“Մենք կներկայացնենք դեպի զարգացում միտված ու ծառայությունների ողջ տեսականին ներկայացնող բանկի մեր ռազմավարությունը”

29.01.2008 | 13:36 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

“ՊրոԿրեդիտ Հայաստան” բանկի գործադիր տնօրեն Բերտոլդ Հերցֆելդտի հարցազրույցը ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանն ու www.banks.am պորտալին

- ProCredit-ի Հայաստան գալու որոշմանը, ամենայն հավանականությամբ, նախորդել է երկրի ֆինանսական շուկայի լուրջ վերլուծությունը: Խնդրում եմ, ներկայացրեք այն պատկերը, որը ձեւավորվեց վերլուծության արդյունքում:


- Իհարկե, մենք կատարել ենք վերլուծություն, բացի այդ մենք արդեն որոշ պատկերացում ունեինք Կովկասի մասին եւ եկել էինք այն եզրակացության, որ Հայաստանը կարող է դառնալ հաջորդ երկիրը, որտեղ ՊրոԿրեդիտ Բանկը ներկայացված կլինի: Վերլուծելիս հիմնական շեշտը դնում էինք հնարավորությունների վրա, որոնց առկայությունը պայմանավորված է նրանով, որ Հայաստանի ֆինանսական համակարգն այնքան զարգացած չէ, որքան ուրիշ երկրներում:

Մենք տեսնում էինք փոքր միջազգային ներկայություն, սակայն մյուս կողմից նկատեցինք հնարավորություններ, որոնք տալիս է շուկան փոքր եւ միջին ձեռնարկություններին, ինչպես նաեւ հասարակ մարդկանց ծառայություններ մատուցելու տեսանկյունից: Մենք հայտնաբերեցինք, որ միկրո եւ փոքր ձեռնարկությունների ֆինանսավորումը բավարար զարգացած չէ, իսկ բանկային համակարգի կողմից հասարակ հաճախորդներին մատուցվող ծառայությունները դեռեւս պատշած մակարդակի վրա չեն: Մենք նաեւ հաշվի ենք առել շուկայի թերի կապիտալիզացման եւ արտաքին հոսքերից` այնպիսի դոնորներից, ինչպիսիք են Համաշխարհային բանկը, KfW-ը եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը, նրա մեծ կախվածության գործոնը:

Մենք որոշեցինք, որ ուղիղ ներդրումներն արդարացված կլինեն եւ կօգնեն զարգացնել այս շուկան: Ինչ վերաբերում է ռիսկերին, ապա մենք տեսել ենք աշխարհագրության հետ կապված որոշակի ռիսկեր: Հայաստանն չունի ելք դեպի ծով եւ որոշակի խնդիրներ ունի հարեւանների հետ: Հայաստանը նաեւ կախված է ռուս-վրացական հարաբերություններից, որոնք ազդում են ոչ միայն քաղաքական, այլեւ տնտեսական իրավիճակի վրա: Մասնավորապես, տրանսպորտային ուղիներն արգելափակված են, եւ ապրանքների արտահանումը հայկական ընկերությունների համար զգալիորեն թանկանում է: Մյուս կողմից, մենք շատ հնարավորություններ տեսանք Հայաստանում, որը փոքր երկիր լինելով, միջազգային ներդրողների առաջնայնությունների ցանկում չի նշվում: Կարծում եմ, որ մոտ ապագայում մենք հնարավորություն կունենանք ներկայացնել դեպի զարգացում միտված ու ծառայությունների ողջ տեսականին մատուցող բանկի մեր ռազմավարությունը:

- “ՊրոԿրեդիտ” խումբն իրեն անվանում է համաշխարհային առաջատար ընտանեկան եւ փոքր բիզնեսի վարկավորման ոլորտում, որն անկասկած արդիական է նաեւ Հայաստանի համար: Միեւնույն ժամանակ, այսօր երկրում կան ավելի քան 20 բանկեր, որոնք մրցակցում են բազմապրոֆիլային բանկային ծառայությունների ոլորտում: Չե՞ք կարծում, որ շեշտը դնելով փոքր բիզնեսի վարկավորման վրա, հետագայում ստիպված կլինեք լրացնել բացթողումները բանկային այլ ծառայությունների ոլորտներում:

- Վարկավորումը մեր բիզնեսի շատ կարեւոր մասն է, սակայն ինչպես արդեն ասացի, մենք մտադիր ենք դառնալ զարգացմանը միտված ու ծառայությունների ամբողջական փաթեթ առաջարկող բանկ: Մենք ցանկանում ենք ակտիվորեն վարկավորել մեր նպատակային խումբը, քանի որ տեսնում ենք, որ շուկայի այդ հատվածըթերի է զարգացած: KfW-ի, Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի եւ այլ միջազգային կառույցների կողմից իրագործված միջազգային ծրագրերի վերլուծությունը վկայում է, որ չնայած բազում ջանքերի, դեռեւս շատ անելիքներ կան:

Ինչ վերաբերում է ձեր հարցի երկրորդ մասին, ապա մեր դեպքում խոսքը գնում է ոչ միայն մարդկանց բանկ ներգրավելու, նրանց վարկ տրամադրելու եւ իրենց բիզնեսի զարգացման հնարավորություն տալու մասին, այլեւ նրանց լիարժեք հաճախորդներ դարձնելու մասին: Մեզ հետաքրքրում է ոչ միայն վարկավորումը, այլեւ հաճախորդների մոտ ընդհանուր ֆինանսական մշակույթի ձևավորումը և զարգացումը, որպեսզի նրանք գիտակցեն խնայողությունների կարեւորությունը, ընդունեն, որ “դժվար օրվա” գումարը պետք է պահել ոչ թե ներքնակի տակ, այլ բանկում, որտեղ այն նաև կաշխատի հաճախորդի օգտին:

Այս հայեցակարգը հաշվի առնելով, մենք կարծում ենք, որ գտնվում ենք լավ դիրքերում այն տեղը զբաղեցնելու համար, որը հետագայում զարգացնելու ենք: Միկրոֆինանսական կառույցները Հայաստանում վատ չեն աշխատում, սակայն նրանք չեն կարող տրամադրել ծառայությունների այն ամբողջական շրջանակը, որը մենք մտադիր ենք մատուցել եւ ցուցադրել մեր փորձն ու հմտությունը տվյալ ոլորտում: Մենք ցանկանում ենք մեր բանկ ներգրավել բոլոր հնարավոր ավանդները` առանց որեւէ սահմանափակումների: Պարզ ասած, եթե որեւէ մեկն ունի ազատ 1000 կամ 1500 դրամ, նա կարող է դիմել մեզ եւ սովորել օգտվել առկա հնարավորություններից: Մենք ցանկանում ենք մրցակցել եւ վերացնել այն սահմանափակումները, որոնք դեռեւս գոյություն ունեն շուկայում:

- Կարելի՞ է խոսել Հայաստանում “ՊրոԿրեդիտի” մեկնարկային վարկային փաթեթի չափի մասին:

- Բանկի պաշտոնական բացումը նախատեսված է փետրվարի 5-ին, ուստի մենք դեռ գտնվում ենք նախապատրաստական փուլում: Վարկային փաթեթի լրացման գործընթացը կսկսվի մեր գործունեության հենց առաջին օրվանից: Միջոցներն առաջին հերթին կլինեն մեր բանկի կապիտալից, ինչպես նաեւ ավանդներից, որոնք մտադիր ենք ներգրավել: Այսպիսով, մենք կվարենք մեր միջոցների եւ վարկային փաթեթի միջև հավասարակշռության հստակ ռազմավարություն, որպեսզի վերջնական արդյունքում հիմնվենք նրա վրա, ինչ անում ենք տեղական շուկայում եւ շատ կախված չլինենք արտաքին ֆինանսավորումից: Սկզբի համար մենք գտնվում ենք բավականի լավ պայմաններում, քանի որ ունենք լուրջ կապիտալային հիմք եւ այն կօգտագործենք վարկային փաթեթի արագ լրացման համար:

- Որքա՞ն ակտիվ է լինելու “ՊրոԿրեդիտը” Հայաստանի մարզերում:

- Մենք մեծ դեր ենք հատկացնում “ՊրոԿրեդիտի” տարածաշրջանային ցանցի զարգացմանն ու նախատեսում ենք լիարժեք ներկայություն ունենալ Հայաստանի բոլոր մարզերում մեր աշխատանքի հինգերորդ տարում: Ներկայումս պատրաստվում ենք Վանաձորի եւ Արտաշատի մասնաճյուղերի բացմանն ու կշարունակենք այդ աշխատանքը մոտակա տարվա ընթացքում: Մասնաճյուղային ցանցի զարգացումը կախված է մի շարք գործոններից, սակայն մենք պետք է հաշվի առնենք նաեւ աշխարհագրական առանձնահատկությունները: Օրինակ` մենք ընտրել ենք Արտաշատը, քանի որ ցանկանում ենք վարկավորել ոչ միայն ծառայությունների, արտադրության եւ առեւտրի ոլորտում զբաղված փոքր ձեռնարկությունները, այլեւ դառնալ ծառայությունների մատուցող եւ վարկատու ագրոբիզնեսի համար: Արտաշատը կարող է դառնալ հենց այն վայրը, որտեղ մենք կսկսենք մատուցել գյուղացիական տնտեսությունների վարկավորման ծառայությունները, եւ, ինչպես ես արդեն նշեցի, հինգերրորդ տարվա վերջին մենք ներկա կլինենք Հայաստանի բոլոր մարզերում:

- Ձեր բանկը պաշտոնապես կսկսի գործել փետրվարի 5-ին: Ի՞նչ հիմնական խնդիրներ եք դնում ձեր թիմի առջեւ 2008 թվականի համար:

- Հիմնական խնդիրն է տրամադրել ծառայություններ, որոնք կհամապատասխանեն այն խոստումներին, որոնցով եկել ենք Հայաստան: Դա ամենակարեւորն է: Մենք հայտարարել ենք, որ դառնալու ենք “թիվ մեկը” փոքր բիզնեսին եւ առաջին հերթին հասարակ մարդկանց ծառայություններ մատուցելու ոլորտում, եւ պետք է շեշտը դնենք որակյալ ծառայությունների մատուցման վրա: Երկրորդ խնդիրը մեր թիմի զարգացումն է, որն արդեն բաղկացած է 120 հոգուց: Թիմը պետք է աճի շատ առումներով, որպեսզի դառնա իսկապես ուժեղ եւ ի զորու լինի իրականացնել դրված խնդիրները: Դա երկարատեւ գործընթաց է, եւ մենք կուսուցանենք մեր աշխատակիցներին, որպեսզի նրանք աճեն ոչ միայն մասնագիտորեն, որպես բանկային ոլորտի աշխատողներ, այլեւ այն արժեքներին համապատասխանության տեսակետից, որոնց վրա հիմնված է “ՊրոԿրեդիտ” խումբը: Այսպիսով, դա կլինի շարունակական գործընթաց, և եթե մենք իրականացնենք այդ երկու նպատակները՝ կհամարենք, որ ունենք այն ամենն, ինչ անհրաժեշտ է մեր բիզնես-պլանի իրականացման համար:

- Պատմեք մի փոքր ձեր թիմի մասին: Ոլորտի շատ ներկայացուցիչներ ասում են, որ Հայաստանում կա կադրերի պակաս, իսկ բոլոր արհեստավարժ մասնագետներն արդեն ներգրավված են գործող բանկերում:

- “ՊրոԿրեդիտի” ռազմավարությունը կայանում է խմբի ներսում կադրերի զարգացման մեջ: Մենք ունենք ոչ միայն մասնագիտական հմտությունների, այլեւ մեր խմբի արժեքների ուսուցման բազմամակարդակ համակարգ: Մենք ինտեսիվ ուսուցանում ենք մեր հայկական թիմի անդամներին: Նրանցից շատերը նախկինում չեն ունեցել բանկային ոլորտում աշխատանքի փորձ, մենք ընտրել ենք աշխատանքային փոքր փորձ ունեցող բուհերի շրջանավարտների եւ ուղարկել ենք նրանց տարբեր երկրներում գորոծող մեր խմբի բանկեր` Վրաստան, Ուկրաինա, Մոլդովա, Բալկաններ:

Մենք նաեւ հնարավորություն ունենք մարդկանց ուղարկել Ֆրանկֆուրտի “ՊրոԿրեդիտի” Ակադեմիան, ինչպես նաեւ տարածաշրջանային ակադեմիաները: Մեր աշխատակիցներից մի քանիսը հիմա ուսանում են Ֆրանկֆուրտում, ուրիշները կմեկնեն Մակեդոնիա, որպեսզի սովորեն ավելին եւ դառնան ոչ միայն իսկապես ընդունակ մենեջերներ, այլեւ “ՊրոԿրեդիտի” գաղափարների դեսպաններ: Մենք ձգտում ենք մարդկանց տալ մեկ ամուր թիմի պատկանելու զգացողություն, որն ունի հաճախորդների ծառայություններ մատուցելու յուրահատուկ փիլիսոփայություն: Դա նույնպես շարունակական գործընթաց է լինելու, եւ կարծում եմ, որ շատ երիտասարդ հայեր հնարավորություն կստանան զարգացնել իրենց կարիերաները մեր համակարգի ներսում: Դուք կարող եք ամուր թիմ ստեղծել միայն այն դեպքում, եթե ներդրում եք կատարում մարդկանց մեջ, նրանց տալիս լիազորություններ եւ մատնանշում եք այն ոլորտները, որտեղ նրանք կարող են աճել: Խոսքը չի գնում միայն աշխատավարձի բարձրացման եւ բոնուսների մասին, այլեւ այն մասին, ինչն իսկապես հիմք եւ արժեք է, որի համար մարդիկ ապրում են եւ ինչին ձգտում են հասնել իրենց կյանքում:

