Նոր Հաճնում բացվել է Կոնվերս Բանկի ֆինանսավորմամբ կառուցված մարզահրապարակը

08.11.2019 | 18:00 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկ #Արթուր Հակոբյան
Նոյեմբերի 8-ին նոր Հաճնում կայացել է Կոնվերս Բանկի ֆինանսավորմամբ կառուցված պրոֆեսիոնալ մարզահրապարակի բացման արարողությունը, որին ներկա էին հյուրեր տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններից, Կոնվերս Բանկի եւ StreetWorkOut հայաստանյան ֆեդերացիայից ներկայացուցիչներ, Նոր Հաճնի բնակիչներ:

Բանկում նշել են, որ Հայաստանում եւ Արցախում պրոֆեսիոնալ մարզահրապարակների շինարարության նախագիծը մեկնարկել էր նախորդ տարի՝ Կոնվերս Բանկի հիմնադրման 25-ամյակի միջոցառումների շրջանակում:

Արդյունքում, մարզահրապարակներ են կառուցվել բանկի գործընկեր 5 համայնքում՝ Երեւանում, Շուշիում, Գյումրիում, Մեծամորում եւ Նոր Հաճնում: Նախագծի ընդհանուր արժեքը մոտ 24 մլն դրամ է:

«Նոր Հաճնում պրոֆեսիոնալ մարզահրապարակի բացմամբ մենք ավարտում ենք առողջ ապրելակերպի խրախուսմանն ուղղված նախագիծը: Դրա իրականացմամբ ՀՀ եւ Արցախի 5 համայնքի բնակիչներ ստացան  առողջ ապրելակերպ վարելու, սպորտով զբաղվելու նոր հնարավորություններ: Մարզահրապարակները կառուցված են միջազգային ամենաբարձր չափորոշիչներին համապատասխան: Նախատեսված լինելով  ինչպես պրոֆեսիոնալ մարզիկների, այնպես էլ սկսնակների համար, դրանք կարճ ժամանակահատվածում դարձել են համայնքների բնակիչների առօրյայի անբաժանելի մասը»,- ասել է Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն, Տնօրինության նախագահ Արթուր Հակոբյանը:

Կոտայքի փոխմարզպետ Առնակ Ավետիսյանը, ողջունելով միջացառման մասնակիցներին, կարեւորել է մասնավոր հատվածի դերը համայնքների զարգացման հարցում:

«Սա առաջին պրոֆեսիոնալ մարզահրապարակն է Կոտայքի մարզում: Նման նախագծերի իրականացումը գործընկեր համայնքների նկատմամբ տնտեսվարողների  պատասխանատու վերաբերմունքի լավագույն դրսեւորումներից, ինչպես նաեւ համայնքներում առողջ ապրելակերպի խրախուսման լավագույն եղանակներից է»,- ասել է նա:

«Պրոֆեսիոնալ մարզահրապարակներն աշխարհում համարվում են առողջ ապրելակերպի խրախուսման լավագույն եղանակներից մեկը: Շնորհակալություն ենք հայտնում Կոնվերս Բանկին Հայաստանում այս նոր մշակույթի ներդրմանն աջակցելու համար: Վստահ ենք, որ Նոր Հաճնում, ինչպես եւ մյուս չորս բնակավայրում, այս մարզահրապարակները կդառնան երիտասարդի սերնդի ժամանցի նախընտրելի վայրերից մեկը»,- նշել է StreetWorkOut հայաստանյան ֆեդերացիայի ղեկավարման խորհրդի նախագահ Ղազար Հակոբյանը:

Մարզահրապարակի բացման արարողությունը ավարտվել է Հայաստանի StreetWorkOut-ի հավաքականի ցուցադրական ելույթով:
Դիտում՝ 16454
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW