Շինշիլաների վերամշակված մորթիները կարտահանվեն միջազգային շուկա

04.11.2019 | 12:49 Գլխավոր էջ / Նորություններ /
#շինշիլա #Վիտալի Մազուրով
Երեւանում կայացել է Հայաստանում շինշիլաբուծության զարգացմանը նվիրված երկօրյա սեմինար-դասընթաց, որը վարել է ՌԴ Շինշիլաների փորձագետների ընկերակցության փորձագետ Վիտալի Մազուրովը։

Դասընթացի կազմակերպիչները նշել են, որ շինշիլաբուծությունը Հայաստանում արդեն իսկ իր ուրույն տեղն է գրավել գյուղատնտեսության ոլորտում: Ոլորտի կայուն զարգացման պարագայում այն կարող է դառնալ Հայաստանի տնտեսության հեռանկարային ճյուղերից մեկը:

Վիտալի Մազուրովն ընդգծել է, որ շինշիլաբուծության վերաբերյալ համացանցում առկա են շատ հակասական տեղեկություններ, եւ նման դասընթացների կազմակերպման հիմնական նպատակն է այդ ոլորտի վերաբերյալ շահագրգիռ անձանց տրամադրել ճշգրիտ տեղեկատվություն:


ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության առաջնային արտադրանքի վարչության գլխավոր մասնագետ Անուշ Վերանյանը տեղեկացրել է, որ շինշիլաբուծության ոլորտում ներգրավված տնտեսվարողները արդյունավետ գործունեություն ծավալելու եւ իրենց տնտեսություններն ընդլայնելու համար կարող են օգտվել գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման եւ Հայաստանում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական օժանդակության ծրագրերից:

Միջոցառման կազմակերպիչները նաեւ նշել են, որ Հայաստանի շինշիլաբույծների ընկերակցությունը եւ «Վարդանյան Ֆըր Քամփընի» ընկերությունը համատեղ ուժերով քայլեր են ձեռնարկում մորթու վերամշակման ոլորտը զարգացնելու ուղղությամբ, եւ այդ իսկ նպատակով Արագածոտնի մարզում հաջողությամբ ներդրվել է շինշիլայի եւ այլ կենդանիների մորթիների վերամշակման տարածաշրջանում եզակի արտադրական հոսքագիծ:  

Կազմակերպության արտադրած մորթիները սերտիֆիկացված են, համապատասխանում են Եվրասիական տնտեսական միության եւ ԵՄ անվտանգության ու որակի չափանիշներին եւ մինչեւ տարեվերջ նախատեսվում է մորթիների առաջին խմբաքանակն արտահանել միջազգային շուկա։

«Հայաստանի շինշիլաբույծների ընկերակցություն» հիմնադրամը ստեղծվել է 2017-ին: Հիմնադրամի նպատակն է նպաստել Հայաստանում այդ ոլորտի համակարգված եւ կայուն զարգացմանը, աջակցություն ցուցաբերել շինշիլաբուծությամբ զբաղվող տնտեսվարողներին: Հիմնադրամը շարունակաբար մատակարարել է շինշիլա տեսակի տոհմային կենդանիներ՝ Հայաստանի տարածքում որակյալ կենդանիների գլխաքանակի պահանջարկն ապահովելու նպատակով:

Սեմինարը կազմակերպվել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարության, «Հայաստանի շինշիլաբույծների ընկերակցություն» հիմնադրամի եւ «Վարդանյան Ֆըր Քամփընի» ընկերության համատեղ նախաձեռնությամբ:
Դիտում՝ 2450
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW