Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ ընկերության աջակցությամբ Newmag ընկերությունը թարգմանել եւ հրատարակել է Շառլ Ազնավուրի «Մեղմ շշուկով» գիրքը: 2009-ին Ֆրանսիայում հրատարակված այս գրքում Շառլ Ազնավուրն անկեղծորեն խոսում է իր ընտանիքի անցյալի ու իր կարիերայի դժվարությունների մասին։ Ազնավուրը պատմում է, թե ինչպես եկան հաջողությունն ու փառքը: «Մեղմ շշուկով» գիրքը կյանքի դասերի եւ ճակատագրի հեգնանքի մասին է: «Հարյուր տոկոսով ֆրանսիացի եւ հարյուր տոկոսով հայ Շառլ Ազնավուրը անգնահատելի ներդրում ունի ինչպես հայ-ֆրանսիական հարաբերություններում, այնպես էլ Հայաստանի սոցիալ-տնտեսական եւ մշակութային կյանքի տարբեր ոլորտներում: Ազնավուրի օգնությունը հնարավոր չէ թերագնահատել հատկապես 1988-ի դեկտեմբերյան ավերիչ երկրաշարժի օրերին: Ամունդի-ԱԿԲԱ-ն հայ-ֆրանսիական մշակույթի կրող է եւ մենք չէինք կարող անմասն մնալ այս նախաձեռնությունից: Մենք մեծ ուրախությամբ եւ ոգեւորությամբ որոշեցինք աջակցել այս գրքի հրատարակմանը: «Մեղմ շշուկով» գիրքը հայալեզու ընթերցողին հնարավորություն կտա նորովի ծանոթանալ Շառլ Ազնավուրի կյանքի առանձին դրվագներին»,- նշել է Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ ընկերության գործադիր տնօրենի տեղակալ Հրայր Ասլանյանը: «Newmag-ը պատրաստվում է մինչեւ 2024 թվականը՝ Ազնավուրի 100-ամյակը, հայերեն թարգմանել Ազնավուրի բոլոր գրքերը: Ազնավուրը մեր կողքին էր մեզ համար ամենացավոտ պահին (Սպիտակի երկրաշարժ), նա մեր կողքին էր, երբ մենք ամենից շատ էինք զգում նրա կարիքը: Նա հայտնվեց, երբ ոչ ոք չէր սպասում, օգնեց, երբ ոչ ոք չէր խնդրում եւ մնաց, երբ շատերը հեռացան: Ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Ամունդի-ԱԿԲԱ ընկերությանը՝ այս գիրքը իրականություն դարձնելու համար։ Այդ ճանապարհին համատեղ եւ հաճելի աշխատանքի համար։ Հավատացեք, որ սա ուղղակի հովանավորություն չէ։ Սա Ազնավուրյան ժառանգությունը հավերժացնելու համատեղ գործ է»,- նշել է Newmag հրատարակչական ծրագրի ղեկավար Արտակ Ալեքսանյանը:Խորհրդանշական օրը՝ դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած շնորհանդեսին մասնակցել են ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթը, մեծ շանսոնյեի որդին՝ Նիկոլ Ազնավուրը, եւ նրա կինը։Իր խոսքում դեսպան Լաքոթը շնորհակալություն է հայտնել Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ ընկերությանը. «Ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել ընկերությանը հայ-ֆրանսիական բարեկամությունը կամրջող այս նախաձեռնությանն աջակցելու համար»։ «Մեղմ շշուկով» գիրքը հայ ընթերցողը կարող է ձեռք բերել բոլոր գրախանութներից: Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ ընկերությունը հիմնել են Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչ ֆրանսիական Ամունդին եւ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը: Tweet Դիտում՝ 1396