Հրազդանի թիվ 8 հիմնական դպրոցում այսուհետեւ երեխաները ֆրանսերեն լեզուն կուսումնասիրեն նոր ու կահավորված դասասենյակում: «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի եւ «Կայուն զարգացման հայկական հիմնադրամ»-ի համատեղ ջանքերով ստեղծված դասասենյակը հագեցած է մուլտիմեդիա բոլոր հնարավորություններով. համակարգիչ, էլեկտրոնային գրատախտակ, հայկական արտադրության հեռուստացույց, ֆրանսիական հարուստ գրականություն, ինչպես նաեւ փափուկ կահույք՝ ոչ ֆորմալ դասաժամեր կազմակերպելու համար:«Շատ ուրախ եմ, որ այստեղ սովորող երեխաները համալրեցին այն երջանիկ աշակերտների շարքը, ովքեր հնարավորություն ունեն նման գեղեցիկ դասասենյակում անցկացնելու ֆրանսերենի դասերը: Հիմա այստեղ անհրաժեշտ բոլոր պայմանները ստեղծված են, որպեսզի երեխաներն ավելի արդյունավետ սովորեն ֆրանսերեն լեզուն եւ, որ ավելի հետաքրքիր անցնի իրենց դասաժամերը»,- ասել է «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը: «Շատ տպավորված եմ, երբ տեսնում եմ՝ երեխաներն ինչպես են պատրաստվել ու ինչպիսի ոգեւորությամբ են սովորում: Տեսնում եմ նաեւ ուսուցիչների աշխատանքը: Շնորհակալություն եմ հայտնում իրենց, որ մեծ ջանքեր են գործադրում ֆրանսերենի ուսուցման համար: Շնորհավորում եմ դպրոցի տնօրինությանը, որ ունեն այսպիսի ժամանակակից դասասենյակ»,- նշել է «Կայուն զարգացման հայկական հիմնադրամ»-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ալեն Տուհադյանը: «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է 2015 թվականին՝ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլի, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի եւ Գիշյան ընտանիքի կողմից: Tweet Դիտում՝ 1844