Երեւան, 7 փետրվարի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. ՀՀ կառավարությունն այսօր հավանություն է տվել “Վարկային տեղեկատվության շրջանառության եւ վարկային բյուրոների գործունեության մասին” օրենքի նախագծին: Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են կառավարության մամլո ծառայությունում, օրինագծի նպատակը վարկային բյուրոների գործունեության համար իրավական հիմքերի ստեղծումն է, ինչպես նաեւ վարկային տեղեկատվության հավաքագրման եւ դրա հիման վրա վարկային զեկույցների պատրաստման գործունեության կանոնակարգումը: Օրինագծին ընդունման հետ կապված, կառավարությունը նաեւ որոշել է փոփոխություններ մտցնել “Բանկային գաղտնիքի մասին”, “Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին”, “Կենտրոնական բանկի մասին” եւ մի շարք այլ օրենքներում: Բոլոր օրինագծերը սահմանված կարգով կներկայացվեն Հայաստանի Ազգային Ժողով: Ինչպես կառավարության նիստում հայտնել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը, ձեռք բերված նախնական պայմանավորվածության համաձայն, երկօրյա ժամկետում “Վարկային տեղեկատվության շրջանառության եւ վարկային բյուրոների գործունեության մասին” օրենքի նախագիծը կքննարկվի Հարկային պետական ծառայության, Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի եւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 6063