UNCTAD. Ամուլսարի խնդիրն ազդում է օտարերկրյա ներդրումների վրա

14.11.2019 | 17:14 Գլխավոր էջ / Նորություններ /
#Լիդիան #Ամուլսար #UNCTAD
ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման համաժողովի (UNCTAD /ՄԱԿԱԶՀ) կողմից Հայաստանի համար մշակված «Ներդրումային քաղաքականության ուսումնասիրություն» զեկույցում նշվում է, որ օտարերկրյա ներդրումների ներգրավման վրա ազդում են որոշ նախագծերի շուրջ ծագած վեճերը, որոնց թվում է «Լիդիան ինթերնեյշնլ»-ի Ամուլսարի ոսկու հանքի նախագիծը:

«Ամուլսարի նախագիծը, բիզնեսի գործառույթների սահմանափակման դեպքերն ու քաղաքական անորոշությունները ներդրողների շրջանում հանգեցրել են «սպասել եւ տեսնել» վերաբերմունքի ձեւավորմանը: Այս ամենի արդյունքում 2014 եւ 2018 թվականներին օտարերկրյա ուղղակի ներդրումների հոսքը կիսով չափ կրճատվել է 2009-2013-ի համեմատ»,- նշվում է զեկույցում:

UNCTAD-ի փորձագետներն ընդգծել են, որ Հայաստանի hանքարդյունաբերական գործունեությունը պահանջում է հավելյալ ուշադրություն:

«Հանքարդյունաբերությունը կարող է էական զարգացում ապրել արտահանման, զբաղվածության ապահովման եւ կապի միջոցով։

Այնուամենայնիվ, հարցականի տակ է ոլորտի բնապահպանական կառավարումը: Ամուլսարի ոսկու հանքի շուրջ առկա անորոշությունը, բնապահպան ակտիվիստների եւ գյուղացիների կողմից իրականացվող բողոքի ցույցերն ու շրջափակումները միջազգային ուշադրություն են հրավիրել՝ շրջակա միջավայրում գործունեություն ծավալելու թույլտվության, մոնիթորինգի եւ էկոլոգիական նորմերին հետեւելու՝ երկրում առկա խնդիրների նկատմամբ»,- ասված է զեկույցում:

UNCTAD-ի հետ զրույցում ներդրողները նշել են, որ նոր կառավարության գործունեության օրոք զգալի առաջընթաց է նկատվում բիզնեսի կառավարման ոլորտում: Մյուս կողմից, նրանք դեռ վստահ չեն, որ դրական փոփոխությունները կայուն կլինեն: «Սպասել եւ տեսնել»-ի մոտեցումը շարունակում է ազդել օտարերկրյա ներդրողների վրա:

«Լիդիանի ոսկու հանքի հարցի լուծումը կարեւոր քայլ կլինի այս ուղղությամբ: Բացի այդ, առաջարկում ենք երկու միջոցառում իրականացնել: Մեկը կոռուպցիայի դեմ պայքարի ուժեղացումն է հակակոռուպցիոն միասնական կառույցի ստեղծմամբ, որն օժտված կլինի լիարժեք քննչական լիազորություններով եւ պատժամիջոցների ուժեղ համակարգով: Երկրորդը դատական համակարգի առեւտրային հատվածի ուժեղացումն է, որը լիազորված կլինի լուծելու բիզնեսների միջեւ վեճերն ու անարդարությունները՝ կառավարության հետ գործունեության ընթացքում, որը կուղեկցվի աշխատակազմի ընդլայնմամբ, առեւտրային դասընթացների անցկացմամբ եւ աշխատավարձերի բարձրացմամբ»,- ասված է զեկույցում:
Դիտում՝ 2342
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW