ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում ներկա է գտնվել ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումների մեկնարկին եւ հանդես եկել ծավալուն ելույթով: Banks.am-ն առանձնացրել է վարչապետի ելույթի առավել ուշագրավ հատվածները: «Надейся на лучшее, готовься к худшему»Մենք առաջնորդվում ենք հայտնի սկզբունքով՝ «надейся на лучшее, готовься к худшему»: Այնպես որ, կարծում եմ, այս առումով ճիշտ քաղաքականություն է որդեգրված, մանավանդ, ասում եմ՝ 2019 թվականի առաջին 10 ամսվա տվյալներով մենք ունենք 7.1 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ: Գրեթե ակնհայտ է, որ մենք 7 տոկոսին մոտ տնտեսական աճ ենք ունենալու, բայց եթե ուշադիր լինեք՝ կտեսնեք, որ Ֆինանսների նախարարությունն այս տարի գնահատում է 6.3 տոկոս տնտեսական աճի հնարավոր ցուցանիշ, չնայած Կենտրոնական բանկը 6.9 տոկոս է գնահատում: Այսինքն. 7 պլյուս-մինուս 0.1 տոկոս եւ ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել նաեւ միջազգային կազմակերպությունների գնահատականների վրա. Արժույթի միջազգային հիմնադրամը, Համաշխարհային բանկը, Ասիական զարգացման բանկը, բոլորն առանց բացառության վերագնահատել են Հայաստանում տնտեսական աճի վերաբերյալ իրենց գնահատականները եւ բոլորն էլ բարձրացման միտումով: Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայություն Նախկինում իրենց արված կանխատեսումները փոփոխել են պլյուսով, այսինքն միջնաժամկետում ավելի բարձր տնտեսական աճ են կանխատեսում Հայաստանի համար, քան նախկինում կանխատեսել էին: Ըստ այդմ, ուզում եմ ընդգծել, որ առաջին 10 ամսվա ցուցանիշներով մենք ունենք արդյունաբերական արտադրանքի ծավալի 9.7 տոկոս տնտեսական աճ, շինարարության 4.4, առեւտրի շրջանառության 8.8, ծառայությունների՝ 15.5 տոկոս աճ եւ ունենք միջին ամսական աշխատավարձի 5.7 տոկոս աճ, որից՝ 7.6 տոկոսը պետական հատվածում, 4.6 տոկոսը ոչ պետական հատվածում: Շատ կարեւոր է արտահանման ծավալների ցուցանիշը, որովհետեւ այս տարի արդեն 10 ամսվա տվյալով մենք ունենք 7.9 տոկոս արտահանման աճ, ընդ որում, տարվա սկզբին մենք խնդիրներ ունեինք արտահանման առումով: Մենք մինչեւ 3 տոկոսով կրճատում ունեինք եւ այն ժամանակ վստահ էինք, որ այսպիսի ցուցանիշների հասնելու ենք, հիմա էլ վստահ ենք: Շատ կարեւոր են նաեւ սպառողական գների ինդեքսի, գնաճի ցուցանիշները, որը 1.6 տոկոս է: Ընդհանրապես պետք է ասել, որ տնտեսագետները շատ են նեղսրտում, երբ գնաճը բարձր է լինում եւ նույնքան եւ նույնպես սրտնեղում են, երբ գնաճը ցածր է լինում: Դրա համար, կարծում եմ՝ 1.6 տոկոսն այն ցուցանիշն է, որը մեր հարգելի տնտեսագետներին որոշակի կերպով հարմարավետ զգալու հնարավորություն կտա, համենայնդեպս, հույս ունեմ: Այստեղ մենք որոշակի խնդիրներ ունենք գյուղատնտեսության ցուցանիշների հետ կապված: Այս տարի 10 ամսվա տվյալով ունենք 95,2 տոկոս գյուղատնտեսության համախառն արտադրանք, այսինքն՝ մենք 4,8 տոկոսի չափով նվազում ունենք, բայց գյուղատնտեսության հետ կապված ուզում եմ մեկ նրբության մասին խոսել: Գիտեք, որ կոնյակի սպիրտի ներկրման հետ կապված ունեցել ենք որոշակի խնդիր եւ Հայաստանի Հանրապետություն երկար տարիներ կոնյակի սպիրտ է ներկրվել, որը «տեղավորելու» համար շատ դեպքերում ցույց են տրվել խաղողի մթերման ծավալների ոչ այնքան հավաստի ցուցանիշներ: Այժմ այդ մեխանիզմը փակված է եւ խաղողի մթերման ծավալներն ավելի ճշգրիտ են արտահայտվում: Բայց ես ուզում եմ ասել, որ գյուղատնտեսության հետ կապված լավ լուր նույնպես ունենք: 10 ամսվա նախնական, օպերատիվ տվյալներով՝ ունենք բուսական ծագման գյուղմթերքի արտահանման մոտ 15 տոկոս աճ եւ կենդանական ծագման գյուղմթերքի 3,3 տոկոս աճ: Բյուջեի եկամուտներ եւ ծախսերՀիմա ուզում եմ անդրադառնալ բյուջեի եկամուտների եւ ծախսերի որոշ ցուցանիշների: 2020 թվականին պլանավորված են 1 տրիլիոն 602 մլրդ եկամուտներ եւ ուզում եմ արձանագրել, որ 2018 թվականի բյուջետային եկամուտների համեմատ ունենք 27,4 տոկոս աճ: Սա շատ կարեւոր է: Ինչո՞ւ 2018 թվականի համեմատ, որովհետեւ հեղափոխության համատեքստում ինքս բյուջեի աճի կոնկրետ ցուցանիշներ, խնդիրներ եմ դրել, իհարկե, դրանք տասներորդականներով ամբողջական չեն համընկնում, բայց նաեւ այս տարվա փորձը հաշվի առնելով, հույս ունեմ, որ փաստացի կատարման առումով մենք շատ ավելի լուրջ ցուցանիշներ կարձանագրենք: Ծախսերի առումով ճշգրիտ արդեն համընկնում է այն պատկերացումներին, որոնց մասին ես խոսել եմ հեղափոխությունից առաջ եւ հեղափոխության ընթացքում: Ծախսերի աճը կազմել է 29,9 տոկոս, այսինքն՝ 30 տոկոսանոց աճ ունենք բյուջեում: Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայություն Շատ կարեւոր է արձանագրել, թե 2018 թվականի համեմատությամբ մարդկային կապիտալում ներդրումների ինչպիսի աճ ունենք: Անկեղծ ասած, այս թվերը տպավորիչ ասելով, շատ մեղմ կգնահատենք, որովհետեւ առողջապահության ոլորտում 2018 թվականի համեմատ ունենք բյուջետային հատկացումների 33 տոկոս աճ: Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի բնագավառում ունենք 41 տոկոս աճ, աշխատանքի եւ սոցիալական հարցերի ոլորտում ունենք 21 տոկոս աճ: Ռազմական ծախսեր Վերջերս շատ քննարկումներ են տեղի ունենում պաշտպանական ծախսերի հետ կապված: Ուզում եմ արձանագրել, որ 2018 թվականի համեմատ 2020 թվականին պլանավորել ենք բյուջետային հատկացումների 25,3 տոկոս ավելացում: Ռազմական ծախսերի հետ կապված ուզում եմ արձանագրել, որ մենք ունենք օրենսդրական որոշակի կարգավորում եւ ռազմական ծախսերը մեր կարգավորումներով չպետք է գերազանցեն համախառն ներքին արդյունքի 4 տոկոսը եւ մենք պետք է մնանք այս շրջանակներում: Բայց նաեւ շատ կարեւոր է արձանագրել, որ ռազմական ծախսերի ոլորտում 2020-ին ունենք ծախսեր, որոնք մի փոքր այլ տրամաբանությամբ են արվելու: Նախկինում ես այդ թեմայի վերաբերյալ հայտարարություններ արել եմ եւ հույս ունեմ, որ նաեւ վերջին շրջանի փոփոխությունների արդյունքում մենք կոռուպցիայի դեմ պայքարի ծավալները, շոշափելի արդյունքները կմեծացնենք եւ այդ արդյունքները կուղղվեն նաեւ Հայաստանի պաշտպանության եւ պաշտպանվածության մակարդակի բարձրացմանը: Հարկային օրենսգրքի փոփոխություններ Շատ կարեւոր է արձանագրել, որ մենք նաեւ որոշակի տնտեսական ակտիվություն եւ սոցիալական վիճակի փոփոխություն ենք ակնկալում Հարկային օրենսգրքի փոփոխությունների արդյունքում: Դուք գիտեք, որ 2020 թ. հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում Հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններն իրենց ամբողջ ծավալով: Սոցիալական մասով կարեւոր է արձանագրել, որ մոտավոր հաշվարկով շուրջ 200 հազար քաղաքացու աշխատավարձ բարձրանալու է Հարկային օրենսգրքի փոփոխության արդյունքում: Այսինքն՝ դա նոմինալ չի լինելու աշխատավարձերի բարձրացում, այլ քանի որ մենք Հարկային օրենսգրքում եկամտահարկի համահարթ դրույքաչափ ենք սահմանել, ըստ էության, մոտավորապես 200 հազար քաղաքացիների աշխատավարձը, փաստացի տնօրինվող գումարի ծավալը կավելանա Հարկային օրենսգրքի փոփոխությունների