«Լիդիան»-ը կառավարությանը կոչ է արել ձեռնարկել անհապաղ միջոցներ

20.02.2020 | 13:32 Գլխավոր էջ / Նորություններ /
#Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթիդ #Լիդիան Արմենիա #Ամուլսար
«Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթիդ» ընկերության տարածած հայտարարության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Շրջակա միջավայրի նախարարության կողմից «Լիդիան Արմենիա» ընկերությանը տրվել է Արփա գետից 11լ/վ ծավալով ջրառի թույլտվություն։

Ընկերությունը նախկինում երկու անգամ դիմել է Արփա գետից երկարաժամկետ գործունեության համար անհրաժեշտ ավելի մեծ ծավալով (ավելի քան 40լ/վ) ջրառի համար, երկու դեպքում էլ ստացել է նախարարության մերժումը։ 2019թ․ դեկտեմբերի 23-ին Ընկերությունը դիմել է նախկինից ավելի փոքր ծավալով ջրօգտագործման հայտով, որն ըստ հաշվարկների բավարար կլինի Ամուլսարի ծրագրի շինարարությունն իրականացնելու համար։

Ընկերությունը դիմել է նաեւ երկարաժամկետ գործունեության համար Դարբ գետից անհրաժեշտ ծավալով ջրառի հայտով, որը նույնպես մերժվել է Շրջակա միջավայրի նախարարության կողմից 2019թ․ հոկտեմբեր ամսին։ Ընկերությունը վիճարկում է նախարարության այդ մերժումը Հայաստանի վարչական դատարանում։

«Գնահատելի է, որ կառավարությունը տրամադրել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը  ջրօգտագործման թույլտվությունը, որն անհրաժեշտ է շինարարությունը վերսկսելու համար։ Այնուամենայնիվ, անհրաժեշտ է նշել, որ Ընկերությունը՝ շարունակվող ապօրինի շրջափակման պատճառով, դեռեւս զրկված է իր տարածք մուտք գործելու հնարավորությունից, ինչը հանգեցրել է նրան, որ Ընկերությունը չի կարողացել ներգրավել  Ամուլսարի ծրագրի շինարարության ավարտի համար անհրաժեշտ լրացուցիչ ֆինանսավորում»,- ասել է «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության նախագահի եւ գլխավոր գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդվարդ Սելլերսը։

«Մենք կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը ձեռնարկել անհապաղ միջոցներ Ամուլսարի ծրագրի շուրջ տեւական ապօրինությանը վերջ դնելու համար։ Օրինականության վերականգնումը բխում է հազարավոր հայաստանցիների, այդ թվում՝ շրջակա համայնքների բնակիչների, ընկերության աշխատակիցների, կապալառուների եւ մատակարարների, ինչպես նաեւ Հայաստանում բարեխղճորեն ներդրում կատարած հազարավոր ներդրողների  շահերից, ովքեր ներդրում են արել Հայաստանում այն հավատով, որ իրենց օրինական իրավունքները կպաշտպանվեն»,- ասված է հաղորդագրությունում։
Դիտում՝ 1925
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW