ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կազմակերպվել է Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպում, որը նախագահել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության եւ ֆինանսական քաղաքականության հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Տիմուր Ժակսիլիկովը։ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը նշել է, որ հանդիպման նպատակն է հավաքագրել գործարար համայնքին հուզող հարցերը եւ համատեղ ջանքերով գտնել խնդիրների արդյունավետ լուծումներ։Տիմուր Ժակսիլիկովը տեղեկացրել է, որ ԵԱՏՄ անդամ երկրների գործարարների խնդիրները հիմնականում նման են, սակայն կան նաեւ առանձնահատկություններ, որոնցից մեկը, օրինակ, Հայաստանի պարագայում սահմանն անցնելու հետ կապված խնդիրներն են։ Նա հավելել է, որ յուրաքանչյուր քննարկումից հետո բարձրաձայնած հարցերը հավաքագրվում, դասակարգվում եւ փոխանցվում են պատկան մարմիններին՝ ուսումնասիրելու եւ լուծումներ առաջարկելու համար։ Տնտեսվարող սուբյեկտները հիմնականում ներկայացրել են ԵԱՏՄ անդամ պետությունների միջեւ փոխադարձ առեւտրում առկա խոչընդոտները, որոնք հավաքագրվել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչների կողմից՝ վերջիններիս վերացման մասով համապատասխան գործողություններ իրականացնելու նպատակով։ Գործարար համայնքի ներկայացուցիչների հետ քննարկվել են նաեւ Հայաստանի ձեռնարկատիրական գործունեության սուբյեկտների եւ բիզնես ասոցիացիաների այն հիմնախնդիրները, որոնք վերաբերում են Եվրասիական տնտեսական միության շրջանակում ապրանքների, ծառայությունների, կապիտալի եւ աշխատուժի ազատ տեղաշարժին, ծառայությունների միասնական շուկայի գործունեությանը, հարկմանը եւ այլն: Tweet Դիտում՝ 1903