ԵՄ-ն ֆինանսական աջակցության փաթեթ կգործարկի Հայաստանում

30.03.2020 | 16:46 Գլխավոր էջ / Նորություններ /
#COVID-19 #ԵՄ #աջակցություն
Կորոնավիրուսային համավարակի բռնկումներին ուղղված գլոբալ արձագանքման գործողությունների շրջանակում Եվրահանձնաժողովը սատարում է Արեւելյան գործընկեր երկրներին եւ վերաբաշխել է €140 մլն աջակցությունը, այդ թվում՝ Հայաստանի առավել անմիջական կարիքների արձագանքման համար:

Բացի այդ, հանձնաժողովը կվերաձեւակերպի մինչեւ €700 մլն արժողությամբ ամբողջ տարածաշրջանում կիրառվող ֆինանսավորման գործիքների նպատակայնությունը, ուղղելով դրանք՝ ի նպաստ կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամի սոցիալ-տնտեսական վնասների մեղմմանը:

«Այսօրվա փաթեթն արձագանքում է ինչպես առողջապահական համակարգերի անհապաղ կարիքներին, այնպես էլ հասարակության առավել խոցելի խմբերի,  մասնավորապես՝ փոքր եւ միջին ձեռնարկությունների ավելի երկարաժամկետ կարիքների արձագանքմանը, որոնք կազմում են վեց երկրների տնտեսությունների ողնաշարը»,- նշել է  ԵՄ Հարեւանության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհելին:

Գործընկեր երկրների, այդ թվում՝ Հայաստանի խնդրանքով, հանձնաժողովը կարձագանքի անհապաղ կարիքներին՝ աջակցելով բժշկական սարքերի եւ անձնական պարագաների այդ թվում՝   բժշկական օդափոխիչների, լաբորատոր պարագաների, հավաքածուների, դիմակների, ակնոցների, բժշկական համազգեստի  եւ անհատական պաշտպանիչ համազգեստների մատակարարմանը։

Եվրահանձնաժողովն աշխատում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ` €30 մլն արժողությամբ աջակցության փաթեթ տեղակայելու նպատակով եւ ապահովելու, որպեսզի առաջիկա շաբաթների ընթացքում այդ անհրաժեշտ պարագաները համատեղ կարգով  ձեռք բերվեն եւ արդյունավետ մատակարարվեն վեց երկրների առողջապահական համակարգերին: Աջակցություն կտրամադրվի նաեւ բժշկական եւ լաբորատորիաների անձնակազմի վերապատրաստմանը եւ ավելի լայն հասարակության իրազեկման միջոցառումներին:

ԵՄ-ն  տարածաշրջանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար հասանելի է դարձրել ավելի քան €11,3 մլն ծավալով փոքր դրամաշնորհներ:

Մոտակա օրերին Հայաստանում կգործարկվի Կարմիր խաչի եւ այլ տեղական ՀԿ-ների հետ համատեղ ծրագրեր  ուղղված՝ տարեցների, անապահով ընտանիքների եւ հաշմանդամություն ունեցող անձանց աջակցությանը, այդ թվում մարզերում:

ԵՄ-ն սերտ համագործակցում է Միջազգային ֆինանսական հաստատությունների (ՄՖՀ) ԵՄ անդամ պետությունների համապատասխան ֆինանսական կառույցների հետ՝ TEAM EUROPE ծրագրի ներքո ապահովելով համակարգված եվրոպական արձագանք իրական տնտեսությունների, ներառյալ ՓՄՁ-ների կարիքներին։

Այսպես՝  

- Կգործարկվի 100 մլն եվրո աջակցության տրամադրման տարածաշրջանային նոր ծրագիր,  որը կօգնի ՓՄՁ-ներին, ներառյալ ինքնազբաղված անձանց եւ այլոց, հեշտությամբ ստանալ հայկական դրամով վարկեր եւ ճգնաժամից հետո խթանել իրենց բիզնեսը: Այն համալրվելու է հայաստանյան ՓՄՁ-ների համար հասանելի 13 մլն եվրո արժողությամբ աջակցության նոր ծրագրով։
- ԵՄ-ն եւ ՀՀ կառավարությունը համատեղ ուսումնասիրում են նաեւ Հայաստանի համար Հարեւանության ներդրումային պլատֆորմի շրջանակներում ավելի քան 30 մլն եվրո մոբիլիզացնելու հնարավորությունը, գոյություն ունեցող ծրագրերի  միջոցով։   
- Դյուրացնել, պարզեցնել, արագացնել  եւ ամրապնդել տեղական արժույթով ՓՄՁ-ներին ուղղված վարկային գծերի եւ դրամաշնորհների իրացումը, որը կազմում է 200 մլն եվրո ամբողջ տարածաշրջանի համար, այդ թվում նաեւ EU4Business ծրագրի միջոցով:
- Բացի այդ, ներկա ճգնաժամային իրավիճակում ԵՄ-ն հասանելի է դարձրել 500 մլն եվրո  Կայուն զարգացման եվրոպական հիմնադրամի (ԿԶԵՀ) ներքո հիմնական ռիսկերի նվազեցման գործիքակազմի միջոցներից։ Այն կապահովի լիկվիդայնության արագ տրամադրում եւ կարող է անհապաղ տեղակայվել ՄՖՀ գործընկերների կողմից` ԵՄ հարեւանության տարածքում լիկվիդայնության տրամադրումը դյուրացնելու  նպատակով, այդ թվում՝ շրջանառու կապիտալի, առեւտրի ֆինանսավորման կամ պարտքերի սպասարկման մորատորիումի իրականացման միջոցով:

Եվրոպական միությունը, միաժամանակ, աշխատում է ընթացիկ ծրագրերի վերաձեւակերպման ուղղությամբ՝ արձագանքելու Հայաստանի կարիքներին`համաճարակի դեմ պայքարում: Այս տրամաբանությամբ նախորդ շաբաթ իրականացվել է €1,75 մլն հատկացում՝ Պետական ֆինանսների քաղաքականությանը ԵՄ բյուջետային աջակցության ընթացիկ ծրագրի շրջանակներում:

Նույն տրամաբանությամբ, քննարկումներ են ընթանում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ  միասին Հայաստանում COVID-19 վարակի կանխարգելման եւ կառավարման նպատակով տեխնոլոգիական լուծումների ուսումնասիրության  եւ աջակցության հնարավորությունների վերաբերյալ։
Դիտում՝ 8125
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW