Երեւան, 22 հունվարի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Ռուսաստանն ու Հայաստանն այսօր ստորագրել են հանցավոր ճանապարհով եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման հակազդեցության ոլորտում համագործակցության մասին միջգերատեսչական համաձայնագիր: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, համաձայնագիրն այսօր ստորագրել են Ռուսաստանի Դաշնության ֆինանսական մոնիտորինգի դաշնային ծառայության (Ռոսֆինմոնիտորինգ) ղեկավար Օլեգ Մարկովն ու Հայաստանի Կենտրոնական բանկի Ֆինանսական դիտարկումների կենտրոնի ղեկավար Դանիել Ազատյանը: Օլեգ Մարկովն ասել է, որ համաձայնագիրը հիմնված է “Էգմոնտ” միջազգային խմբի սկզբունքների վրա, որի անդամներ են ավելի քան 20 երկրներ, այդ թվում Հայաստանն ու Ռուսաստանը, եւ ենթադրում է երկու երկրների ֆինանսական հետախուզությունների ստորաբաժանումների միջեւ դրամական միջոցներով, կամ այլ գույքով կասկածելի գործողությունների մասին տեղեկության փոխանակում: Նա նշել է, որ համաձայնագիրը թույլ կտա բարձրացնել անդրսահմանային դրամական հոսքերի վերահսկողության արդյունավետությունը` հանցավոր եկամուտների օրինականացման դեպքերի հայտնաբերման եւ հակազդման նպատակով: Ինչպես ընդգծել է Հայաստանի ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը, սա ԿԲ Ֆինանսական դիտարկման կենտրոնի կողմից ստորագրված առաջին պաշտոնական համաձայնագիրն է: Նա նշել է, որ “Ռուսաստանի հետ ֆինանսական եւ տնտեսական փոխհարաբերություններն առաջնային նշանակություն ունեն Հայաստանի տնտեսության համար”: Տիգրան Սարգսյանը հույս է հայտնել, որ համաձայնագիրը կնպաստի ոչ միայն երկու երկրների միջեւ ֆինանսական հետախուզությունների տեղեկատվական փոխանակմանը, այլեւ թույլ կտա հայկական կողմին Ռոսֆինմոնիտորինգի ուսումնական կենտրոնի միջոցով ծանոթանալ ռուս գործընկերների ձեռք բերված հարուստ փորձին: “Այսօր Հայաստանի խորհրդարանի քննարկմանն է ներկայացված ահաբեկչության ֆինանսավման հակազդման մասին օրինագիծը, եւ ես շատ կարեւոր եմ համարում ռուսական կողմի առաջարկը` Ռոսֆինմոնիտորինգի ուսումնական կենտրոնում ոչ միայն մեր աշխատակիցների, այլեւ պատգամավորների եւ այլ գերատեսչությունների ներկայացուցիչների վերապատրաստման մասին”,- ասել է Տիգրան Սարգսյանը: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 5792