Համաշխարհային բանկի (ՀԲ) գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է 17.9 մլն եվրո (20 մլն դոլարի համարժեք) արժողությամբ վարկ՝ «Սոցիալական ներդրումներ եւ տեղական զարգացում» (ՍՆՏԶ) ծրագրի Լրացուցիչ ֆինանսավորման համար։ Ծրագիրը կօգնի ՀՀ կառավարությանը՝ համայնքային եւ միջհամայնքային ենթակառուցվածքների ու ծառայությունների որակը, հասանելիությունը եւ կիրառելիությունը բարելավելու գործում։Աջակցելով միջհամայնքային երկխոսության կայացմանը՝ Լրացուցիչ ֆինանսավորման ենթածրագրերի միջոցով ֆինանսավորելու են հանրային սեփականություն հանդիսացող ենթակառուցվածքները եւ ծառայությունները՝ մարզերի կամ համայնքների խմբերի սոցիալ-տնտեսական եւ մարդկային կապիտալի զարգացումը բարելավելու նպատակով։ Ծրագիրը թույլ է տալու Հայաստանի համայնքների բնակչությանը միկրո ծրագրերի միջոցով օգտվել վերանորոգված ու վերականգնված սոցիալական ենթակառուցվածքներից՝ մանկապարտեզներում, դպրոցներում, ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերում, համայնքային կենտրոններում, բուժհաստատություններում, փոքր ոռոգման համակարգերում եւ տեղական այլ ենթակառուցվածքներում։ Դրանք ընտրվելու են համայնքի խոցելիության աստիճանի եւ ներկայացված ենթածրագրային հայտերի պոտենցիալ սոցիալ-տնտեսական ազդեցության գնահատականի հիման վրա։«Նոր ծրագրից անմիջականորեն օգտվելու են մոտավորապես 55 համայնքներ, որոնցից 35-ը վերջերս խոշորացված համայնքներ են՝ հիմնականում գյուղական շրջաններում, եւ նրանք հնարավորություն կունենան վերհանելու իրենց ներդրումային կարիքները», - նշել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոն։ «Ես հատկապես ուրախ եմ, որ այս ծրագիրը նաեւ փորձելու է նպաստել համայնքներում եկամտաբեր գործունեությանը, որը կարող է տնտեսական հնարավորություններ բացել»,- ասել է նա։Ծրագիրն ունի երեք բաղադրիչ։ Առաջին բաղադրիչով աջակցություն է տրամադրվում համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանն ու կարողությունների ձեւավորմանը։ Լրացուցիչ ֆինանսավորմամբ շարունակվելու է այն միկրո ծրագրերի ֆինանսավորումը, որոնք հասցեագրված են 20 խոցելի համայնքներին՝ համայնքի բազային ենթակառուցվածքների առաջնահերթ կարիքները հասցեագրելու նպատակով։Երկրորդ՝ սոցիալական եւ տնտեսական զարգացման միջհամայնքային նախաձեռնություններ բաղադրիչով ֆինանսավորվելու է 35 նախաձեռնություն, որոնք կունենան ավելի երկարաժամկետ զարգացման ազդեցություն՝ համախմբելով երկու կամ ավելի համայնքներ։ Համագործակցային զարգացման այս նոր մոտեցմամբ լրացուցիչ խթաններ են տրամադրվելու համայնքներին՝ տարածքային բարեփոխումների հայեցակարգին համապատասխան զարգացման կապերն ու հնարավորությունները լիարժեք օգտագործելու նպատակով։Երրորդ բաղադրիչով աջակցություն է տրամադրվելու Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) ինստիտուցիոնալ հզորացմանը։ Տարածքային բարեփոխումներին համապատասխան՝ ՀՏԶՀ-ն աստիճանաբար անցում է կատարում հիմնականում սոցիալական ենթակառուցվածքին վերաբերող միկրո ծրագրերից դեպի կայուն տարածքային զարգացման ծրագրերի իրականացման խոշորացված համայնքների կողմից։«Գործառնական կարգավորումներն ու ընթացակարգերը կկատարելագործվեն՝ հզորացնելով համայնքի ներգրավվածությունն ու մասնակցությունը», - նշել է Համաշխարհային բանկի ծրագրի թիմի ղեկավար Իվան Դրաբեկը։ «Ավելին, քաղաքացիական մասնակցության շրջանակը պետք է հզորացնել շահառուների կարծիքն ավելի լավ ներկայացնող ու չափորոշող գործիքների կիրառմամբ։ Եվ վերջիվերջո, գենդերային տարբերությունները կպարզվեն ու կհասցեագրվեն՝ ապահովելով տեղական մակարդակում որոշումների կայացման գործընթացներում կանանց ավելի ուժեղ մասնակցություն»,-ասել է նա։17.9 մլն եվրոն (20 մլն դոլարի համարժեք) ՎԶՄԲ վարկ է, որն ունի փոփոխական սպրեդ, 14.5 տարի անտոկոս ժամանակահատված եւ 25.5 տարի ընդհանուր մարման ժամկետ։ ՀՀ կառավարությունը եւ շահառու համայնքները տրամադրելու են ընդհանուր 7.52 միլիոն եվրո գումարի համաֆինանսավորում։1992 թ. Համաշխարհային բանկին եւ 1993 թ.Միջազգային զարգացման ընկերակցությանը միանալուց ի վեր՝ Հայաստանի ընդհանուր պարտավորության չափը կազմել է մոտավորապես 2,434,734 մլն դոլար։ Tweet Դիտում՝ 1262