ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Միխայել Բանցհաֆին։«Հանքարդյունաբերության, էլեկտրաէներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ մի շարք այլ ոլորտներում գերմանական ընկերությունների գործունեությունն այստեղ վկայում են այն մասին, որ վերջիններս հետաքրքրված են Հայաստանով։ Գիտեմ, որ Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է ներդրումների ներգրավվումը երկիր, այդ տեսանկյունից էլ կարեւոր եմ համարում երկրների միջեւ փոխադարձ կապերի զարգացումը»,- ասել է դեսպանը: «Մենք, իսկապես, երկրի տնտեսական զարգացումը կապում ենք երկրում ներդրումային գրավչության մեծացման հետ, ուստի պետք է գտնենք այն հնարավորությունները, որոնք երկու երկրների հետաքրքրությունների դաշտում են»,- ասել է նախարարը:Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է ներդրողների աջակցության կենտրոնի հիմնական նպատակները եւ տնտեսական այն առաջնահերթությունները, որոնց ուղղությամբ առաջիկայում հնարավոր կլինի ավելի զարգացնել երկրների միջեւ համագործակցությունը: Նախարարն ընդգծել է, որ վերջին տարիներին դեպի Հայաստան ուղեւորահոսքերի ամենաարագ աճ արձանագրած ուղղություններից մեկը Գերմանիան է եղել։Դեսպանի խոսքով՝ գերմանական կազմակերպությունները գյուղատնտեսության, գինեգործության եւ մի շարք այլ ոլորտներում խորհրդատվական ծառայություններ են մատուցում, իսկ տեքստիլի եւ զբոսաշրջության ուղղությամբ առկա է մեծ հետաքրքրություն։ Նա նշել է, որ իռլանդական Ryanair ավիաընկերության գործարկումը եւս մեծ հնարավորություն կստեղծի եւ կմեծացնի Գերմանիայի հետ ուղեւորահոսքերը։ Ըստ Միխայել Բանցհաֆի՝ Հայաստանը միջնաժամկետում կարող է կապող օղակ լինել ԵԱՏՄ եւ հարակից այլ երկրների հետ։ Նա անդրադարձել է նաեւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության՝ GIZ-ի տարբեր ուղղություններով իրականացվող ծրագրերի հնարավորություններին։ Tweet Դիտում՝ 1434