Երեւանում գործող առեւտրի խոշոր կենտրոնները, կորոնավիրուսի հետագա տարածումը կանխելու նպատակով, այսօր հայտարարել են ժամանակավորապես փակվելու մասին։ «Երեւան Մոլը», «Դալմա Գարդեն մոլը» եւ «Ռիո մոլը» մարտի 16-ից 23-ը փակ կլինեն։ «Մեզ համար առաջնային եւ բիզնես շահերից վեր են մեր աշխատակիցների, հաճախորդների եւ վարձակալների անվտանգությունն ու առողջությունը: Կոչ ենք անում հանրային այլ վայրերին եւս գործել այս կերպ՝ վարակի տարածմանը չնպաստելու համար»,- ասել է «Երեւան Մոլի» գլխավոր տնօրեն Վազրիկ Սեկոյանը։ Չեն գործելու նաեւ «Երեւան Մոլի» կազմում գտնվող «Կինոպարկ» կինոթատրոնը եւ «Նավապետ Քիդ» զվարճանքի կենտրոնը։ Գործելու է միայն Քարֆուր սուպերմարկետը՝ սննդամթերքի եւ առաջնային անհրաժեշտության այլ ապրանքների ձեռքբերումը չսահամանափակելու նպատակով։ Որոշման արդյունքում չի անտեսվելու նաեւ իր տարածքում գործող վարձակալների գործարար բարօրությունը եւ հատուկ հոգածության միջոցներ կձեռնարկվեն նաեւ այդ ուղղությամբ։ «Դալմա Գարդեն մոլի» տարածած հայտարարությունում էլ ասված է. «Այսօր մարդկության առջեւ ծառացած մեծ խնդիրը համընդհանուր է ու յուրաքանչյուրիս է վերաբերում: Մի շարք երկրներ՝ տնտեսական, իսկ բիզնեսներ ֆինանսական ճգնաժամի շեմին են։ Որպես շահույթ հետապնդող կազմակերպություն՝ «Դալմա Գարդեն մոլը» եւս մտահոգված է այս խնդրով։ Գնալով այս քայլին՝ մենք գիտակցում ենք, որ կունենանք ֆինանսական կորուստներ, սակայն առաջին հերթին արժեւորվում ենք մարդու առողջությունը, մեր հաճախորդների, աշխատակիցների եւ գործընկերների բարօրությունը։ Եկեք գիտակցենք, որ ինչքան շուտ սկսենք տանը մնալ, այնքան քիչ կտարածվի վարակը։ Սովորենք մյուսների սխալներից եւ մաղթենք մեր բարեկամ երկրներին առողջություն։ Չսպասենք համաճարակի տարածմանը եւ ծայրահեղ իրավիճակի ստեղծմանը։ Գործենք հիմա»։ «Ռիո մոլ»-ում բաց կլինի միայն «Երեւան սիթի» սուպերմարկետը։ Tweet Դիտում՝ 2485