Արարատբանկն ընդլայնել է «Կանաչ» վարկերի շահառուների շրջանակը

06.03.2020 | 11:47 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արարատբանկ #«Կանաչ» վարկ #Աննա Ատովմյան
Արարատբանկը 2019-ի վերջին մեկնարկել է «Կանաչ» վարկավորման 2-րդ փուլը:

2016-ից իրականացվող էներգախնայող վարկային ծրագրի 1-ին փուլում ընդհանուր առմամբ 762 238 334 դրամի չափով վարկային միջոցներ են հատկացվել 12 ընկերության՝ էներգախնայող ներդրումների համար:

«Եթե վարկատեսակը 2016-18-ին տրամադրվել է բացառապես առեւտրի, արտադրության, ծառայությունների մատուցման, բեռնափոխադրումների, ինչպես նաեւ հյուրանոցային ոլորտի ընկերություններին, ապա 2019-ի վերջին բանկն ընդլայնել է վարկավորման ուղղությունները՝ «Կանաչ» վարկավորման շրջանակում ընդգրկելով նաեւ գյուղատնտեսության ոլորտում զբաղված տնտեսվարող սուբյեկտներին եւ անհատ գյուղացիներին»,- լրագրողների հետ հանդիպմանն ասել է Արարատբանկի «Կանաչ» վարկերի պատասխանատու Աննա Ատովմյանը:

«Կանաչ» վարկերը տրամադրվում են միայն դրամով՝ 1 մլն-ից մինչեւ 500 մլն-ի չափով: Վարկի տարեկան անվանական տոկոսադրույքը կազմում է 10%, իսկ մարման ժամկետը՝ մինչեւ 5 տարի:

Աննա Ատովմյանի խոսքով՝ այս փուլում Հայաստանի տնտեսության վրա էական դրական ազդեցություն ունեցող ներդրումային ծրագրի համար վարկի գումարը կարող է հասնել մինչեւ 1 մլրդ դրամի:

«Ընդլայնվել է նաեւ վարկի նպատակային շրջանակը՝ կապիտալ ներդրումներին եւ հիմնական միջոցների ձեռքբերմանն ավելացել են շրջանառու միջոցների համալրումը, էներգածառայությունները, գյուղատնտեսության ոլորտը՝ գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերման, ջերմոցային տնտեսությունների առումով»,- նշել է «Կանաչ» վարկերի պատասխանատուն:

Բանկը «Կանաչ» վարկերը տրամադրելիս վարկային փաթեթի կազմման եւ սպասարկման վճար չի գանձում, չկա նաեւ վարկային հայտի ուսումնասիրության վճար: Այսինքն, հաճախորդը բանկ դիմելով, ունենալու է միայն գրավ առաջարկվող գույքերի գրավադրման, գնահատման ծախսերը:

Անդրադառնալով մինչ այս «Կանաչ» վարկերով իրականացված աշխատանքներին՝ Աննա Ատովմյանն ասել է, որ այսպիսի վարկ է տրամադրվել հյուրանոցային բիզնեսին, որի աշխատանքները գրեթե ավարտված են.

«Հստակ պայմաններ կային, օրինակ՝ շենքի կառուցումը պետք է արվեր կոնկրետ էներգախնայող պանելներով, լուսամուտները պետք է լինեն 2-3 շերտով իզոլացված ապակիներով: Կառուցումն իրականացնող ընկերությունն իր նախահաշվի մեջ ներկայացրել է այս ամենը: Հյուրանոցի շենքի ներսի օդափոխության, ջեռուցման ու լուսավորության համակարգներն ամբողջությամբ արվել են «Կանաչ» վարկավորմամբ:

Ունեցել ենք նաեւ միկրովարկավորման լավ օրինակ՝ փոքր տնտեսական խանութ, որն ամբողջությամբ փոխել է լուսավորության համակարգն ու պատերի ջերմամեկուսացումը»:

Ինչ վերաբերում է վարկավորման մերժմանը՝ Աննա Ատովմյանն ասել է, որ մերժումը լինում է բանկի բոլոր բիզնես վարկերի կարգին համապատասխան:

«Առհասարակ բանկը մերժում է վատ վարկային պատմության, ոչ ընդունելի գրավի առաջարկման, ընկերության ֆինանսական ոչ կայուն վիճակի պատճառներով:

Եթե հաճախորդը դիմում է «Կանաչ» վարկերի շրջանակում, բայց ծրագրի տակ չենք կարողանում վարկավորել, այդ դեպքում չենք մերժում, այլ վարկավորումն իրականացնում ենք այլ ծրագրի միջոցներից»,- հավելել է նա:

«Կանաչ» վարկավորումն իրականացվում է գերմանական KfW բանկի «էներգաարդյունավետություն ՓՄՁ-ների համար» ծրագրի շրջանակում:
Դիտում՝ 3054
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW