Երեւանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ մշակվում է շրջիկ առեւտրի կետերի գործունեությունը կարգավորող օրինագիծ՝ որտե՞ղ, ի՞նչ ձեւով եւ ի՞նչ ապրանքներ կվաճառվեն կամ ի՞նչ ծառայություններ կմատուցվեն:«Օրինագծով սահմանվելու է նաեւ ժամային ռեժիմ: Ենթադրվում է, որ գործունեությունը կթույլատրվի մինչեւ 23:00-ն, որից հետո տնտեսվարողները պետք է ազատեն զբաղեցրած տարածքները, որպեսզի պահպանվի շրջիկ առեւտրի գաղափարը»,- ասել է Երեւանի քաղաքապետի խորհրդական Կարեն Համբարձումյանը:Թույլատրելի վայրերի հետ միաժամանակ կսահմանվեն նաեւ այն տարածքները, որտեղ կարգելվի շրջիկ առեւտուրը: Օրինակ, կենտրոնական հրապարակների, պատմամշակութային շենք-շինությունների եւ կրթական հաստատությունների, մասնավորապես՝ դպրոցների մոտ, առեւտրի շրջիկ կետեր չեն լինի:«Ցավոք, այսօր շատ դեպքերում, դպրոցների, համալսարանների դիմաց կայանած են մեքենաներ, որոնցից վաճառում են ալկոհոլ»,- նշել է ԱԺ պատգամավոր, նախագծի համահեղինակ Սիսակ Գաբրիելյանը:Երեք ամիս առաջ Երեւանում գույքագրվել էր շրջիկ առեւտրով զբաղվող 47 կետ, այսօր դրանց թիվը շուրջ 70 է:Շարժական սրճարանների միությունն օրենքին կողմ է, սակայն ունեն նաեւ դիտողություններ:«Շատ կարեւոր է, որ օրենսդրությամբ կարգավորվի, որովհետեւ օրեցօր շատանում են նման կետերը եւ դա խնդիրներ է առաջացնում: Սակայն ունենք նաեւ մեր վերապահումները: Օրինակ, ի՞նչ տարբերություն քաղաքապետարանի համար՝ այդտեղ մշտապես մեկ մեքենա կանգնած կլինի, թե՞ ռոտացիայի սկզբունքով կփոխվեն»,- ընդգծել է շարժական սրճարանների միության նախագահ Արել Մելիքյանը:«Ամեն առեւտրի կետ ինքն է որոշելու, թե վաղը կամ մյուս օրը որտեղ է կայանելու եւ, այսպես ասած, ամրագրելու է իր տեղը: Սա շատ ճկուն մեխանիզմ է, որովհետեւ մենք չենք ուզում, որ այդ առեւտրի կետերը վերածվեն մշտական կետերի: Դա լինելու է մրցակցության սկզբունքով. ով առաջինը գրանցվեց՝ նա էլ կկանգնի տվյալ տեղում»,- շեշտել է Կարեն Համբարձումյանը:«Տնտեսվարողների շահերը պաշտպանելու համար կլինեն որոշակի արտոնություններ, ինչը հիմա փաստացի չկա: Տվյալ վայրերում կտրամադրվի էլեկտրականություն, հատուկ աղբամաններ»,- հավելել է Սիսակ Գաբրիելյանը:Շրջիկ առեւտրի մեքենաների համար առանձնացված վայրերը կգծանշվեն եւ կկահավորվեն, կայանած ցանկացած այլ մեքենա կտարհանվի: Կսահմանվի նաեւ տեղական տուրք՝ ամիսը մինչեւ 50 000 դրամի չափով: Սակագները կենտրոնում եւ ծայրամասերում կլինեն տարբեր:Երեւանի քաղաքապետարանում չեն բացառում, որ 2020թ. հունվարին օրենք ընդունված լինի: Tweet Դիտում՝ 4068