ՀՀ Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության եւ զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանն այսօր ասել է, որ ֆինանսական համակարգն առաջին կիսամյակի ընթացքում շարունակում է մնալ իրացվելի: «Այս տարվա երրորդ եռամսյակի վերջի դրությամբ ունեցել ենք տրամադրված վարկերի էական աճ, ինչը խոսում է ֆինանսական միջնորդության խորացման մասին: Դա նշանակում է, որ մեր ֆինանսական կազմակերպություններն իրականացնում են իրենց առջեւ դրված հիմնական խնդիրները՝ խորացնելով ֆինանսական տարբեր պրոդուկտների հասանելիությունը Հայաստանի բնակչության համար»,- ասել է Անդրանիկ Գրիգորյանը՝ ներկայացնելով 2019թ. առաջին կիսամյակի Ֆինանսական կայունության հաշվետվությունը եւ դրամավարկային քաղաքականության ընթացիկ զարգացումները: Անդրանիկ Գրիգորյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս ԿԲ ներկայացուցչի խոսքով՝ ֆինանսական միջնորդության խորացումը սովորաբար բերում է տնտեսությունում որոշակի չաշխատող ակտիվների տեսակարար կշռի ձեւավորման: Հաշվի առնելով վերջին մի քանի տարիներին ֆինանսական, մասնավորապես՝ բանկային համակարգի շարունակական դինամիկ զարգացումը՝ ֆինանսական միջնորդության աճին զուգահեռ նկատվել է չաշխատող ակտիվների կառավարելի մակարդակ: «Առաջին կիսամյակի դրությամբ բանկերի կողմից տրամադրված վարկերում չաշխատող վարկերի տեսակարար կշիռը տատանվել է 5-5,1%-ի շուրջ, որը բավականին ցածր է տարածաշրջանի, ինչպես նաեւ Հայաստանին տնտեսապես նման երկրների ցուցանիշների համեմատությամբ»,- մանրամասնել է նա: ԿԲ-ի դրամավարկային քաղաքականության վարչության պետ Վահագն Գրիգորյանն էլ խոսել է համաշխարհային տնտեսությունում անորոշությունների աճի մասին՝ կապված առեւտրային պատերազմների հետ: Դրանց ներքո մոտ մեկ տարուց ավելի է, ինչ նկատվում են համաշխարհային տնտեսության աճի թուլացման նշաններ: Վահագն Գրիգորյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս «Հայաստանի տնտեսության տնտեսական աճը շարունակվում է, եւ տնտեսական աճի տեմպերը պահպանվում են բարձր: Ըստ մեր սեպտեմբերյան գնահատականների՝ ակնկալում ենք, որ ՀՆԱ-ի աճը կկազմի 6,9%: Հիմնական ճյուղերը, որ ապահովում են այդ աճը, արդյունաբերությունն ու ծառայություններն են»,- նշել է նա՝ հավելել, որ հոկտեմբեր ամսվա ցուցանիշներով աճի տեմպի կանխատեսումը հասնում է 7,1%-ի: Գայանե Ենոքյան Tweet Դիտում՝ 4779