Հայրենադարձների համար մաքսային արտոնությունները կարող են ընդլայնվել

20.01.2020 | 13:24 Գլխավոր էջ / Նորություններ /
#Սիսակ Գաբրիելյան #Շուշանիկ Ներսիսյան
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն այսօր հայտնել է, որ փոփոխություններ են նախատեսվում ՀՀ Մաքսային կարգավորման մասին օրենքում՝ կապված Հայաստան մշտական բնակության վերադարձողների անձնական իրերը մաքսատուրքերից եւ հարկերից ազատելու հետ:

«Այս պահին գործող կարգավորման համաձայն, եթե անձը 5 տարի բացակայել է Հայաստանից, մշտական վերադառնալու ցանկության դեպքում ստանում է որոշակի արտոնություններ: Մենք ցանկանում ենք այդ 5 տարվա սահմանաչափը նվազեցնել՝ հասցնելով 3-ի»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է պատգամավորը:

Նա նշել է, որ տվյալ պարագայում գործող կարգավորման եւ ԵԱՏՄ օրենսդրության համաձայն՝ անձը պետք է հաշվառված չլինի Հայաստանում:

«Փոփոխություն է նախատեսվում նաեւ այն անձանց համար, որոնք վաղուց են արտագաղթել, սակայն ունեն ՀՀ քաղաքացիություն, գրանցված են այստեղ, սեփականություն ունեն, բայց երեք տարի անընդմեջ չեն բնակվել Հայաստանում: Նրանք կհամարվեն հաշվառումից դուրս եկած եւ կկարողանան օգտվել այս արտոնությունից»,- ներկայացրել է Սիսակ Գաբրիելյանը:

Արտոնությունները վերաբերում են անձնական օգտագործման գույքի, ինչպես նաեւ մեկ տրանսպորտային միջոցի՝ մեկ անձնի անունով ներկրելուն:

Այսինքն, եթե ընտանիքի անդամները մի քանիսն են, ապա ամեն մեկը կարող է իր անունով մեքենա ներկրել, սակայն այդ մեքենան պետք է տվյալ անձի անունով որպես սեփականություն գրանցված լինի Հայաստան վերադառնալուց առնվազն վեց ամիս առաջ:

«Մեկ այլ փոփոխություն էլ կա, որը վերաբերում է 1 տարի երկրից բացակայած, հաշվառում ունեցող եւ չունեցող անձանց: Եթե նրանք ցանկություն ունեն մշտական բնակության վերադառնալու, ապա նրանց համար կգործի մինչեւ 5000 եվրոյի չափով գույքի ներմուծման արտոնություն, բայց չի գործի տրանսպորտային միջոցի արտոնությունը»,- ասել է նա:

Հանդիպմանը ներկա ՀՀ Պետական եկամուտների նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանն էլ հավելել է, որ այս արտոնությունից յուրաքանչյուր քաղաքացի կկարողանա օգտվել միայն մեկ անգամ:

«Վարչարարությունը շատ խիստ է լինելու, եթե փորձեն այս արտոնությունը չարաշահել»,- շեշտել է ՊԵԿ փոխնախագահը:
Դիտում՝ 2137
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW