Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության պաշտոնական կայքում դեկտեմբերի 9-ին տեղադրված հրապարակման համաձայն՝ 2020թ. փետրվարի 4-ից մեկ ֆիզիկական անձի կողմից ԵԱՏՄ-ի սահմանով $100 000-ը գերազանցող կանխիկ դրամական միջոցների եւ (կամ) դրամական գործիքների միանվագ շարժի դեպքում, ուղեւորային մաքսային հայտարարագրի հետ միաժամանակ անհրաժեշտ կլինի ներկայացնել փաստաթղթեր, որոնք կհաստատեն նման միջոցների ծագումը: Գործընթացի վերաբերյալ մանրամասներ ստանալու նպատակով Banks.am-ը դիմել էր ՀՀ Պետական եկամուտների կոմիտեին: Ստացված մեկնաբանությունները ներկայացնում ենք ստորեւ:1. Ի՞նչ է ենթադրում այս գործընթացը:Գործընթացը ենթադրում է, որ փետրվարի 4-ից մեկ ֆիզիկական անձի կողմից $100 000-ը գերազանցող կանխիկ գումարի ներմուծման կամ արտահանման դեպքում դրանց ծագումը հավաստող փաստաթղթերի ներկայացումը պարտադիր է:ԵԱՏՄ օրենսգրքի համաձայն՝ անձնական օգտագործման ապրանքների մաքսային հայտարարագրման ժամանակ ուղեւորային մաքսային հայտարարագրում ներկայացված տեղեկությունները հաստատող փաստաթղթերի շարքին դասվում են նաեւ կանխիկ դրամական միջոցների եւ (կամ) դրամական գործիքների ծագումը հավաստող փաստաթղթերը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից սահմանվող դեպքերում:Օրենսգրքի վերոնշյալ դրույթի կիրարկումն ապահովելու նպատակով ընդունվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 06.08.2019 N130 որոշումը, որի համաձայն՝ ֆիզիկական անձանց կողմից սահմանված գումարի չափը գերազանցող չափով կանխիկ դրամական միջոցների եւ (կամ) դրամական գործիքների ներմուծման կամ արտահանման դեպքում մաքսային մարմին է ներկայացվելու տվյալ դրամական միջոցների եւ (կամ) դրամական գործիքների ծագումը հավաստող փաստաթղթերը: Ընդ որում, որոշման նախագծային տարբերակով ներկայացման ժամանակ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից ներկայացված հիմնավորման համաձայն՝ որոշման ընդունման նպատակը մաքսային սահմանով ֆիզիկական տեղաշարժի միջոցով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանը (լվացմանը) եւ ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելն է:2. Տարածվո՞ւմ է արդյոք տվյալ որոշումը ԵԱՏՄ սահմանով դեպի բոլոր երկրներ դրամական միջոցների շարժի վրա, թե՞ կա որոշակի երկրների ցանկ, որոնք դուրս են մնում կարգավորումից:Որոշումը վերաբերում է ԵԱՏՄ անդամ պետություններից միայն երրորդ երկրներ եւ երրորդ երկրներից ԵԱՏՄ անդամ պետություններ կանխիկ դրամական միջոցների եւ (կամ) դրամական գործիքների տեղափոխման դեպքերին: Օրինակ՝ Հայաստանից Վրաստան տեղափոխմանը վերաբերում է, բայց Հայաստանից Ռուսաստան կամ Ղազախստան տեղափոխմանը՝ ոչ:Ինչ վերաբերում է ԵԱՏՄ անդամ պետությունների միջեւ կանխիկ դրամական միջոցների եւ (կամ) դրամական գործիքների տեղափոխման կարգավորումներին, ապա հայտնում ենք, որ ԵԱՏՄ անդամ պետությունների միջեւ կանխիկ դրամական միջոցների տեղափոխման ժամանակ չափաքանակային սահմանափակումներ եւ մաքսային հսկողության պահանջներ առկա չեն՝ հաշվի առնելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 29.05.2014 պայմանագրի 25-րդ հոդվածով սահմանված՝ Միության գործունեության սկզբունքները: 3. Ինչպիսի՞ն էր մինչ այս գործող կարգը ՀՀ քաղաքացիների համար:Նախկինում սահմանված էր, որ $10 000-ին համարժեք եւ այն գերազանցող կանխիկ գումարի տեղափոխման համար պետք է ներկայացվեր միայն հայտարարագիր:Այսինքն, եթե Միության մաքսային տարածք միանվագ ներմուծման կամ Միության մաքսային տարածքից միանվագ արտահանման ժամանակ այդ կանխիկ դրամական միջոցների եւ (կամ) ճանապարհային չեկերի ընդհանուր գումարը գերազանցում է ուղեւորային մաքսային հայտարարագիրը մաքսային մարմին ներկայացնելու օրվա դրությամբ գործող փոխարժեքով $10 000-ին համարժեք գումարը, այդ դեպքում տվյալ կանխիկ դրամական միջոցների եւ (կամ) ճանապարհային չեկերի վերաբերյալ պետք է ներկայացվի ուղեւորային մաքսային հայտարարագիր: Ինչ վերաբերում է մինչեւ որոշման ուժի մեջ մտնելը համապատասխան չափով կանխիկ դրամական միջոցների մաքսային սահմանով տեղափոխման դեպքում դրանց ծագումը հաստատող փաստաթղթերի ներկայացման անհրաժեշտությանը, ապա հայտնում ենք, որ Օրենսգրքի 261-րդ հոդվածի 1-ին կետի 9-րդ ենթակետի պահանջը գործում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից սահմանված դեպքում, իսկ տվյալ դեպքը սահմանվել է որոշմամբ: Հետեւաբար, որոշման ուժի մեջ մտնելու օրվանից էլ կիրառվելու են դրանով սահմանված սահմանափակումները: Ընդ որում, Օրենսգրքի 444-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ եթե Օրենսգրքին համապատասխան կիրառվող՝ մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերը եւ ակտերը Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու պահին չեն մտել ուժի մեջ, ապա մինչեւ դրանց ուժի մեջ մտնելը կիրառվում է անդամ պետությունների՝ համապատասխան իրավահարաբերությունները կարգավորող օրենսդրությունը, եթե նույն հոդվածով այլ բան սահմանված չէ: Միաժամանակ, մաքսային մարմինների կողմից իրականացվող փաստաթղթային հսկողության շրջանակներում մաքսային մարմինների կողմից մինչեւ որոշման ընդունումը կարող էին պահանջվել համապատասխան փաստաթղթեր:4. Ի՞նչ ազդեցություն կունենա այս որոշումը Հայաստանի համար:Որոշումը որեւէ բացասական ազդեցություն ունենալ չի կարող:Դրա ընդունումը պայմանավորված է մաքսային սահմանով կանխիկ դրամական միջոցների եւ (կամ) դրամական գործիքների տեղափոխման ժամանակ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանը (լվացմանը) եւ ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելուն ուղղված գործընթացներով: Ընդ որում, տվյալ ոլորտում լիազոր մարմինը ՀՀ-ում հանդիսանում է ՀՀ կենտրոնական բանկը: Հետեւաբար, Հայաստանում որոշման կիրառման հետագա ազդեցությանն առնչվող հարցադրման վերաբերյալ առավել հստակ պարզաբանում ստանալու նպատակով անհրաժեշտ է դիմել ՀՀ Կենտրոնական բանկ:Պատրաստեց Արփի Ջիլավյանը Tweet Դիտում՝ 6146