ՏԶՆԿ. Ձեռնարկություններին տրվող վարկեր vc սպառողական վարկեր

25.11.2019 | 13:53 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՏԶՆԿ #վարկեր
Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն (ՏԶՆԿ) անդրադարձել է ՀՀ առեւտրային բանկերի եւ վարկային կազմակերպությունների կողմից ՀՀ ռեզիդենտ ձեռնարկություններին տրամադրված, ինչպես նաեւ սպառողական վարկերի դինամիկային 2018-2019թթ. 3 եռամսյակների ընթացքում:

2019թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ առեւտրային բանկերի եւ վարկային կազմակերպությունների կողմից ՀՀ ձեռնարկություններին տրամադրված վարկերի ծավալները ոչ միայն զգալիորեն զիջել են 2018թ.-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշին (տե՛ս գծապատկերում), այլ նաեւ սպառողական վարկերի ծավալներին:

Դիտարկվող ժամանակահատվածում ձեռնարկություններին տրված վարկերի ծավալները շուրջ երկու անգամ կրճատվել են` կազմելով 76.4 մլրդ ՀՀ դրամ, մինչդեռ սպառողական վարկերի ծավալներն ավելացել են շուրջ 23%-ով՝ կազմելով 165.2 մլրդ ՀՀ դրամ:

Գծապատկեր. ՀՀ առեւտրային բանկերի եւ վարկային կազմակերպությունների կողմից ՀՀ ռեզիդենտ ձեռնարկություններին տրամադրված, ինչպես նաեւ սպառողական վարկերի դինամիկան 2018-2019թթ. հունվար-սեպտեմբեր ամիսներին

0001111


«Հետաքրքրական է նկատել, որ դիտարկվող ժամանակահատվածում սպառողական վարկերի ծավալները զգալիորեն աճել են, եւ ինչպես անդրադարձ է կատարվել ՏԶՆԿ նյութերից մեկում, հանգեցրել են ավելի բարձր ՀՆԱ-ի աճի տեմպերի հիմնականում վերջնական սպառմանն ուղղվող ծախսերի ավելացման միջոցով: Սա նշանակում է, որ աճը հիմնականում պայմանավորված է եղել ներքին պահանջարկով:

Ձեռնարկություններին տրամադրված վարկերի շնորհիվ հիմնական միջոցների վրա ուղղվող ծախսերի ավելացումը, ընդհանուր առմամբ, նպաստում է հավելյալ արժեքի ստեղծմանը եւ ՀՆԱ-ի ավելի բարձր տեմպերի ապահովմանը: 2019թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին հիմնական միջոցների համախառն կուտակման աճի տեմպը 2018թ.-ի նույն եռամսյակի համեմատ բացասական է եղել եւ կազմել է -0.5%, որը պայմանավորված է ձեռնարկությունների կողմից հիմնական միջոցների ձեռքբերմանն ուղղվող ծախսերի մակարդակի եւ պետական բյուջեով նախատեսված՝ որպես հիմնական միջոցների վրա կատարվող ծախսերի ընդամենը 24%-ով կատարման հետ:

Այսպիսով`դիտարկվող ժամանակահատվածում ձեռնարկություններին տրված վարկերը շուրջ 2 անգամ կրճատվել են եւ չեն հանգեցրել հիմնական միջոցների համախառն կուտակման ավելի բարձր աճի տեմպերի, ինչն ավելի մեծ չափով կնպաստեր ՀՆԱ-ի աճին: Հակառակ պատկերն է արձանագրվել սպառողական վարկերի դեպքում, որի աճը դիտարկվող ժամանակահատվածում կազմել է 23%, ինչն ահազանգող միտումներ է պարունակում, քանի որ վարկավորման ծավալների աճին զուգահեռ էականորեն չեն աճում բնակչության եկամուտները»,- ասված է հաղորդագրությունում:
Դիտում՝ 2711
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW