Արմսվիսբանկը responsAbility Investments AG ակտիվների կառավարման առաջատար կազմակերպության մասնավոր հիմնադրամներից ներգրավել է 3 մլն դոլար եւ 5 մլն եվրո գումարի չափով, 5 տարի մարման ժամկետով վարկային միջոցներ: Արմսվիսբանկում նշել են, որ ներգրավված միջոցներն ուղղվելու են բանկի վարկային ներդրումների ավելացմանը:«Այս գործարքն առաջինն է Արմսվիսբանկի եւ responsAbility Investments AG կազմակերպության միջեւ եւ մենք լիահույս ենք, որ համագործակցությունը կունենա շարունակական բնույթ եւ կնպաստի մեր հաճախորդների համար առավել բարենպաստ վարկային պայմանների ապահովմանը: Միաժամանակ, մենք կարեւորում ենք միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ համագործակցության ընդլայնումը նոր գործընկերների ներգրավման միջոցով, ինչպիսին, տվյալ դեպքում, responsAbility Investments AG կազմակերպությունն է»,- նշել է Արմսվիսբանկի գործադիր տնօրեն Գեւորգ Մաչանյանը:responsAbility-ն զարգացող երկրներում ներդրումային ակտիվների կառավարման ոլորտի առաջատարներից է՝ 3 մլրդ դոլար պորտֆելով: Ընկերությունը զանազան ներդրումային գործիքների միջոցով մասնավոր պարտքային եւ բաժնային ֆինանսավորում է տրամադրում 90 երկրներում գործող՝ ներառական բիզնես-մոդելներ ունեցող շուրջ 450 կազմակերպությունների: Ընկերությունը հիմնադրվել է 2003թ., գլխամասը գտնվում է Ցյուրիխում, տարածաշրջանային գրասենյակները՝ Բանգկոկում, Ժնեւում, Հոնկոնգում, Լիմայում, Լյուքսեմբուրգում, Մումբայում, Նայրոբիում, Օսլոյում ու Փարիզում: «Արմսվիսբանկը հիմնադրվել է 2004թ.: Լինելով դինամիկ զարգացող ֆինանսական կառույց` բանկն իր գործունեությունը ծավալում է կորպորատիվ եւ ներդրումային բանկային ծառայությունների ոլորտում՝ առաջարկելով միջազգային բանկային համակարգում ընդունված ինչպես ավանդական, այնպես էլ նորագույն ֆինանսական լուծումներ: Բանկը համագործակցում է մի շարք միջազգային կազմակերպությունների հետ, ինչպիսիք են EBRD, ADB, KFW, EIB, IIB, FCI եւ այլ կազմակերպությունները»,- ամփոփել են բանկում: Tweet Դիտում՝ 5644