- Հետաքրքիր կլինի լսել ձեր տեսակետը Հայաստանի բանկային շուկայում տիրող մրցակցության վերաբերյալ: Որքանո՞վ է այն արդար:

- Ինձ թվում է, որ մրցակցությունն աճում է: Երբ ես առաջին անգամ եկա Հայաստան 2007 թվականի մարտին, տպավորություն ունեի, որ բանկերը “տեսանելի չեն” շուկայում` չկային մեծադիր վահանակներ, քիչ էր գովազդը, եւ նույնիսկ բանկերի շենքերն էին անշուք և ոչ տեսանելի: Այն ժամանաϠինձ թվում էր, որ շատ բան պետք է անել, սակայն հիմա, ետ նայելով, ես հասկանում եմ, որ այս կարճ ժամանակահատվածում բանկերի ներկայությունը զգալիորեն ուժեղացել է` մարզերում բացվում են նոր մասնաճյուղեր, որոշ բանկեր անցկացնում են բրենդի փոփոխություն, կամ վերանայում են իրենց մարկետինգային ռազմավարությունները: Այս ամենն աճող մրցակցության հետեւանք է, և այդ մրցակցությունն իսկապես արդար է:

Մրցակցությունն աճելու է եւ բանկերը ստիպված են լինելու մտածել. ինչպիսի՞ ծառայություններ եւ ո՞ր թիրախ խմբերին է պետք առաջարկել: Հուսով եմ, որ ապագայում մրցակցությունը կլինի նույնչափ արդար, որքան այսօր է: Ինձ թվում է, որ հաշվի առնելով Կենտրոնական բանկի ուժեղ դերը, որ շատ խիստ վերահսկում է գործընթացները, մենք չենք տեսնի այնպիսի զարգացումներ, ինչպիսիք կան օրինակ Ուկրաինայում, որտեղ բանկերն առաջարկում են վարկեր 0%-ով, ինչն իրականում իրական չէ, քանի որ բանկերը զբաղվում են անպատասխանատու վարկավորմամբ, և ցանկանում են օգտվել որքան հնրավոր է շատ եկամտաբերություն ապահովելու հնարավորությունից: Ես նման բան Հայաստանում չեմ տեսնում, եւ հուսով եմ, որ մրցակցության աճը դրական կլինի հաճախորդների եւ համակարգի համար եւ մենք կկարողանանք խուսափել բացասական երեւույթներից, որոնք կան այլ երկրներում:

- Հայաստանի ղեկավարները հաճախ խոսում են Հայաստանը տարածաշրջանի ֆինանսական կենտրոն դարձնելու ծրագրերի մասին: Որքանո՞վ իրական եք համարում այդ գաղափարը:


- Դա կախված է նրանից, թե ինչպե՞ս եք սահմանում տարածաշրջանը: Եթե այդ տարածաշրջանն իր մեջ ներառում է Ադրբեջանն ու Թուրքիան, ապա Հայաստանն այդ երկրների հետ նորմալ հարաբերություններ չունի, եւ աշխարահագրական, կամ աշխարհաքաղաքական տեսանկյունից նրան դժվար կլինի դառնալ տարածաշրջանային կենտրոն:

Կարծում եմ, հաշվի առնելով Կենտրոնական բանկի ուժեղ դերն ու կառավարության աջակցությունը, Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանային ֆինանսական կենտրոն որոշակի ոլորտում: Սակայն այստեղ պետք է ճշտել` ինչպիսի՞ դեր կխաղա Հայաստանը եւ ո՞ր ոլորտներն է հարկավոր զարգացնել, այդպիսի կենտրոն դառնալու համար: Դրանից հետո պատկերը կդառնա ավելի պարզ եւ հնարավոր կլինի սկսել աշխատել այն մեխանիզմների վրա, որոնք անհրաժեշտ են Հայաստանը որպես տարածաշրջանային ֆինանսական կենտրոն զարգացնելու համար::

Դիտում՝ 8569
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW