«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն (HSBC Հայաստան) եւ Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) այս տարի եւս միավորել են ջանքերը՝ Արագածոտնի ու Շիրակի մարզերի 7 գյուղերի մանկապարտեզների սաների՝ Ձմեռ պապիկին գրած նամակների ցանկություններն իրականացնելու համար:Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ, Գեղաձոր, Հնաբերդ եւ Նորաշեն ու Շիրակի մարզի Փանիկ, Մեծ Մանթաշ ու Հառիճ գյուղերի մանկապարտեզներ հաճախող 343 երեխայի համար բանկի աշխատակիցները գնել են այն նվերները, որոնք նրանք խնդրել էին Ձմեռ պապիկից: «HSBC-ի Հայաստանը երկրում գործում է 1996 թվականից ու մշտապես մասնակից է համայնքների հզորացմանը։ ՀՕՖ-ի հետ համագործակցության շնորհիվ մենք տոնական տրամադրություն ենք բերում այն մարդկանց, որոնք դրան արժանի են։ Սա համայնքներին օգնելու հիանալի հնարավորություն է»,- ասել է HSBC Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Փոլ Էդգարը:Նկարագրելով արդեն 4-րդ տարին անցկացվող «Խաղալիքների հավաք» նախաձեռնությունը՝ Փոլ Էգդարը նշել է, որ այն բանկի աշխատակիցների ամենասիրելի միջոցառումներից է, որը ներառված է HSBC Հայաստանի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերում։«Երեխաների ցանկությունների ցուցակը մենք ստացել ենք մոտավորապես 10 օր առաջ ու բոլորս ներգրավվել ենք դրանք կատարելու գործում։ Ես 5 ցանկություն եմ կատարել՝ գնել եմ LOL տիկնիկ, 2 ինքնաթիռ, մեքենա եւ ռոբոտ»,- հավելել է HSBC Հայաստանի գլխավոր տնօրենը:HSBC-ն 2007 թվականից «Հնարավորություն երիտասարդներին» ծրագրի շրջանակում իրականացնում է «Խաղալիքների հավաք» (Toy Drive) նախաձեռնությունը:Բանկն աշխատում է բարեգործական ծրագրեր իրականացնող գործընկեր կազմակերպությունների հետ խոցելի համայնքներում բնակվող երեխաներին խաղալիքներ նվիրելու եւ համայնքների կայուն զարգացմանը նպաստելու ուղղությամբ: Ծրագրի շրջանակում HSBC Հայաստանն արդեն 4 տարի համագործակցում է ՀՕՖ-ի հետ։ Անցած 3 տարիներին բանկը «Խաղալիքների հավաք» նախաձեռնությամբ այցելել է Տավուշի մարզի Բերդ խոշորացված համայնքի գյուղեր, որտեղ ՀՕՖ-ն իրականացնում է «Աղքատության հաղթահարումը Տավուշի մարզում» համապարփակ ծրագիրը։ Tweet Դիտում՝ 3336