2018-2019 թվականներին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներն ավելացել են ավելի քան 1 մլրդ դոլարով: Աշխատանքային այցով Բեռլինում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ մասին ասել է փետրվարի 13-ին Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամում: «2019 թվականը Հայաստանում տնտեսական առումով շատ նշանակալի տարի էր: Նախ երկար տարիների ընդմիջումից հետո տնտեսական վարկանիշային երկու կազմակերպությունները՝ «Ֆիթչը» եւ «Մուդիսը» բարձրացրեցին Հայաստանի վարկանիշը, տեղի ունեցավ եվրոբոնդերի թողարկում, որն աննախադեպ էր իր պահանջարկով եւ ցածր տոկոսադրույքներով: Բացի այս, 2019 թվականին եւ՛ Համաշխարհային բանկը, եւ՛ Արժույթի միջազգային հիմնադրամը փոխեցին Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարի վերաբերյալ իրենց գնահատականները՝ այն էականորեն բարելավելով, այսինքն դարձնելով ավելի բարենպաստ: Այսօր կարող ենք արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունն իսկապես վայելում է այն պտուղները, որոնք պիտի վայելեր հեղափոխությունից հետո: Իհարկե, չեմ ասում, թե ամեն ինչ կատարյալ է Հայաստանի Հանրապետությունում, բայց կարող եմ ասել, որ մենք ձգտում ենք կատարելության եւ ոչ միայն ձգտում ենք, այլեւ կոնկրետ գործունեություն ենք ծավալում դրա համար»- ասել է վարչապետը:«2019 թվականի արդյունքներով մենք սպասում ենք 7,9-8 տոկոս տնտեսական աճ, եւ Արժույթի միջազգային հիմնադրամի արձանագրմամբ` սա լավագույն ցուցանիշն է ամբողջ եվրոպական տարածաշրջանում: Մենք ունեցել ենք ընդամենը 1,4 տոկոսի գնաճ 2019թ.: Բացի այդ, գործազրկությունը 2,2 տոկոսով անկում է ապրել: Արտահանումն ավելացել է 9 տոկոսով: 2018 թվականից ի վեր մենք կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքում 105 մլն դոլարի գումար ենք վերադարձրել պետական բյուջե», - նշել է Նիկոլ Փաշինյանը: Tweet Դիտում՝ 2352