ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ հատկապես կորոնավիրուսի ճգնաժամի պայմաններում գյուղատնտեսությունը դառնում է ամենակարեւոր եւ հետաքրքիր գործունեության ոլորտներից մեկը: Վարչապետի խոսքով՝ նոր պայմաններում գյուղատնտեսության կարեւորությունն ընդգծվում է մի քանի պատճառներով:«Առաջինը՝ պարենային անվտանգության խնդիրները հիմա առավել հրատապություն եւ կարեւորություն են ստանում ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլեւ ողջ աշխարհում: Երկրորդը՝ գյուղատնտեսությունն այն ոլորտն է, որտեղ սոցիալական հեռավորություն պահպանելու առավել նախընտրելի եւ արդյունավետ հնարավորություններ կան: Երրորդը՝ մենք տեսնում ենք, որ Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում նոր աշխատատեղեր ձեւավորելու եւ ինքնազբաղվածություն ապահովելու լայն հնարավորություններ կան: Մասնավորապես՝ կա լքված հողերը կրկին վերադարձնելու հնարավորություն: Եվ չորրորդ՝ կարծում ենք, որ հիմա շատ հարմար ժամանակաշրջան է իրականացնել այնպիսի ինստիտուցիոնալ բարեփոխումներ կամ խթանել ինստիտուցիոնալ բարեփոխումների այնպիսի ընթացք, որ նախկինում օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով հնարավոր չէր լինում իրականացնել»,- խոհրդակցության ժամանակ թվարկել է Նիկոլ Փաշինյանը:Կառավարության ղեկավարը շեշտել է, որ առաջիկայում պետք է խթանել գյուղացիական, գյուղատնտեսական կոլեկտիվների, կոոպերատիվների ձեւավորումը.«Կա գաղափար, որ կոոպերատիվների ղեկավարի կարգավիճակում լինեն լիցենզավորված, դասընթացներ անցած մարդիկ, եւ որոնց համար լինի պարտադիր որոշակի ժամանակը մեկ արագ դասընթացներ անցնել, գուցե՝ լիցենզավորումը վերահաստատել եւ այդպես շարունակ»: Tweet Դիտում՝ 934