ՀՀ քաղաքացիները կկարողանան տարին մեկ անգամ անվճար ստանալ իրենց վարկային պատմությունը

07.02.2008 | 13:36 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 7 փետրվարի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արթուր Ջավադյանն այսօր հայտարարել է, որ շուտով Հայաստանի քաղաքացիները կկարողանան տարին մեկ անգամ անվճար ստանալ իրենց վարկային պատմությունները:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, ներկայացնելով այսօր կառավարության կողմից հավանության արժանացաց “Վարկային տեղեկատվության շրջանառության եւ վարկային բյուրոների գործունեության մասին” օրենքի նախագիծը, Արթուր Ջավադյանն ասել է, որ այդ փաստաթուղթը նախատեսում է վարկատուների սկորինգային համակարգի ներդրում:

Սկորինգային համակարգը նախատեսվում է ներդնել առեւտրային բանկերից եւ վարկային կազմակերպություններից ստացված տեղեկությունների հավաքագրման եւ մշակման ավարտից հետո: Արթուր Ջավադյանը նաեւ նշել է, որ վարկային տեղեկության առկայությունը հետագայում Հայաստանի քաղաքացիներին կազատի “թղթաբանությունից”:

“Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին” ՀՀ օրենքի նախագծով ՀՀ-ում ներդրվում է նոր ինստիտուտ, որը նպատակ է հետապնդում ՀՀ-ում ֆինանսական շուկայում բարձրացնել ֆինանսական միջնորդային և վարկային գործունեության ծավալները, լրացուցիչ մեխանիզմներ ստեղծել ֆինանսական շուկայում սպառողների շահերի պաշտպանության համար, ստեղծել ֆինանսական կազմակերպությունների կողմից վարկավորման ռիսկերի գնահատման մեխանիզմներ և պաշտպանել վարկատուների շահերը, ներդնել և զարգացնել սկորինգային համակարգը Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև հնարավորություն ընձեռել սպառողներին վարկային պատմության ստեղծման միջոցով հասնել մեծ ծավալների վարկերի ստացմանը: Կձևավորվի գործարար շրջանառության սովորույթ ֆինանսական կազմակերպությունների կողմից վարկեր տրամադրել այն անձանց, որոնք թեև չունեն բիզնես կամ գրավադրվող միջոցներ, բայց ունեն լավ վարկային պատմություն: Նշվածը կբերի ոչ միայն վարկավորման ծավալների մեծացմանը, այլև բնակչության լայն զանգվածների համար հնարավորություն կընձեռնվի սակավ միջոցներով ստանալ վարկեր:

Նախագիծը կստիպի նաև մարդկանց դրսեվորել բարեխիղճ վարքագիծ` գիտակցելով, որ պարտավորությունների բարեխիղճ կատարման պարագայում ստանալու է մի շարք առավելություններ ֆինանսական ոլորտի հարաբերություններում:

Նախագիծը մշակվել է միջազգային լավագույն փորձի հիման վրա և փորձաքննության է ենթարկվել USAID-ի օտարերկրյա փորձագետների կողմից:

Վարկային բյուրոն իրականացնելու է վարկային տեղեկատվության հավաքագրման, մշակման, ձևավորման և պահպանման, դրանց հիման վրա վարկային զեկույցի պատրաստման գործունեություն, իր հաճախորդներին մատուցելու է խորհրդատվական ծառայություններ` կապված վարկային տեղեկատվության և այլ տվյալների հավաքագրման, ձևավորման, պահպանման և տրամադրման հետ: Վարկային բյուրոն կարող է նախագծել և վաճառել վարկային տեղեկատվության և այլ տվյալների հավաքագրման, մշակման, պահպանման և փոխանցման ծրագրային ապահովման միջոցներ:

Նախագիծը սահմանում է վարկային բյուրոյի կողմից մատուցվող ծառայությունների մատչելիությունը սպառողներին, մասնավորապես` հնարավորություն է ընձեռնում անձին ստանալ անվճար վարկային զեկույցներ նրա համար անբարենպաստ հետևանքներ առաջացնալու դեպքում (օրինակ` բանկը մերժել է վարկ տրամադրել, քանի որ անձը ունի վատ վարկային պատմություն), իսկ տարին մեկ անգամ անկախ հետևանքից:

Նախագիծը հնարավորություն է ընձեռնում անձանց դյուրին ընթացակարգերով ճշգրտել, վիճարկել, փոփոխել վարկային տեղեկատվությունը: Անձին հասանելի է դառնում իր վերաբերյալ հավաքված ամբողջ տեղեկատվությանը:

Նախագծով սահմանված են վարկային բյուրոյի թափանցիկ գործունեությանը վերաբերող դրույթներ` մասնավորապես, վարկային բյուրոն պարտավոր է ունենալ ինտերնետային էջ, որտեղ հրապարակվելու ու պարբերաբար թարմացնվելու են իր կողմից մատուցվող ծառայությունների, վեճերի լուծման ընթացակարգի, վարկային զեկույցների ստացման վերաբերյալ տեղեկատվությունը:

Բոլոր վարկային բյուրոներին պարտադիր վարկային տեղեկատվություն են տրամադրելու Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը, այդ թվում` օտարերկրյա բանկերի Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերը և վարկային կազմակերպությունները, ապահովագրական ընկերությունները` ապահովելով ֆինանսական համակարգում ամբողջական տեղեկատվության առկայություն:

Սպառողների շահերի պաշտպանության լրացուցիչ մեխանիզմ է հանդիսանում նաև վարկային բյուրոյի գործունեության լիցենզավորումը և վերահսկողություն` կոնկրետ պահանջներ ներկայացնելով վարկային բյուրոյի տեխնիկական հագեցվածությանը, տվյալների բազայի վարմանը, նրա ղեկավարներին և այլն:
ՄԵԴԻԱՄԱՔՍ:


Դիտում՝ 6581
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW