Երեւան, 25 փետրվարի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) գլխավոր տնտեսագետ Էրիկ Բերգլոֆն այսօր Երեւանում հայտարարել է, որ Հայաստանը պահպանում է տնտեսական աճի բարձր ցուցանիշները, սակայն երկրում զգացվում է բարեփոխումների տեմպերի անկում: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, հանդես գալով ՙԿյանքն անցումային շրջանում 2007՚ ՎԶԵԲ-ի զեկույցի շնորհանդեսին, Էրիկ Բերգլոֆն ասել է, որ ՀՀ տնտեսական կայուն աճին նպաստում են ուղիղ արտասահմանյան ներդրումներն ու շինարարության բուռն զարգացումը, որը հիմնականում ֆինանսավորվում է արտասահմանից փոխանցվող գումարների հաշվին: Զեկույցի տվյալները վկայում են, որ անցումային տնտեսությամբ մյուս երկրների հետ համեմատ, Հայաստանում աշխատավարձը մնում է ցածր: Լուրջ խնդիր է նաեւ հարկերի ցածր հավաքագրումը, ասել է ՎԶԵԲ ներկայացուցիչը: ՎԶԵԲ-ի գլխավոր տնտեսագետը կարծում է, որ բարեփոխումների տեմպերի բարձրացման համար Հայաստանի իշխանությունները պետք է բարելավեն պետական ծառայության որակը, միջոցներ ներդնեն մարդկային կապիտալի մեջ եւ չառհամարհեն մասնավոր հատվածի "նոու-հաուն": ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 5505