Հրապարակվել են ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի իրականացրած՝ 2019թ. «Շաքարավազ» ապրանքային շուկայում իրականացված ուսումնասիրության արդյունքները: Ինչպես հայտնել են ՏՄՊՊՀ-ում, ուսումնասիրության հիմնական ուղղություններն են եղել ոլորտում առկա պետական կարգավորումների եւ օրենսդրական դաշտի ուսումնասիրությունը եւ դրա ազդեցությունը մրցակցային միջավայրի վրա, շուկայի կառուցվածքի, գնի եւ ինքնարժեքի կառուցվածքի, իրացման շղթայի ուսումնասիրությունները եւ այլն:Ըստ ՀՀ ՊԵԿ-ի կողմից հանձնաժողով ներկայացված տվյալների՝ 2019թ. հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում ՀՀ տարածք է ներմուծվել 8 000 000 կգ շաքարավազ 47 տնտեսվարող սուբյեկտի կողմից: Ներմուծված շաքարավազը հիմնականում եղել է ուկրաինական ծագման: Նույն ժամանակահատվածում շաքարավազի արտադրությունը Հայաստանում կազմել է 59 800 000 կգ։Փոփոխվել են տնտեսվարող սուբյեկտների մասնաբաժինները. նվազել է առավել խոշոր ներմուծման եւ իրացման ծավալներ ունեցող տնտեսվարող սուբյեկտների՝ «Ալեքս Հոլդինգ» եւ «Ալեքս ընդ Հոլդինգ» ՍՊԸ-ների տեսակարար կշիռը ներմուծման եւ իրացման կառուցվածքում (ներմուծման մասով 67%-ից նվազել է 49%-ի, իրացման մասով՝ 95%-ից 88%-ի), «Արմեն-Համիկ եղբայրներ» ՀՁ ՍՊԸ-ի մասնաբաժինը ներմուծման կառուցվածքում 2019թ. 2018թ. համեմատ 15%-ից դարձել է 30%, իսկ իրացման կառուցվածքում 3%-ից 8%:Ուսումնասիրության արդյունքներով՝ 2017-2019թթ. նվազել են նաեւ շաքարավազի մանրածախ եւ մեծածախ իրացման գները` միջինում 387 դրամից հասնելով 292 դրամի: Հանձնաժողովն արձանագրել է, որ 2018թ. հունվարից մինչեւ 2019թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում շաքարավազի շուկան ըստ ներմուծման եւ իրացման ունեցել է բարձր կենտրոնացվածություն: Ուսումնասիրությունն ամբողջությամբ հասանելի է այս հղումով: Tweet Դիտում՝ 1654