ՏՄՊՊՀ նախագահը խոսել է դիմակների ու պարենի գների մասին
02.03.2020 | 14:12 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

«Խոշոր դեղատնային ցանցերը կամ ներմուծողները դիմակ չեն արտահանել, որեւէ խոշոր ներմուծողի մոտ դիմակի գին չի բարձրացվել: Այս պահին այո՛, կան ցանցեր, որոնց մոտ դիմակ ընդհանրապես գոյություն չունի, բայց գին չի բարձրացվել: Այսինքն, այն, որ ստեղծվում է արհեստական դեֆիցիտ կամ կա գների չհիմնավորված բարձրացում, իրականությանը չի համապատասխանում: Փոքր դեղատներում կա դիմակի գների բարձրացում, տեղեր կան՝ 200-300 դրամ, նույնիսկ ասում են, համացանցում են վաճառում, բայց դրանք հիմնականում տնտեսվարող սուբյեկտներ չեն, դրանք մեր տիրույթում չեն: Հիմնական ծավալ ապահովող ընկերությունները գնային փոփոխություն այս պահին չեն իրականացրել»,- մանրամասնել է ՏՄՊՊՀ նախագահը:
Նա նշել է, որ այս պահին աշխատանքներ են իրականացնում, որ կարողանան դրսի արտադրողներին կապել Հայաստանի ներմուծողների հետ՝ դիմակների նոր խմբաքանակներ բերելու համար:
«Ինչպես դրսի մեր գործընկերներն են հայտնում, աշխարհում դիմակների դեֆիցիտ կա ընդհանրապես, եւ դրանց գները որոշակի առումով դրսում բարձրացել են: Այսինքն, նոր խմբաքանակները, եթե կարողանան նույնիսկ բարձր գնով ձեռք բերել, Հայաստանում լինելու են թանկ»,- ասել է Գեղամ Գեւորգյանը:
Նա շեշտել է, որ ՀՀ առողջապահության նախարարությունը պահեստավորված դիմակներ ունի սեփական կարիքների համար եւ որոշակի խմբաքանակ եւս ձեռք է բերել:
Ինչ վերաբերում է ախտահանիչ նյութերին, ՏՄՊՊՀ նախագահն ասել է, որ դրանց խնդիրն առաջացել է 1-2 օրվա ընթացքում՝ կորոնավիրուսով վարակված առաջին պացիենտի մասին տեղեկատվությունից հետո.
«Իրավիճակն այսօր բոլորովին այլ է, դեղատներում կան ախտահանիչ նյութեր, ունենք տեղական արտադրողներ, որեւէ մեկը գին չի բարձրացրել»:
Գեղամ Գեւորգյանի խոսքով՝ պարենային ապրանքների հետ կապված խուճապահար գնումների անհրաժեշտություն եւս չկա.
«Որեւէ ապրանքի գծով այս պահին չունենք անհանգստացնող երեւույթ: Իրավիճակի հետ կապված խոշոր խանութներում գների բարձրացում չկա»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: