Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը եւ նպատակ ունենալով մեղմելու հաճախորդների համար կորոնավիրուսի պատճառով ստեղծված հետեւանքները, Յունիբանկը կերկարաձգի վարկերի մարման ազատ գրաֆիկի ժամկետը մինչեւ 2020-ի մայիսի 31-ը: Ինչպես նշել են բանկում, նշված ժամկետից հետո վարկերի մարման ժամանակացույցերում կկատարվեն հետեւյալ փոփոխությունները` ֆիզիկական անձանց տրամադրված անգրավ սպառողական վարկերի մարման վերջնաժամկետը կերկարաձգվի 6 ամսով եւ 2020-ի մարտի 16-ից մինչեւ մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում գրաֆիկով սահմանված մարման ենթակա մայր գումարների եւ տոկոսների մարումները համամասնորեն կբաշխվեն վարկի մնացորդային ժամկետի վրա: Այս վարկերի համար հերթական մարման օրն է համարվելու հունիսի նույն ամսաթիվը, որը սահմանված էր գործող գրաֆիկով: Օրինակ`մարտի 20-ին մարում ունեցող հաճախորդի առաջին մարումը կլինի հունիսի 20-ին:Այս առաջարկը համարվում է հանրային օֆերտա, եւ այն հաճախորդները, որոնք 2020-ի մայիսի 31-ից հետո այս կարգով կկատարեն առաջին վճարումը, կհամարվեն նշված պայմաններին համաձայնություն տված: Բոլոր այն հաճախորդներին, որոնք չեն ցանկանա օգտվել ընձեռված հնարավորությունից, խնդրում ենք հրաժարման մասին տեղեկացնել բանկին՝ գրավոր դիմումի տեսքով: Իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերին, ինչպես նաեւ ֆիզիկական անձանց տրամադրված՝ գրավով ապահովված վարկերի մարման վերջնաժամկետը կերկարաձգվի 6 ամսով եւ 2020-ի մարտի 16-ից մինչեւ մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում գրաֆիկով սահմանված մարման ենթակա մայր գումարների եւ տոկոսների մարումները համամասնորեն կբաշխվեն վարկի մնացորդային ժամկետի վրա:«Բանկի կողմից ընձեռված հնարավորությունից օգտվել ցանկացող հաճախորդներին խնդրում ենք ներկայացնել գրավոր դիմում սկսած 2020-ի մայիսի 1-ից` համապատասխան համաձայնագիր կնքելու նպատակով: Դիմումները բանկ կարելի է նաեւ ներկայացնել unibank@unibank.am հասցեով»,- նշված է հաղորդագրության մեջ: Tweet Դիտում՝ 1795