Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնը (ՏԶՆԿ) Banks.am-ին է տրամադրել 2018-2019 թթ. առաջին երեք եռամսյակների ընթացքում եկամտային հարկի հետվերադարձի եւ հիփոթեքային վարկի մատչելիության հետ կապված իր հետազոտությունը: Հիփոթեքային վարկի սպասարկման նպատակով վճարված տոկոսների գումարների չափով վարձու աշխատողներին վերադարձված եկամտային հարկի գումարները 2018-2019 թթ. անընդհատ աճ են արձանագրել: Վերադարձմանը ենթակա գումարները 2019թ. երեք եռամսյակում կազմել են շուրջ 5,5 մլրդ դրամ, որը գերազանցում է ամբողջ 2018թ. ցուցանիշը 16,5%-ով: 2019թ. երրորդ եռամսյակի դրությամբ գործընթացում ներգրավված են եղել 6 321 անձ (ներառյալ համավարկառուները), որոնց կողմից վճարված եկամտային հարկը կազմել է ընդհանուրի ընդամենը 2%-ը: «Այս տվյալների հիման վրա կատարված հաշվարկների համաձայն (6 321 աշխատակից)՝ մեկ գրանցված աշխատակցի հաշվով պետական բյուջե վճարված եկամտային հարկի միջին մեծությունը կազմել է շուրջ 110 500 դրամ, մինչդեռ շուրջ 610 000-ի դեպքում (2019թ. սեպտեմբերի դրությամբ գրանցված աշխատողների ընդհանուր թիվը) միջին ամսական եկամտային հարկի մեծությունը կազմել է շուրջ 61 000 դրամ: Ուսումնասիրությունները փաստում են, որ հիփոթեքային վարկերը հիմնականում հասանելի են ավելի բարձր եկամուտ ունեցողների՝ ամսական շուրջ 430 000 դրամ աշխատավարձ ստացողների համար: 2019թ. 3 եռամսյակների ընթացքում 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ բանկային համակարգի եւ վարկային կազմակերպությունների կողմից անշարժ գույքի ձեռքբերման նպատակով տրամադրված հիփոթեքային վարկերի ծավալներն ավելացել են շուրջ 3 անգամ կամ 40,01 մլրդ դրամով, իսկ 2019թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ ընդհանուր ծավալները կազմել են 296,4 մլրդ դրամ: Այսպիսով՝ թեպետ կառավարության կողմից գործադրած ջանքերին՝ հիփոթեքային վարկավորման պայմանների բարելավման ճանապարհով բնակարաններ ձեռք բերելն ավելի հասանելի դարձնելուն, այնուամենայնիվ հիմնականում եկամտային հարկի հետ վերադարձի տեսանկյունից շահառուները համարվում են բավականին բարձր աշխատավարձեր ստացող անձիք, որոնց ամսական աշխատավարձերը գերազանցել են նույնիսկ 1 մլն դրամը»,- ասված է հետազոտությունում: Tweet Դիտում՝ 2162