Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնը (ՏԶՆԿ) Banks.am-ին է տրամադրել իր հետազոտությունը, որտեղ ներկայացնում է մշակող արդյունաբերության 2018-2019-ի կատարողականը: Մշակող արդյունաբերության արտադրանքի արտադրության ծավալները 2019-ին կազմել են 1,47 տրիլիոն դրամ, իսկ աճը 2018-ի համեմատ՝ 7,6%: Մշակող արդյունաբերության ընդամենը 4 ոլորտի՝ սննդամթերքի, խմիչքի, ծխախոտի եւ հիմնային մետաղների արտադրության տեսակարար կշիռը կազմել է շուրջ 75%, ինչը փաստում է չդիվերսիֆիկացված կառուցվածքի մասին:2019-ին մշակող արդյունաբերության արտադրանքի իրացման կառուցվածքում 63,3%-ը բաժին է ընկել տեղական շուկային՝ 2018-ի 64,4%-ի համեմատ, իսկ արտահանման մասնաբաժինը կազմել է 36%: Իրացման ծավալների աճի տեսանկյունից օտարերկրյա շուկաներում արտադրանքի իրացման աճի տեմպը կազմել է 10,6%, իսկ տեղական շուկայի պարագայում՝ 7,2%: Ուստի, կարող ենք փաստել, որ մշակող արդյունաբերության արտադրանքի ծավալների աճի գործում կարեւոր դեր է խաղացել արտահանումը: Ամենամեծ տեսակարար կշիռը բաժին է ընկել սննդամթերքի արտադրությանը՝ 37,3%, որի արտադրանքի արտադրության ծավալները նախորդ տարվա համեմատ աճել են 4,1%-ով՝ պայմանավորված ինչպես դեպի ԱՊՀ երկրներ արտահանման, այնպես էլ տեղական շուկայում իրացման ծավալների աճով: Տեղական շուկայում իրացման ծավալներին բաժին է ընկել իրացման 93,4%-ը եւ արձանագրվել է 4,8% աճ, մինչդեռ արտահանման ծավալներն արձանագրել են 6,4% աճ: Երկրորդ խոշոր ոլորտը՝ ծխախոտի արտադրությունը, արձանագրել է 6,8% աճ, որը բացառապես պայմանավորված է արտահանման ծավալների աճով, քանի որ իրացումը ՀՀ տարածքում կրճատվել է: Արտադրության շուրջ 73%-ը իրացվել է օտարերկրյա շուկաներում, իսկ ներքին շուկայում`շուրջ 27%-ը:Խմիչքի արտադրության պարագայում գրանցվել է 15,9% աճ, որը բացառապես պայմանավորված է ինչպես դեպի ԱՊՀ, այնպես էլ այլ երկրներ արտահանման ծավալների աճով, մինչդեռ սեփական արտադրանքի իրացումը տեղական շուկայում կրճատվել է: Արտադրության շուրջ 67%-ը իրացվել է օտարերկրյա շուկայում, իսկ ներքին շուկայում` շուրջ 33%-ը:Հիմնային մետաղների արտադրության պարագայում գրանցվել է 3,5% անկում: Անկում է գրանցվել նաեւ ոսկերչական արտադրատեսակների արտադրության եւ մեքենաների եւ սարքավորանքի արտադրության ուրիշ խմբավորումներում չներառված ոլորտների կտրվածքով, մինչդեռ մնացած ոլորտներում արտադրության ծավալների աճ է արձանագրվել: «Դիտարկվող ժամանակահատվածում մշակող արդյունաբերության արտադրանքի արտադրության ծավալների աճի գործում որոշակիորեն ավելացել է արտահանման դերակատարումը, թեպետ այս ճյուղի աճը հիմնականում կախված է ներքին շուկայից: Հետեւաբար՝ միջնաժամկետ հատվածում մշակող արդյունաբերության ավելի բարձ աճի տեմպերը պայմանավորված են լինելու հիմնականում արտահանման ծավալների աճի տեմպերով»,- ամփոփել են ՏԶՆԿ-ում: Tweet Դիտում՝ 5681