Հայաստանում կհիմնվի նոր հաստատություն՝ Հողի գործակալություն

27.11.2019 | 15:52 Գլխավոր էջ / Նորություններ /
#Էկոնոմիկայի նախարարություն #Հողի գործակալություն
Նոյեմբերի 27-ին Երեւանում կայացել է «Հողերի չօգտագործման խնդիրների կարգավորման նպատակով հողերի կառավարման գործիքակազմի եւ ինստիտուցիոնալ շրջանակի ձեւավորում» ծրագրի մեկնարկային աշխատաժողովը։

Այն կազմակերպել է ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) Հայաստանի էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ։

Նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ծրագրի հիմնական նպատակն է աջակցել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը՝ լուծելու հողերի չօգտագործման խնդիրները նոր իրավական եւ ինստիտուցիոնալ շրջանակի կազմավորման, ինչպես նաեւ հողերի կառավարման գործիքակազմի ձեւավորման միջոցով։

«Հողային բարեփոխումները առաջնային խնդիրներ են: Առանց հողերի կոնսոլիդացիայի, առանց արդյունավետ մշակման ու հարմար պայմաններ ստեղծելու՝ դժվար թե կարողանանք հասնել ցանկալի նպատակի: Այժմ վարելահողերի մոտավորապես մեկ երրորդ մասը չի մշակվում կամ արդյունավետ չի   մշակվում։ Պետք է ձգտենք երկարաժամկետ արդյունքների, արդյունավետ բիզնեսի: Մեր առաջարկները պիտի իրականացնենք պիլոտային ծրագրերի միջոցով եւ, կարծում ենք, հաջորդ տարվա վերջում կունանանք արդյունքներ, որոնք էլ մեզ կհուշեն. արդյո՞ք ճիշտ ճանապարհի վրա ենք, թե՝ ոչ»,- նշել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը։

«Հողերի չօգտագործման խնդիրը բարդ, բազմաբնույթ գործընթաց է` միմյանց հետ փոխկապակցված տնտեսական, բնապահպանական եւ սոցիալական գործոններով։ Հողերի չօգտագործման պատճառների բազմաբնույթ լինելը պահանջում է համակարգված աշխատանք հողային եւ այլ հարակից քաղաքականությունների միջեւ, ինչպիսիք են գյուղատնտեսությունը եւ ընդհանուր տնտեսությունը»,- նշել է ՊԳԿ-ի հողերի կառավարման գծով պատասխանատու Մորթեն Հարթվիգսենը։  

Նախկինում կատարված վերլուծության հիման վրա ՊԳԿ-ն առաջարկել է ոլորտի քաղաքականության, իրավական եւ ինստիտուցիոնալ մակարդակի գործողությունների հայեցակարգային շրջանակ: Նաեւ կհիմնվի նոր հաստատություն՝ Հողի գործակալություն, որը պատասխանատու կլինի հողային քաղաքականության ձեւավորման եւ իրականացման, ինչպես նաեւ հողերի շուկայի կանոնակարգման համար:

Մեկ տարի տեւողությամբ ծրագիրը մասնավորապես կաջակցի Հողի գործակալության իրավասությունը կարգավարող իրավական շրջանակի եւ հողերի կառավարման գործիքակազմի ձեւավորմանը: Սա ավելի մեծ ուշադրություն եւ աջակցություն կհրավիրի հողերի սեփականատերերի եւ վարձակալների (երաշխիքային վարձակալություն) միջեւ «միջնորդավորված վարձակալության» հարցին։ Փորձնական ծրագիր կիրականացվի Արմավիրի մարզում: Հաջողության դեպքում նմանատիպ մոտեցում կկիրառվի ամբողջ երկրում։

Աշխատաժողովի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարության եւ ՊԳԿ-ի միջեւ ստորագրվել է համագործակցության պայմանագիր։
Դիտում՝ 1178
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW