւս մեկ անգամ կոչ եմ անում հնարավորինս հաճախ օգտվել առցանց ֆինանսական ծառայություններից, վճարահաշվարկային հավելվածներից եւ բանկային օնլայն ծառայություններից, վճարումները իրականացնել անկանխիկ կերպով, ինչը մասնավորապես ներկա պայմաններում թույլ կտա նվազեցնել ֆիզիկական շփումը եւ կանխարգելել կորոնավիրուսի տարածումը: - Ինչպե՞ս են ընթանում կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման ՀՀ կառավարության այն ծրագրերը, որոնք իրականացվում են բանկերի միջոցով։- Ստեղծված պայմաններում ՀՀ առեւտրային բանկերը շարունակում են բնականոն հունով ֆինանսավորել պետության աջակցությամբ իրականացվող բոլոր ծրագրերը: Անդրադառնալով Կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման ՀՀ կառավարության 1-ին եւ 2-րդ ծրագրերի ընթացիկ արդյունքներին կարող եմ նշել, որ մասնավորապես առաջին՝ փոքր ու միջին ձեռնարկություններին վերաբերող ծրագրով ընդհանուր հաստատված վարկերի քանակն այս պահի դրությամբ կազմում է 214, ծավալը՝ 9 մլրդ 715 մլն դրամ: Ընդ որում՝ նշված վարկային ռեսուրսներից 828 մլն 500 հազար դրամն ուղղվելու է 2055 աշխատակցի աշխատավարձերի վճարմանը։ Մյուս միջոցառման շրջանակում, որը վերաբերում է գյուղատնտեսությանը, հաստատվել է 770 վարկային հայտ, որից գյուղատնտեսության ոլորտին տրամադրված միկրովարկերի քանակը կազմում է 479։ Հաստատված վարկային գումարի ծավալը 1 մլրդ 844 մլն դրամ է, որից գյուղոլորտին արդեն իսկ հատկացված վարկային ռեսուրսների ծավալը կազմում է 346.5 մլն դրամ։ ԿԲ մոնիթորինգի արդյունքների համաձայն՝ 479 հաստատված գյուղվարկերի մեծ մասն արդեն իսկ ծառայում է նպատակին եւ ներդրվել է տնտեսության մեջ։ Ստեղծված պայմաններում բանկերը պատրաստ են հանդես գալ որպես միջնորդ կառավարության եւ բնակչության միջեւ, ցուցաբերելով իրենց աջակցությունը՝ ստեղծված վիճակը միասին հաղթահարելու նպատակով։ Այս կերպ բանկերը կօգնեն ոչ միայն հաղթահարել առկա դժվարությունները, այլեւ հետագայում նպաստել վերոնշյալ ոլորտների (ՓՄՁ եւ գյուղոլորտ) զարգացմանը։ - Վերջին շրջանում ԱԺ մի խումբ պատգամավորների կողմից շրջանառվում է վարկերի տոկոսների սառեցման առաջարկը։ Որքանո՞վ է դա իրատեսական եւ ի՞նչ ռիսկեր է ենթադրում։- Նման նախաձեռնությունը բավականին վտանգավոր է եւ անընդունելի։ Բանկային գործի էությունը կայանում է նրանում, որ բանկերը, ստանալով տոկոսագումարներ վարկերի դիմաց, դրա մի մասն էլ իրենց կողմից ուղղում են տոկոսագումարների վճարմանն ավանդատուներին։ Այսօր ՀՀ բանկային համակարգում ունենք հարյուր հազարավոր ավանդատուներ, որոնց նկատմամբ բանկերն ունեն պարտավորություններ։ Վարկերի տոկոսների սառեցումը անմիջականորեն իր մեջ ռիսկ է պարունակում նաեւ հենց ավանդատուներին վճարվելիք տոկոսագումարների տեսանկյունից, ինչը վերջին հաշվով բավականին ռիսկային է ՀՀ ամբողջ ֆինանսական համակարգի կայունության տեսանկյունից։ Արդյունքում ստացվում է, որ եթե նման նախաձեռնությունն անգամ օգնի բնակչության մի հատվածին, ապա կարող է նաեւ լրջագույն վնաս հասցնել մյուս հատվածին, ավելի կոնկրետ՝ բանկերի հաճախորդ հանդիսացող ավանդատուներին։ Մյուս կողմից, նման նախաձեռնությունը նաեւ որոշակի առումով անհիմն է։ Տեսեք, եթե վարկառուն ֆիզիկական անձ է կամ կորոնավիրուսի հետեւանքով տուժած իրավաբանական անձ, ապա այսօր արդեն իսկ առկա են վարկերի վերանայման, վճարումների հետաձգման բազմաթիվ հնարավորություններ, որոնց մասին բազմիցս հայտարարել են թե՛ առեւտրային բանկերը, թե՛ Կենտրոնական բանկը։ Հակառակ դեպքում, այսինքն եթե իրավաբանական անձն այնպիսի ոլորտում է գործում, որը շարունակում է իր բնականոն աշխատանքները եւ ստանում է իր նորմալ եկամուտները նույնիսկ հայտարարված արտակարգ դրության պայմաններում, ապա նման վարկառուների համար վարկերի տոկոսների սառեցումը որեւէ ֆինանսական հիմնավորվածություն իր մեջ չունի։Պետք է շեշտեմ, որ այդ քայլը նաեւ խնդիրներ կստեղծի բանկերի գործընկեր տեղական եւ միջազգային կառույցների համար։ Որպես հետեւանք՝ կտրուկ կնվազեն վարկավորման ծավալները։ Վարկավորման շարունակումը անչափ կարեւոր է, որպեսզի անձիք կարողանան հաղթահարել ժամանակավոր դժվարությունները։ Ի վերջո, ստեղծված իրավիճակը հաղթահարելուն ուղղված քայլեր նախաձեռնելիս, անհրաժեշտ է մտածել նաեւ համակարգի կայունության մասին։ Իսկ նման առաջարկի ընդունումը կարող է հանգեցնել այնպիսի լուրջ խնդիրների, որոնց հաղթահարման համար կպահանջվի ավելի երկար ժամանակ, քան այս ճգնաժամի ժամանակահատվածը։Անդրադառնալով նմանօրինակ առաջարկ-նախաձեռնություններին, հարկ եմ համարում նաեւ նշել, որ շատ լուրջ պետք է ուսումնասիրվեն եւ վերլուծվեն մասնավորապես այս ժամանակահատվածում ներկայացվող օրենսդրական փոփոխություններին վերաբերող նախաձեռնությունները։ Կարծում եմ, որ բոլոր նախաձեռնությունները, մինչեւ ընդունումը, պետք է անցնեն բազմակողմանի քննարկումներ, քանի որ հաճախ հանդիպում ենք այնպիսի նախաձեռնությունների, որոնք ոչ միայն չեն օգնի, այլեւ վնաս կհասցնեն եւ մեր քաղաքացիներին, եւ համակարգի կայունությանը։ Մյուս կողմից էլ՝ անհրաժեշտ է շտապ նախաձեռնել այնպիսի օրենսդրական փոփոխություններ, որոնք առավելագույնս կբարելավեն եւ կկարգավորեն հեռահար ծառայություններ մատուցելը։ Tweet Դիտում՝ 2156