բերումով:Կենսաթոշակի բարձրացում Բացի այդ, մենք կունենանք կենսաթոշակների միջին չափի բարձրացում 10 տոկոսով: 2020թ. հուլիսի 1-ից երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափի ավելացում կունենանք՝ սահմանելով 300 հազար դրամ: Գործող կարգով առաջին եւ երկրորդ երեխաների համար այս պահին սահմանված է 50 հազար եւ 150 հազար դրամ, բայց այդ թվերը կավելանան: Մենք մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափի ավելացում կունենանք՝ 25.500 դրամ, գործող 18.000 դրամի փոխարեն: Ծնելիության աճի խթանմանն ուղղված ծրագրեր կիրականացվեն, արդեն ավելացել է ուսուցիչների աշխատավարձը, դա բնականաբար, կշարունակվի նաեւ 2020թ.-ին, այսինքն՝ 10 տոկոս ավելացումը կշարունակի ուժի մեջ մնալ: Ունենք ուժային կառույցների աշխատողների միջին աշխատավարձի 10 տոկոս բարձրացում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության աշխատողների աշխատավարձի բարձրացում՝ 30 տոկոսով, անտառապահների եւ անտառապետերի աշխատավարձերի բարձրացում՝ 20.000 դրամով: Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայություն Պահպանողական մոտեցումԿրկին ուզում եմ ընդգծել, որ բյուջեի նախագծում տնտեսական աճի ցուցանիշների հետ կապված դուք կտեսնեք որոշակի պահպանողական մոտեցում, որոնք մեր քաղաքական եւ տնտեսական ամբիցիաների ֆոնին հնարավոր է իրականում մի փոքր ավելի ցածր են: Այս տարի ընդունված միջնաժամկետ ծախսերի ծրագրում արձանագրել ենք, որ մեր քաղաքական խնդիրն է՝ անցում կատարել բարձր տնտեսական աճի մոդելին, եւ այդ մոդելը, ըստ էության, արձանագրված է 2020-2022թթ. ժամանակահատվածում: Մենք հույս ունենք այդ հատվածում հասնել, համապատասխանաբար, 7, 8 եւ 9 տոկոս տնտեսական աճերի: Անկեղծ ասած, սա ես համարում եմ իրատեսական, նաեւ հաշվի առնելով այն տրամադրությունները, որ մենք ունենք այսօր մեր տնտեսության մեջ: Տնտեսական հեղափոխությունը թափ է հավաքումԱյսօր Հայաստանի Հանրապետությունում տնտեսական հեղափոխությունը թափ է հավաքում, այն իրողություն է, եւ այդ հեղափոխությունը կարելի է հիմա տեսնել արդեն նաեւ անզեն աչքով: ՀՀ-ում հսկայական ներդրումներ են կատարվում: Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայություն Իհարկե, մեր ամենամեծ խնդիրը կապիտալ ծախսերի իրականացումն է այն ծավալներով, որ մենք նախատեսել ենք: Բարձրացնել ստանդարտներըԸնդհանրապես, մենք բոլոր ոլորտներում մեր երկրի ստանդարտները պետք է բարձրացնենք, մենք ինքներս մեր աշխատանքի ստանդարտները պետք է բարձրացնենք: Մենք պետք է բարձրացնենք կառավարության աշխատանքի որակի ստանդարտները, ԱԺ-ի աշխատանքի որակի ստանդարտները, տեղական ինքնակառավարման, ոստիկանության, իրավապահ համակարգի, քննչական մարմինների եւ այդպես շարունակ: Եվ այս ճանապարհին մենք հետեւողականորեն գնալու ենք առաջ: Տնտեսության վրա վստահ եմ առավել, քան երբեւէՀիմա ես Հայաստանի տնտեսության զարգացման եւ ապագայի վերաբերյալ, որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, լավատես եմ եւ վստահ եմ առավել, քան երբեւէ: Հայաստանի Հանրապետության տնտեսությունը շատ լավ թափ է հավաքել, եւ բոլորիս խնդիրն է ամեն ինչ անել, որպեսզի ոչ միայն այդ թափը չկոտրվի, այլեւ հընթացս արագանա եւ մենք հասնենք այնպիսի ցուցանիշների, որ Հայաստանում սոցիալտնտեսական բարեփոխումները, սոցիալտնտեսական փոփոխություններն ընթանան ավելի արագ, ավելի արդյունավետ եւ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների համար լինեն ավելի տեսանելի: Tweet Դիտում՝ 2062