«Լիդիան ինթերնեյշնլը» արձագանքել է ընկերության՝ Դարբ գետից ջրօգտագործման թույլտվության դիմումի հետ կապված շրջակա միջավայրի նախարարության որոշմանը: 2019թ. հուլիսի 4-ին ընկերությունը դիմել էր նախարարությանը՝ Դարբ գետից 43.5 լիտր/վայրկյան ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար: Սեպտեմբերի 9-ին նախարարությունը հետաձգել էր թույլտվությունը եւ տրամադրել մի շարք դիտողություններ, այդ թվում՝ պահանջվող 43.5 լ/վ ծավալը վերանայելու անհրաժեշտության մասին՝ Դարբում սեզոնի երեք ամսվա ընթացքում ջրի անբավարար քանակի պատճառով: Սեպտեմբերի 26-ին ընկերությունը գրավոր պատասխանել էր նախարարությանը՝ վերանայելով թույլտվության դիմումը եւ դիմելով 40 լ/վ ջրօգտագործման թույլտվության համար, ինչպես խորհուրդ էին տվել նախարարության պաշտոնյաները՝ ընկերության հետ քննարկումների ժամանակ: Հոկտեմբերի 31-ին ընկերությունը ստացել է շրջակա միջավայրի նախարարի կողմից հոկտեմբերի 25-ին ստորագրված ջրօգտագործման թույլտվության դիմումի մերժումը:«Լիդիանի» իրավախորհրդատուները մեկնաբանում են, որ Հայաստանի օրենսդրության համաձայն, եթե նախարարությունը որոշում չի տրամադրել 50 աշխատանքային օրվա ընթացքում, ապա դիմումը համարվում է բավարարված, եւ ընկերությունը կարող է օգտվել համապատասխան իրավունքից: Իրավախորհրդատուները նաեւ պարզաբանել են, որ նույնիսկ հաշվի առնելով Նախարարության կողմից ընկերության դիմումի հետաձգումը, նախարարությունը, միեւնույն է, գերազանցել է օրենքով սահմանված 50 օրը, եւ ընկերությունը կարող է համարել, որ ունի Դարբից ջրօգտագործման թույլտվությունը՝ իր դիմումի համապատասխան: Ընկերությունը ծրագրում է դիմել Վարչական դատարան՝ պահանջելով պարտավորեցնել նախարարությանը տրամադրել «Լիդիանին» ջրօգտագործման թույլտվության տպագիր օրինակ, որի իրավունքը ննկերությունն ունի՝ համաձայն ՀՀ օրենսդրության: «Ցավալի է, որ «Լիդիանը» պետք է դարձյալ դիմի դատական մարմիններին՝ ակնկալելով, որ դատարանը կանխի Ամուլսարի ծրագիրն իրականացնելու «Լիդիանի» իրավունքի խախտման ապօրինի փորձերը: Անցյալ ամիս Վարչական դատարանը պարզեց, որ ՀՀ կառավարության նախկին պաշտոնյան ապօրինի կերպով փորձում էր զրկել ընկերությանը Ամուլսարի ծրագիրն իրականացելու իրավունքից: Այժմ, կարծես, արդեն գործող նախարարն է ապօրինի գործողություններով խոչընդոտում ընկերությանը՝ իրականացնել Ամուլսարի ծրագիրը»,- ասել է «Լիդիանի» նախագահի եւ գլխավոր գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդվարդ Սելլերսը: Ընկերությունում նշել են, որ 2019թ. օգոստոսի 19-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակավ ընդունել է, որ չկա ոչ մի իրավական հիմք, որի հիման վրա ՀՀ կառավարությունը կարող էր մերժել «Լիդիանի» Ամուլսարի ծրագիրն իրագործելու իրավունքը եւ որ երկրի շահերից է բխում թույլ տալ, որ ծրագիրն իրագործվի: «Ե՞րբ է վարչապետը իրականացնելու օրենքի գերակայությունն ապահովելու խոստումը»,- ասված է հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 2591