Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկը (ՍԱԶԲ, BSTDB) եւ «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ն այսօր ստորագրել է 10 մլն դոլարին համարժեք վարկային համաձայնագիր, որի միջոցներն ուղղվելու են Հայաստանում փոքր եւ միջին ձեռնարկությունների վարկավորմանը: «Սա արդեն նման երրորդ համաձայնագիրն է Հայէկոնոմբանկի հետ: Նախորդ համաձայնագրերի շրջանակում ՓՄՁ-ի ֆինանսավորման համար տրվել է մոտ 180 վարկ: Հույս ունենք՝ նոր համաձայնագիրը կծառայի նույն նպատակին, քանի որ կարծում ենք, որ Հայաստանի համար շատ կարեւոր է փոքր եւ միջին բիզնեսի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծումը»,- նշել է Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկի նախագահ Դմիտրի Պանկինը: Դմիտրի Պանկինը Լուսանկարը՝ Մեդիամաքս Նրա խոսքով՝ բանկի նոր ռազմավարությունը ենթադրում է աշխատանքի ընդլայնում ավելի մեծ ենթակառուցվածքային ծրագրերի ուղղությամբ՝ համագործակցելով նաեւ ՀՀ կառավարության հետ: «Նախատեսում ենք առաջիկա 4 տարվա ընթացքում հասնել նախագծերի՝ 130-150 մլն դոլարին համարժեք ֆինանսավորման: Մեծապես կարեւորում ենք համագործակցությունը ֆինանսական սեկտորի հետ, քանի որ չունենք հնարավորություն՝ անմիջական կապ հաստատելու ամեն փոքր ձեռնարկության հետ: Մենք տրամադրում ենք վարկային գծեր տեղական բանկերին, եւ նրանք արդեն աշխատում են փոքր բիզնեսի հետ»,- ընդգծել է Սեւծովյան բանկի նախագահը: Նա նաեւ կարեւորել է Հայաստանի ազգային արժույթով ֆինանսական գործիքների թողարկումը եւ վստահեցրել, որ բանկը կշարունակի ընդլայնել աշխատանքը նաեւ այս ուղղությամբ: Լուսանկարը՝ Մեդիամաքս Դմիտրի Պանկինի խոսքով՝ Հայաստանում մակրոտնտեսական իրավիճակը շատ բարենպաստ է, եւ տնտեսական աճի տեմպը հատկապես տպավորիչ է բանկի անդամ մյուս երկրների համեմատությամբ:Նա նշել է, որ ներքին քաղաքական օրակարգում իրականացվող քայլերը, մասնավորապես՝ կոռուպցիայի դեմ պայքարը, ներդրողների համար հասկանալի խաղի կանոնների սահմանումը ավելի հարմարավետ են դարձնում աշխատանքն օտարերկրյա ներդրողների համար: «Մեզ շատ հեշտ է աշխատել Հայաստանում՝ հատկապես հայկական բանկային համակարգի հետ, քանի որ գիտենք՝ բանկերը գտնվում են վստահելի վերահսկողության ներքո, ֆինանսական դրությունը հասկանալի եւ կանխատեսելի է: Նման ֆինանսական համակարգը թույլ է տալիս օտարերկրյա ներդրողներին այստեղ արդյունավետ աշխատել»,- ամփոփել է նա: Տեքստը եւ լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի Tweet Դիտում՝ 3465