IDBank. Դատարանի վճիռը սպառնում է բանկային համակարգի կայունությանը

18.11.2019 | 14:54 Գլխավոր էջ / Նորություններ /
#IDBank #Մհեր Աբրահամյան #Արթուր Մելիքյան
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի «Բ.Մ.Լ. ԱՐԶՆԻ» ՍՊԸ-ն եւ նույն ՍՊԸ-ի սնանկության կառավարիչը՝ ընդդեմ Անելիք Բանկի 22 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումարի բռնագանձման պահանջի գործով վճիռը սպառնում է բանկային համակարգի կայունությանն ու ներդրումային միջավայրին:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է IDBank-ի (նախկինում՝ Անելիք Բանկ) Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը:

«Նման վճիռը կարող է նախադեպ լինել դատաիրավական համակարգում, եւ կստացվի այնպես, որ անբարեխիղճ տնտեսվարողները կկարողանան բանկի նկատմամբ իրենց պարտավորությունները կատարելու փոխարեն հայցադիմում ներկայացնել եւ ֆինանսական մեքենայություններով փորձել միլիոնավոր դոլարներ ստանալ ֆինանսական կազմակերպություններից»,- մանրամասնել է բանկի ղեկավարը:

Մհեր Աբրահամյանն ու Արթուր Մելիքյանը

Մհեր Աբրահամյանի խոսքով՝ գործարար Գեւորգ Աֆանդյանի եւ նրա հետ կապվող ընկերությունների հետ վեճ ունի 8 բանկ: Նա վստահեցրել է, որ դատական վճիռը բացասաբար կանդրադառնա նաեւ երկրի ներդրումային միջավայրի վրա:

Խնդրի վերաբերյալ ուշադրություն գրավելու համար բանկը դիմել է նաեւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին:

«Մենք չենք ակնկալում դատական գործընթացներին որեւէ միջամտություն, պարզապես ուշադրություն ենք հրավիրում նման համակարգային խնդրի վրա: Խնդրել ենք արագացնել դատական համակարգի բարեփոխումների գործընթացը՝ նմանատիպ անարդարացի որոշումները բացառելու համար»,- ասել է IDBank-ի Վարչության նախագահը:

Անդրադառնալով դատական գործի մանրամասներին՝ բանկի իրավաբանական վարչության ղեկավար Արթուր Մելիքյանը նշել է, որ գործն ընթացքի մեջ է ավելի քան 2 տարի:

Հիմքում 2015 թվականի մարտի 4-ին «Անելիք Բանկ»-ի եւ «Բ.Մ.Լ. Արզնի» ՍՊԸ-ի միջեւ կնքված համաձայնագիրն է, որով բանկը պարտավորվել է գրավատուին կամ նրա նշած 3-րդ անձին 2 տարի ժամկետով տրամադրել գնման բացառիկ նախապատվության իրավունք:


2016 թվականին բանկը գույքը վաճառել է իրական շահառու Գեւորգ Աֆանդյանի հետ համաձայնությամբ հատուկ այդ նպատակով ստեղծված «Տարմակ» ընկերությանը, որում նրա որդին առանց որեւէ ներդրման ստացել է 33,3% մասնաբաժին:

Դատական գործը սկիզբ է առել 2017 թվականին, երբ սնանկ ճանաչված «Բ. Մ.Լ. Արզնի» ՍՊԸ-ի սնանկության կառավարիչ Հակոբ Ասոյանը հայց է ներկայացրել ընդդեմ «Անելիք Բանկի՝ 22 մլն դոլարին համարժեք դրամ հօգուտ «Բ.Մ.Լ Արզնի» ՍՊԸ-ի բռնագանձելու պահանջով:

Ըստ հայցադիմումի՝ բանկը խախտել է արդեն իսկ հիշատակված գրավադրված գույքի օտարման համաձայնագիրը, եւ երկու տարին չլրացած այն վաճառել մեկ այլ ընկերության:

«Դատարանը գործը քննել է ընդամենը 5 ամսում: Այդ ընթացքում եղել է 8 դատական նիստ: Մարտի 2-ի վճռով դատարանը ամբողջությամբ բավարարել էր Ասոյանի պահանջը: Վճիռը բողոքարկել ենք Վերաքննիչ դատարանում՝ ներկայացնելով 25 դատական խախտում»,- ասել է Արթուր Մելիքյանը:

Արթուր Մելիքյանը

2019 թվականի սեպտեմբերի 20-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը կրկին բանկի դեմ էր: Այն եւս բողոքարկվել է, եւ այժմ գործը Վերաքննիչ դատարանում է:

«Գործարքի բոլոր քայլերը՝ ներառյալ համաձայնագրի կնքումը եւ գույքի օտարումը «Տարմակ» ընկերությանը, ամիսներ շարունակ քննարկվել են Գեւորգ Աֆանդյանի հետ: Նա անձամբ մասնակից է եղել այդ բոլոր բանակցություններին եւ վերջնական փուլում տվել է նաեւ իր համաձայնությունը, որից հետո գույքն օտարվել է»,- ասել է Մհեր Աբրահամյանը՝ հավելելով, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ են հրապարակել այս ամենը փաստող նամակագրությունը:

Գայանե Ենոքյան
Դիտում՝ 6883
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW