Երեւան, 25 հունվարի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Մինչեւ տարեվերջ “Առէկսիմբանկը” կանվանափոխվի “Գազպրոմբանկ-Հայաստանի”: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այս մասին այսօր Երեւանում հայտնել է “Գազպրոմբանկ” ԲԲԸ առաջին փոխնախագահ Օլգա Կազանսկայան: Նա նշել է, որ “Գազպրոմբանկի” փորձն օգտակար կլինի Հայաստանի ֆինանսական շուկայի զարգացման համար: “Առէկսիմբանկի” գլխավոր տնօրեն Արմեն Խանդկարյանը հայտնել է, որ բանկի բաժնետոմսերի 80%-ի վաճառքի գործարքը “թելադրված էր հայկական շուկա հզոր բանկերի մուտք գործելու անհրաժեշտությամբ, քանի որ Հայաստանում կան այդպիսի բանկերի ծառայությունների պահանջ ունեցող հաճախորդներ”: “Հայկական բանկերի դժբախտությունը կայանում է նրանում, որ նրանք փոքր են եւ չեն կարող սպասարկել խոշոր հաճախորդների: “Գազպրոմբանկի” մուտքը հայկական շուկա կփոխի այդ իրավիճակը”,- ասել է Արմեն Խանդկարյանը: “Սակայն դա չի նշանակում, որ “Առէկսիմբանկը” կսպասարկի միայն խոշոր կորպորատիվ հաճախորդների, մենք կշարունակենք տրամադրել մանրածախ սպասարկման ոլորտում ծառայությունների լայն շրջանակ, մասնավորապես` հիփոթեքայի շուկայում”,- ասել է Արմեն Խանդկարյանը: Նա նշել է, որ լինելով Հայաստանի տասներկուերորդ բանկը ակտիվների ծավալով, տվյալ գործարքի շնորհիվ “Առէկսիմբանկը” ձեռք է բերում նախադրյալներ Հայաստանի բանկային ոլորտի առաջատարների եռյակում ներկայացված լինելու համար: Օլգա Կազանսկայան նշել է, որ “Գազպրոմբանկը” ռուսական շուկայի առաջատարներից է ներդրումային բանկային ծառայությունների մատուցման, պլաստիկ քարտերի թողարկման, կապիտալի շուկայում ներկայության եւ IPO-ների կազմակերպման ոլորտներում: “Գազպրոմբանկը” մտնում է ռուսական շուկայի խոշորագույն բանկերի եռյակի մեջ` կապիտալի ծավալով զբաղեցնելով երրորդ տեղը Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի խոշորագույն բանկերի թվում: 2007 թվականին “Գազպրոմբանկի” ակտիվները կազմել են $51.8 մլրդ: Հաշվետու ժամանակահատվածում բանկի ընդհանուր կապիտալը կազմել է $7.2 մլրդ: 2007 թվականին բանկի մաքուր եկամուտն աճել է 28%-ով եւ կազմել է $452 մլն: 2008 թվականի հունվարի 1-ի դրությամբ “Առէկսիմբանկի” ակտիվները կազմել են $68.5 մլն, պարտավորությունները` $54 մլն, վարկային փաթեթը` $33 մլն, կապիտալը` $11.5 մլն, եկամուտը մինչեւ հարկումը` $1.5 մլն: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 6793